▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 24-ին լույս աշխարհ է եկել Հայկուշ Սաֆարյանի 10-րդ երեխան` արու զավակ

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի անձակազմը ուրախության միանգամից երկու առիթ ունի: Ապրիլի 24-ի  լուսադեմին  լույս աշխարհ է եկել  Հայկուշ Սաֆարյանի 10-րդ երեխան` արու զավակ:  Միաժամանակ «Արագիլ» վերարտադրողական բժշկության հիմնադրամի աջակցությամբ  Կարինե Արզումանյանը 10 տարվա անպտղությունից հետո  ունեցել է եռյակ` տղա և երկու աղջիկ: Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ: Այժմ փոքրիկները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` մասնագետների անմիջական հսկողության ներքո:  

«Հղիության 32-րդ շաբաթում վաղաժամ ծննդաբերությամբ ծնված երեխաները  անհաս են, ծնվել են ցածր քաշով, որը համապատասխանում էր հղիության ժամկետին: Երեխաները ներկա պահին ստանում են անհրաժեշտ  բուժում, ինտենսիվ խնամքի կարիք ունենք: Մենք հույս ունենք, որ բուժման ելքը լավ է լինելու»,- ասաց  նորածնային բաժանմունքի վարիչ Պավել Մազմանյանը:

«Տասերորդ երեխան ընտանիքում և երկար տարիների անպտղությունից հետո ծնված  փոքրիկները ուրախություն են, որը խթան է, որպեսզի հայ ժողովուրդը վստահ քայլի առաջ»,- ասաց գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց  Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, զրուցեց մայրերի հետ, հետաքրքրվեց նրանց և երեխաների առողջական վիճակով:

«Չնայած այսօր հայ ազգի համար տխրության օր է, բայց այս երեխաների ծնունդը, կարծես,  խորհրդանշում է ազգի վերածնունդը և շարունակությունը»,- նշեց Արմեն Մուրադյանը` 10-րդ երեխային ծնունդն ընտանիքում որակելով մայրական սխրանք:

Սաֆարյան Հայկուշը 40 տարեկան է, ունի  վեց աղջիկ և չորս տղա:  Չեր սպասում, որ երեխան հենց ապրիլի 24-ին կծնվի, սակայն վստահ է, որ օրը պատահական չէ:

«Մեծ ուրախություն է ինձ համար, որովհետև  հենց այս օրը ևս մեկ տղա երեխա ծնվեց»,- իր հուզմունքը չթաքցնելով ասաց մայրը, որի  ավագ որդին ծառայում է Հայոց բանակում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին