▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեքսի մասին

 

 Ի՞նչ տարբերություն, օրինակ նախագահ եւ "նախագահ" բառերի մեջ, կամ, ասենք` "օկուպացված տարածքներ" եւ օկուպացված տարածքներ բառերի մեջ: Եթե դուք ոչ թե կարդում եք այս բառերը, այլ լսում, եւ եթե ձեզ չեն ասում, որ այստեղ չակերտներ կան, ապա` ոչ մի: Իսկ, երբ տեսնում եք, կամ իմանում եք` չակերտների մասին եւ, եթե գիտեք դրանց գործածման կանոնները եւ հիմքերը, ապա, կարծում եմ, տարբերություն կզգաք: Ամեն դեպքում, ՀՀԿ-ից ցանկացածի, այդ թվում Տատիի համար Սերժ Սարգսյանը` նախագահ է. նա այդպիսինն է, նաեւ շախմատի հայաստանյան ֆեդերացիայի աշխատակիցների համար` անկախ վերջիններիս կուսակցական պատկանելիությունից եւ ապակուսակցական լինելուց: Իսկ, օրինակ ՀԱԿ-ից ցանկացածի համար Սերժ Սարգսյանը` "նախագահ" է, եւ սա դեռ մեղմ ասած: Կամ, մեզ համար Ղարաբաղը, եթե թարգմանում ենք ադրբեջանցիներին "օկուպացված տարածք" է, իսկ նրանց համար օկուպացված տարածք է:

Հետեւաբար, երբ ասում են սեքս եւ "սեքս" դրանք տարբեր բաներ են, եթե կարելի է` գաղափարապես, ըստ էության: Ի դեպ` սեքսի մասին: Կայքերից մեկը, որպեսզի ինձ` այս մեղադրանքներով առատ հասարակության եւ մթնոլորտի մեջ չմեղադրեն վախկոտության մեջ, ասեմ` 1.am-ը, հրապարակել էր մի տեղանյութ, որը վերնագրել էր` ""Սեքս"` Բաղրամյան պողոտայում": Արդեն գիտենք, հոսով եմ, որ այս վերնագիրը տարբերվում է` "Սեքս` Բաղրամյան պողոտայում" վերնագրից, անգամ, գիտենք, թե ինչպես եւ ինչու: Տեսագրության մեջ Բաղրամյան պողոտայում հավաքված, ավելի ճիշտ` պառկած/ինչի իրավունքը ունեն/ ցուցարարներից օպերատորը կենտրոնանում է մի զույգի, ավելի ճիշտ` եռյակի վրա: Դիտողի համար. ձախից` գլխավոր հերոս` տղան, մեջտեղում` գլխավոր հերոս` աղջիկը, աջից` այս պատմության հետ ոչ մի, գրեթե ոչ մի կապ չունեցող տղան: Աստիճանաբար գլխավոր հերոս տղան/ձախինը/ գրկում, համբուրում է գլխավոր հերոս աղջկան, ով, հիշեցնենք, մեջտեղինն է, ապա ծածկոցով/որով երեքն էլ ծածկված են` գետնին պառկած/ փակում է իրենց գլուխները, եւ, թե ինչ է տեղի ունենում ծածկոցի ներսում մեզ մնում է միայն երեւակայել` հիմք ընդունելով/եթե երեւակայության համար հիմքեր են պետք/, միայն ծածկոցի շարժման կերպը:

Հիմա, արդյոք սա սե՞քս է, գոնե իմ կարծիքով` ոչ, քանի որ սա` "սեքս" է, ինչպես եւ ներկայացվում է մեզ, ի դեպ: Արդյոք իրավունք ունե՞ն մարդիկ զբաղվել սեքսով, առավել եւս` "սեքսով", իհարկե ունեն, եւ լավ է, որ ունեն, կարելի է ասել, անգամ պարտավորություն ունեն: Իսկ կոնկրետ` Բաղրամյանում ունե՞ն...Դժվար է ասել, Բաղրամյանի վրայի շենքերում` անխտիր բոլորում, անշուշտ ունեն, փողոցի հենց վրա` երեւակայության, համարձակության, սանձարձակության, դաստիարակության հարց է: Բայց սա` սեքսի պարգայում:

"Սեքս" կարելի է ամենուր անել, եւ որպես այդպիսինը շատ բան կարելի է ընկալել, օրինակ երբ գյուղում մարդ եւ կին, հովին, իրենց տան ծիրանենիների շվաքում նստած վարունգ-պոմիդոր են ուտում, վերջում էլ կինը գլուխը դնում է մարդու ուսին/ձախ/ բա "սեքս" չի, բա ի՞նչ է...

Այնպես, որ հանգիստ եղեք, մեկ է` համբույրից ավել ամեն ինչ, արդեն սեքս է, չէ, վայ` "սեքս":

Հա, մեկ էլ` այս նկարը Բաղրամյանի հետ ունի ճիշտ այնքան կապ, որքան սեքսը` "սեքս"-ի հետ:

Հովիկ Աֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին