▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու ուխտի օրը

Մայիս 3-ին Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու ուխտի օրն էր, որը նշվեց մեծ շուքով: 1679 թվականին Գառնու ավերիչ երկրաշարժը հիմնովին ավերեց բազմաթիվ շինություններ, ինչպես նաև եկեղեցիներ և վանքեր, այդ թվում և Ջրվեժի եկեղեցին: Երկրաշարժից հետո Ջրվեժը 212 տարի եկեղեցի չի ունեցել, և միայն 1891 թվականին գյուղի բնակչությունը խոնարhված եկեղեցու տեղում կառուցեց նորը:

Խորհրդային իշխանության տարիներին քանդվեց զանգակատունը, և եկեղեցին վերածվեց պահեստի: 1991թ. մայիսի սկզբին վերաբացվեց Սբ Կաթողիկե եկեղեցին, Արարատյան հայրապետական առաջնորդական փոխանորդ Գարեգին արք. Ներսիսյանի (այժմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի) օրհնությամբ:

2006թ. վերակառուցվեց զանգակատան ռոտոնդան, տեղադրվեց զանգը: Եկեղեցու ուխտի օրը՝ մայիսի առաջին կիրակին, Սուրբ Պատարագի ընթացքում թեմակալ առաջնորդի ձեռամբ օծվեց խաչը և տեղադրվեց զանգակատան գագաթին, որից հետո անմիջապես բազմաթիվ հավատացյալներ ականատես եղան այդ խաչի շուրջ ծիածանափայլ պսակի երևմանը, որը տևեց շուրջ 20 րոպե: Եվ դրանից հետո ամեն տարի մայիսի առաջին կիրակի օրը տոնվում է որպես եկեղեցու ուխտի օր: Տոնախմբությունը սկսվեց գյուխի սկզբնամասից հանդիսավոր թափորով: Թմբուկների նվագակցությամբ շարականներ երգելով՝ Տեր Հայրը, բազմաթիվ հյուրեր և համայնքի անդամներ շարժվեցին դեպի եկեղեցի, որտեղ անդադար հնչում էին եկեղեցու զանգերը:

Պատարագին մասնակցում էր մարդկանց հոծ բազմություն, և այն ուղեկցվում էր «Սաղմոս» երգչախմբի գեղեցիկ երգեցողությամբ: Պատարագից հետո սկսվեց տոնական միջոցառումը, որի ընթացքում ներկաները պարեցին և երգեցին «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի, Ջրվեժի եկեղեցու «Խրիմյան Հայրիկ» կենտրոնի կիրակնօրյա դպրոցի պարի խմբի սաների հետ: Եկեղեցու բակում կազմակերպվել էր համայնքի անդամների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքների ցուցահանդես –վաճառք, որի հասույթը կտրամադրվի եկեղեցու կարիքների համար:

Անմասն չմնացին նաև համայնքի փոքրիկները. նրանց հյուր եկան «Օլլե-օլլե» մոլորակից հեքիաթի հերոսները և ծաղրածուն: Եկեղեցու բակը լցվել էր մանկական խինդ ու ծիծաղով: Տոնի ընթացքում ավելի քան 1000 մարդ ճաշակեց եկեղեցում պատրաստված մատաղը: Տոնին մասնակցեցին ինչպես համայքի անդամները, այնպես էլ հոգևորականներ, ովքեր իրենց հոգևոր ծառայությունը սկսել էին Ջրվեժի Սբ.Կաթողիկե եկեղեցում, այլ հյուրեր, որոնք միշտ եկեղեցու կողքին են:

 

Լուսանկարները` Գերման Ավագյանի 

72157651946690368

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին