▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանն աշխարհի հնագույն քարտեզներում

 

qartez1_2magaghat.am-ը գրում է. Երևանը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Մարդն այստեղ ապրել է հազարամյակներ շարունակ: Հնագիտական պեղումներից հայտնաբերված հնագույն բնակավայրը Շենգավիթն է, որը թվագրվում է մ.թ.ա. IV-II հազարամյակներով: Նրան հաջորդում են Ծիծեռնակաբերդը, Կայարանամերձ հրապարակը, Ավան, Զեյթուն թաղամասերը (մ.թ.ա. II հազ. I կես. ), Կարմիր Բերդը ( II հազ. վերջ), Էրեբունին (մ.թ.ա. VIII դար ), Թեյշեբաինին (մ.թ.ա. VII դար), Ավան-Առինջը (մ.թ.ա. II-I դդ.) և այլն: Մ.թ. I-II դարերում Երևանի զարգացումն ընթացել է դեպի Կայարանամերձ հրապարակ (Մուխաննաթ թափա) և Կոնդ: IV-V դարերում քաղաքի կենտրոնն են դառնում Կոնդը և Հին Երևանը (Շահար):

Այդ են վկայում Երևանի տարածքում կատարված հնագիտական պեղումների ժամանակ, ինչպես նաև պատահաբար հայտնաբերված նյութերը:
Էրեբունի-Երևանի մասին առաջին գրավոր հիշատակությունը մ.թ.ա. 782 թ. Արգիշտի Ա-ի (մ.թ.ա.786-764) արձանագրությունն է Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին: Արարատ-Ուրարտու պետության անկումից հետո, Երվանդունիների ծամանակ պարսից Դարեհ Ա թագավորը (մ.թ.ա. 522-485) նվաճում է հարևան շատ երկրներ, այդ թվում Հայաստանը: Հեշտ կառավարելու համար իր տերության տարածքը բաժանում է 20 մարզերի` սատրապությունների: Ըստ Հերոդոտոսի Հայաստանը մտնում է 13-րդ և 18-րդ սատրապությունների մեջ: Ենթադրվում է, որ 13-րդ սատրապության կենտրոնը Վանն էր, իսկ 18-րդինը` Էրեբունի-Երևանը (ՀԺՊ, 1975, էջ 90): Ինչպես տեսնում ենք Էրեբունին պահպանում է իր կարևոր դերը Արարատյան դաշտում: Կարևոր բնակավայր լինելու դերը Էրեբունի-Երևանը պահպանում է նաև հետագա դարերում: Այդ են վկայում Ավան-Առինջում և քաղաքի այլ մասերում կատարված հնագիտական պեղումները և պատահական հայտնաբերումները, որոնց ժամանակ հայտնաբերվում են նոր բնակավայրերի հետքեր, մշակութային արժեքներ, դամբարաններ և այլն:
Երևանի մասին հաջորդ գրավոր հիշատակությանը հանդիպում ենք հույն աշխարհագիր Կլավդիոս Պտղոմեոսի (II դար) ութ հատորանոց «Աշխարհագրություն» աշխատության մեջ (ենթադրվում է, որ հատորնեին կից եղել են քարտեզներ, որոնք չեն հասել մեր օրերը): Հայաստանին վերաբերող տեքստը հինգերորդ բաժնում է և բաժանվում է երկու մասի: Մեծ Հայքի մասին գրված է «Ասիայի երրորդ քարտեզում» (85 տեղանուն), իսկ Փոքր Հայքի մասին` «Ասիայի առաջին քարտեզում» (79 տեղանուն): Մեծ Հայքի հայտնի բնակավայրերի շարքում նշվում է նաև Terva կամ Terua բնակավայրը 78. 41 կոորդինատներով, որը շատ ուսումնասիրողներ նույնացնում են Երևանի (446. 40 կոորդինատներ)  հետ:
Պտղոմեոսի աշխատության մեջ յուրաքանչյուր երկրի նկարագրություն իրենից ներկայացնում է անունների ցանկ (մոտ 8000 անուն), որոնց մեծ մասը ունի կոորդինատներ (ավելի ուշ ուսումնասիրողները պարզել են, որ բնակավայրերի կոորդինատները մոտավոր են): Անունների ցանկի ու թվարկումների հիման վրա մասնագետները կազմել են առանձին երկրների կամ աշխարհի քարտեզներ, որի դեպքում, էլ ավելի է արժևորվում Պտղոմեոսի աշխատանքը, քանի որ անունները սկսում են գործել իրենց միջավայրում: Պտղոմեոսի աշխատանքը, չնայած թերություններին (սխալ են կոորդինատները, սխալ են որոշ բնակավայրերի, լճերի, ծովերի, գետերի անունները, օրինակ. Գողթնը գրված է Կոլտենե, Բաղաբերդը` Բալիսբիգա, Թավրիզը` Գաբրես …), շատ կարևոր աշխատանք է: Այդ է պատճառը, որ դեռևս միջնադարում ցանկի անունները տեղադրել ու գծագրել են մագաղաթի, այնուհետև` թղթի վրա, կազմելով քարտեզներ: Քարտեզները բազմաթիվ անգամներ հրատարակվել ու վերահրատարակվել են: Կազմված բոլոր քարտեզներում Մեծ Հայքի շատ բնակավայրերի շարքում միշտ նշվում է Terva կամ Terua բնակավայրը:
Անդրադառնանք մի շարք քարտեզների: Իտալացի Բոնոնիի կողմից մագաղաթի վրա պատկերվել է Պտղոմեոսի «Աշխարհագրության» ատլասը, որը տպագրվել է 1482 թ. Հռոմում: Ատլասի պայմանական անուն կրող «Քարտեզ 17-ում» ներկայացված են Մեծ Հայքի և Փոքր Հայքի Պտղոմեոսի աշխատության մեջ նշված բնակավայրերը, ընդ որում Մեծ և Փոքր Հայքերը նշված են միասին, մեկ էջի վրա (քարտեզ 1, քարտեզներն ըստ Ռ. Գալչեանի, «Հայաստանը համաշխարային քարտեզագրության մեջ» աշխատության, Երևան, 2005), ինչը չենք տեսնում այլ քարտեզներում: Քարտեզում նշված են հայոց Տուշպա (Վան), Տիգրանակերտ, Արտաշատ, Արմավիր, Արտամետ, Նաքսուանա (Նախիջևան), Մելիտենա (Մալաթիա) և այլ բնակավայրեր, որոնց թվում նաև Terva բնակավայրը:

Քարտեզ 1

1578 թ. տպագրվել է Ջ. Մերկատորի կողմից պատրաստված «Մեծ Հայքի, Իբերիայի, Կողքիսի և Ալբանիայի» քարտեզը: Ինչպես նախորդ դեպքում, այստեղ էլ Հայաստանի շատ բնակավայրերի շարքում նշված է Terua բնակավայրը (քարտեզ 2)

Քարտեզ 2

Հաջորդ քարտեզը 1597-98 թթ. Վենետիկում Ջ. Մաջջինիի հրատարակած «Ասիայի III Աղիւսակ» քարտեզն է (քարտեզ 3): Կարևորագույն քաղաքների շարքում, դարձյալ նշված է Terua բնակավայրը:

Քարտեզ 3

1605 թ. հրատարակված ու 1698 թ. վերահրատարակված Յ. Հոնդրիուսի կողմից կազմած «Մեծ Հայքի, Իբերիայի, Կողքիսի և Ալբանիայի քարտեզում», որն իրականում Ջ. Մերկատորի քարտեզի վերահրատարակությունն էր փոքր փոփոխություններով, Մեծ Հայքի բնակավայրերի շարքում նշված է Terua-ն (քարտեզ 4 ):

Քարտեզ 4

1653 թ. Ֆիլիպ Դը Լա Ռուի պատրաստած «Հայաստանի քարտեզում» ներկայացված են Հայաստանի չորս նահանգները` Մեծ Հայքը, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքերը: Մեծ Հայքի կազմում նշված է Terua բնակավայրը (քարտեզ 5):

Քարտեզ 5

1658 թ. դարձյալ Պտղոմեոսի «Աշխարհագրության» հիման վրա ֆրանսիացի քարտեզագիր Ն. Սանսոնը պատրաստել ու տպագրել է Ատլաս, որի մեջ ներկայացրել է նաև «Հայաստանի, Իբերիայի, Կողքիսի ու Ալբանիայի» քարտեզը: Հայաստանի բնակավայրերի շարքում նշված է Terua-ն (քարտեզ 6) : Այս քարտեզում ևս շատ սխալներ կան, հատկապես անունների մեջ:

Քարտեզ 6

Ինչպես տեսնում ենք, Պտղոմեոսի «Աշխարհագրություն» աշխատության հիման վրա պատրաստված բոլոր քարտեզներում, նաև մեկ այլ, ոչ պտղոմեոսյան ցանկի հիման վրա պատրաստված Ֆիլիպ Դը Լա Ռուի քարտեզում, Արարատյան դաշտում միշտ նշվում է Terva կամ Terua բնակավայրը, իսկ նրա հարևանությամբ նշվում են Արտաշատը, Արմավիրը, Նաքսուանան (Նախիջևանը) և այլն:
Ուսումնասիրողները Պտղոմեոսի հիշատակած Terva-ն կամ Terua-ն նույնացնում են Երևանի հետ: Առաջիններից մեկը, որի կարծիքով Terva-ն Երևանն է, ֆրանսիացի հայտնի ճանապարհորդ Ժան Շարդենն էր (Ժ. Շարդեն, The Travels into Persia, L., 1686, հ.1, էջ 244, Ռ. Գալչեան, 2005, էջ 19): Ենթադրվում է, որ Պտղոմեոսի հունարեն ձեռագիր օրինակներում շփոթմունք է եղել (անփույթ գրվելու կամ չիմացության պատճառով) և հունարեն Ι տառը արտագրելու ժամանակ նրա հորիզոնական վերին գիծը երկարացվել է ու արդյունքում ստացվել է T տառը: Այս մասին անգլիացի ՈՒ. Աուզլեյը գրում է. «Այս դեպքում զորավոր նմանություն է ստացվում Irva-ի և Terva-ի միջև, ինչպես մի շարք հին ու նոր անունների միջև, որոնց քննությունը երբեք վեճի առարկա չէ եղած՚ (Հ. Հակոբյան, Աղբյուրներ Հայաստանի և Անդրկովկասի պատմության, Ուղեգրություններ, հ. Զ, Երևան, 1934, էջ 454): Այն բանում, որ Ιrvan-ը դարձել է Tervan, համոզված են շատ մասնագետներ: Հետագա հեղինակները և քարտեզագիրները հետևելով մեկը մյուսին Մեծ Հայքի կենտրոնում, Արարատյան դաշտում նշում էին Terva կամ Terua բնակավայրը: Աուզլեյը նշում է նաև, որ աշխարհագրական դիրքով զուգադիպությունը գրեթե կատարյալ է . Պտղոմեոսը Terva-ն նկարագրում է 78 – 0 երկարության, 41-50 լայնության վրա: Ժան Շարդենը Երևանի համար նշում է 78-20 երկարություն, 41-50 լայնություն:
Անդրադառնանք նաև հայ մատենագրության մեջ Երևան անվան հնագույն հիշատակումներին և տեսնենք Պտղոմեոսին համեմատաբար մոտ ժամանակներով թվագրվող հայ մատենագիրների աշխատություններում ինչ տեղեկություններ կան Երևանի մասին:
Երևան անունը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հանդիպում է V դարի հնագույն մի հիշատակարանում` «Հնոց ու նորոց պատմութիւն Դավթի և Մովսէսի Խորենացւոյ»: Հիշատակարանում գրված է, որ Մովսես Խորենացին և Դավիթ Անհաղթը, տեսնելով իրենց երկրի ավերումը Հազկերտի կողմից, մեծ վիշտ են ապրում և փորձում մեկուսանալ տարբեր տեղերում, Խորենացին` Էջմիածնին մոտ մի գյուղում, Դ. Անհաղթը` Հայոց աշխարհից դուրս, «Իսկ Դավիթը, Մամբրեն, Պողոսը և Աբրահամը` Մովսեսի ընկերները, մնացին Երևանում: Եվ այդ ժամանակ հայոց կաթողիկոսը Մովսեսի աշակերտ տեր Գյուտն էր» («Հնոց և նորոց պատմութիւն վասն Դավթի և Մովսէսի Խորենացւոց, թուղթ Դիոնէսիոսի», Կ. Պոլիս, 1874):
Երևանի մասին հաջորդ հիշատակությունը «Գիրք թղթոց, մատենագիտությիւն նախնեաց»ձեռագիր մատյանում է: Ձեռագրում գրված է, որ Դվինում Աբրահամ կաթողիկոսի կողմից 607 թ. հրավիրված հակաքաղկեդոնական եկեղեցական ժողովին մասնակցել են նշանավոր կրոնապետներ, որոնց թվում Դավիթ Երեցը և Ջոջիկ անունով վանականը Երևանից («Գիրք Թղթոց» մատենագրութիւն նախնեաց, 1901): Այս կարևոր եկեղեցական ժողովին երևանցի եկեղեցականների մասնակցությունը վկայում է, որ V- VII դարերում Երևանը ճանաչված ու կարևոր բնակավայր էր: Նշենք, որ այդ ժամանակաշրջանի Երևանի մասին յուրատեսակ վկայություններ ու «հիշատակություններ» են նաև քաղաքի հնագույն եկեղեցիները` Պողոս Պետրոսը (V- VI դդ.) և Ավանի սբ. Հովհաննես եկեղեցին (VI- VII դդ.): Արաբական արշավանքների նախօրեին Երևանը հավանաբար եղել է բավական ստվար բնակչություն և ամուր բերդ ունեցող բնակավայր: Այդ են վկայում VII դարի պատմիչ Սեբեոսի տեղեկությունները (Ղ. Ալիշանի վկայությամբ) կապված արաբական արշավանքների հետ: Պատմիչի տեղեկություններով 642-643թթ. արաբները արյունահեղ մարտեր են մղել Երևանի մոտ, բերդում ապաստանած քաղաքի պաշտպանները ուժեղ դիմադրություն են ցույց տվել թշնամուն և արաբները չեն կարողացել գրավել բերդը.«մարտեա ընդ բերդին և ոչ կարացին առնուլ» (Սեբէոս, Պատմութիւնք, 1672 թ., Ձեռագիր մատյան, 2639): 660-663 թթ. արաբները երկրորդ անգամ են պաշարել Երևանը (բերդը) ու այս անգամ արդեն հավանաբար գրավել են քաղաքը, Երևանի բերդը դարձնելով արաբական նստավայրերից մեկը:
Հովհ. Դրասխանակերտցին (IX-X դդ., Պատմութիւն Հայոց), Ս. Անեցին ( XII դար, ՙՀաւաքմունք ի գրոց պատմագրաց՚ ), Ստ. Օրբելյանը (XIII դար) և այլ մատենագիրներ ևս իրենց աշխատություններում խոսում են Երևանի մասին: Ինչպես նկատում ենք, Երևանի կրոնապետերը մասնակցում են կաթողիկոսի կողմից Դվինում գումարված կրոնական ժողովին, ուժեղ դիմադրություն են ցույց տալիս  արաբներին և այլն: Իսկ սա նշանակում է, որ Երևանը վաղ միջնադարում էլ պահպանում էր իր նախկին` դեռևս ուրարտական շրջանից հայտնի կարևոր բնակավայր լինելու  դերն ու նշանակությունը: Դա երևում է նաև հետագայում` 17-րդ դարի կեսերից պատրաստված քարտեզներից, որոնց վրա ևս միշտ նշված է Երևանը: Իսկ այդ քարտեզների համար հիմք են հանդիսացել եվրոպացի ու այլ  ճանապարհորդների, դեսպանների, առևտրականների տեղեկություններն ու տվյալները:
Անդրադառնանք մի քանի այդպիսի քարտեզների: Այսպես. աշխարհագրագետ Ֆիլիպ Դիվ Վալի կողմից  1676 թ. պատրաստված քարտեզում, որի համար հիմք են հանդիսացել արաբ պատմաբան և աշխարհագրագետ Իսմայիլ Աբուլֆեդայի (1273-1332 թթ.)  տեղեկությունները, Հայաստանի մեծ մասը գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ: Իսկ Հայաստանի քաղաքների շարքում նշված է Erivan բնակավայրը  (քարտեզ 7):

Քառտեզ 7

Eiruan ձևով Երևանը նշված է Ալեն Մալլետի «Տիեզերքի բացատրությունը» հինգ հատորանոց գրքի երրորդ հատորի Ասիային նվիրված գրքի քարտեզում, որի ֆրանսերեն օրինակը տպագրվել է 1683 թ., իսկ գերմաներեն թարգմանությունը` 1719 թ.:  Երևանը համարվում է Հայաստանի կարևոր քաղաքներից  մեկը և նշված է Կարսի ու Էրզրումի հետ (քարտեզ 8): Հետաքրքիր է, որ պատկերված է նաև տեսարան Երևանից, Արարատ սարով ու Նոյան տապանով, իսկ սարից վեր, ամպերի վրա գրված է Erivan  (քարտեզ 9):

 Քարտեզ 8                                                                       Քարտեզ 9

Անգլիացի Ռ. Մորդենի պատրաստած «Սրբագրված աշխարհագրություն» ատլասը տպագրվել է 1680 թ., 1686 թ., 1688թ.  և   1770 թ.:  1688 թ. տպագրված քարտեզում պատկերված են Հայաստանը, Վրաստանը և հարևան երկրները: Նշված բնակավայրերի շարքում հիշատակվում է  Ervan-ը  (քարտեզ 10):

Քարտեզ 10

Երևան անունը Irvan (իրանական տարբերակ) ձևով է օգտագործում ֆրանսիացի Ժ. Շարդենը, որը 1664-1667 թթ. ճանապարհորդել է Արևելքում, եղել նաև Հայաստանում, Իրանում, Թուրքիայում և այլ երկրներում: 1686 թ. Լոնդոնում հրատարակվել է նրա «Ճանապարհորդություն դեպի Պարսկաստան և Արևելյան Հնդկաստան,  Սև ծովի և Կողքիսի միջով» գիրքը, որտեղ Հայաստանին նվիրված մասում ներկայացված է նաև Երևանի հատակագիծը: Քարտեզի վերևում, ինչպես Մալլետի քարտեզի դեպքում է, գրված է Irivan (գրված է նաև պարսկերեն, քարտեզ 11):

Քարտեզ 11

Մոտավորապես 1710 թ. Հոլանդիայի Լեյդեն քաղաքում տպագրված «Նոր և հետաքրքիր ատլասում» Հայաստանի այլ քաղաքների շարքում նշված է Erivan-ը (քարտեզ 12): Քարտեզը պատրաստել է Վան դեր Աան:

Քարտեզ 12

Հոլանդացի Հ Մոլլի կողմից Լոնդոնում 1729 թ. հրատարակված քարտեզում ևս նշված է Երևանը Irvan ձևով (քարտեզ  13):

Քարտեզ 13

Օսմանցի առաջին աշխարհագրագետ Ք. Չելեբիի (1609-1657) «Աշխարհացույց» աշխատության հիման վրա 1732-35 թթ. հրատարակված քարտեզում (օսմաներեն) Երևանը հիշատակվում է Revan անունով (Ռ. Գալչեան, 2005, էջ 201): Մ. Խորենացու «Հայոց պատմություն» և Ա. Շիրակացու «Աշխարհացույց» աշխատությունների համատեղ հրատարակությունների համար եղբայրներ Ուիստոնների կողմից 1736 թ. Լոնդոնում տպագրած Միջնադարյան Հայաստանի քարտեզում (լատիներեն, հայերեն) նշված է նաև Երևանը Էրիւանում ձևով (քարտեզ 14):

Քարտեզ 14

 Հետաքրքիր է ֆրանսիացի քարտեզագիր Ռ. Վուգոնդիի 1762 թ. հրատարակած  «Միջնադարյան Աշխարհի քարտեզը»: Հիշատակված քիչ բնակավայրերից նշվում է Erivan-ը (քարտեզ 15):

Քարտեզ 15

Հայ միջնադարյան աշխարհագրագիտական պատմության մեջ կարևոր տեղ ունի VII դարի գիտնական` տիեզերագետ ու մաթեմատիկոս Ա. Շիրակացու «Աշխարհացույցը» (այն նախկինում վերագրվել է Մ. Խորենացուն): Հայ գիտնականների մանրամասն ուսումնասիրությունները և փաստերը վկայում են, որ «Աշխարհացույցը» գրվել է ամենաուշը մինչև 608- 610 թթ.: «Աշխարհացույցում» Մեծ Հայքը ցույց է տրված 37-387 թթ. սահմաններում (Ս. Երեմյան, Հայաստանն ըստ «Աշխարհացույցի», Երևան, 1963, էջ 66): Հայտնի է, որ մ.թ.ա. 37 թ. Հռոմեական կայսրության ու Պարթևական թագավորության միջև կնքված դաշնագրով Մեծ Հայքից անջատվում ու Պարթևական թագավորությանն են կցվում Հայոց Միջագետքը` Ծավդեքը (Տուր Աբդին) և Արվաստանը` Մծբին քաղաքով (27600 կմ2 տարածք): Զգացվում է, որ «Աշխարհացույցի» հեղինակը ծանոթ է եղել Պտղոմեոսի «Աշխարհագրություն» աշխատությանը: Ի տարբերություն Պտղոմեոսի, նա բնականաբար շատ ավելի մանրամասն ու ճիշտ է նկարագրել հատկապես Մեծ Հայքը, Վիրքը, Կողքիսը, Աղվանքը և հարևան այլ երկրներ: Ավելի ճիշտ են դասավորվել Կասպից ծովի արևմտյան մասի երկրները,:
ՙԱշխարհացույցի՚ հիման վրա Ս. Երեմյանը կազմել է Հայաստանի և հարևան երկրների քարտեզը: Քարտեզը կազմելիս Ս. Երեմյանն օգտվել է նաև 387 թ. Հայաստանի առաջին բաժանումից մինչև 591 թ. Հայաստանի երկրորդ բաժանումը գրավոր աղբյուրներում (պայմանագրեր, հիշատակումներ) վկայված բնակավայրերի, գետերի, լճերի անվանումներից, ինչպես նաև «Աշխարհացույցից» առաջ ու նրան ժամանակակից պատմիչների, այդ թվում Եղիշեի, Խորենացու, Ագաթանգեղոսի, Բուզանդի, Սեբեոսի և այլ հեղինակների աշխատություններից:
«Աշխարհացույցում» Արարատյան դաշտավայրի այլ բնակավայրերի շարքում հիշատակվում է Երևանը (Երևանի բերդը): Իսկ Terva կամ Terua անունով բնակավայր այլևս չկա: Ինչպես նախորդ համարյա բոլոր դեպքերում «Աշխարհացույցի» տեղեկությունների հիման վրա Երեմյանի կազմած քարտեզում ևս նշված է Երևանը: Սակայն ավելի վաղ Երեմյանի վերականգնած «Ասիայի երրորդ քարտեզում» /ըստ Պտղոմեոսի տեղեկությունների/ Terua-ն նշված է Մեծ Հայքի կազմում, Արմավիրից, Արտաշատից և Արաքս գետից հարավ: Այդ բնակավայրը Ս. Երեմյանը համադրում է Դարոյնքի հետ և տեղադրում Արաքսից հարավ- արևմուտք /ՀՍՀ, հ. IX, էջ 418-419/:
Ինչպես նկատում ենք «Աշխարհացույցի» տեղեկությունների հիման վրա կազմված քարտեզում Terva կամ Terua անունով բնակավայր չկա, բայց կա Երևան անունով բնակավայր: Terva կամ Terua անունով բնակավայր չկա, որովհետև Հայաստանում այդ անունով բնակավայր չի եղել և «Աշխարհացույցի» հեղինակը` Շիրակացին, հավանաբար առաջիններից մեկն է եղել, որ հասկացել է հույն արտագրող ՙգրիչների՚ սխալը, այն է. Terva կամ Terua անունով բնակավայրը Երևանն է, ինչն ընդունում և հավանական են համարում ավելի ուշ ժամանակաշրջանի շատ ուսումնասիրողներ:
Այսպիսով հայոց Արարատ-Ուրարտու պետության թագավոր Արգիշտի Ա-ի արձանագրության մեջ Erebuni անունով հիշատակվելուց հետո, Երևանն աշխարհի հնագույն քարտեզներում հանդես է գալիս Terva, Terua, Erivan, Eiruan, Erivan, Ervan, Irivan, Revan, Էրիւանում (Էրիվան) և այլ անուններով, իսկ հայ միջնադարյան մատենագրության մեջ հիշատակվում է Արիւան, Էրիւան, Էրւան, Իրվան և այլ ձևերով:
Երևանի պատմությունը, նրա հնագույն բնակավայր լինելը, մշտապես բնակեցված լինելը, Արարատյան դաշտավայրում կարևոր տեղ ու դեր ունենալը, ինչն ապացուցվում է հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված մարդկային պատմության զարգացման բոլոր ժամանակաշրջաններն ընդգրկող մշակութային արժեքներով ու գրավոր աղբյուրներով, թույլ է տալիս ասելու, որ Պտղոմեոսի «Աշխարհագրություն» աշխատության մեջ  հիշատակված Terva-ն հայոց հնագույն բնակավայր Երևանն է,   այսօրվա Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
       Երևան-2 , Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2009, Երևան քաղաքի պատմության թանգարան
Հեղինակ` Անժելա Տերյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին