▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 խիստ տարածված, բայց խիստ սխալ պատկերացումներ վիկինգների մասին

Ժամանակին նրանք ահ ու սարսափ էին սփռում ողջ Եվրոպայով մեկ, երբ իրենց փոքր նավերով հեռավոր արշավների էին դուրս գալիս ձյունածածկ Սկանդինավիայից՝ հասնելով Միջերկրական ծով, Կոստանդնուպոլիս ու նույնիսկ Ամերիկայի ափեր: Ովքե՞ր էին իրականում վիկինգները, և ի՞նչ թյուրիմացություններ են այսօր տարածված նրանց մասին: Ահա 10 ամենասխալ կարծրատիպերը, որոնք տարածված են այս հին ժողովրդի մասին:

1. Մեկ ազգ


Վիկինգները չեն հանդիսացել մեկ ազգի ներկայացուցիչներ, նրանք իրենցից ներկայացրել են տարասեռ ռազմիկների, ճանապարհորդների և առևտրականների խմբեր՝ գործող ցեղապետերի առաջնորդության ներքո: Վիկինգների արշավանքների ժամանակ Սկանդինավյան թերակղզին բաժանված չէր խոշոր պետությունների (Դանիա, Նորվեգիա և Շվեդիա), այլ բաժանված էր բազմաթիվ շրջանների, որոնք ղեկավարվում էին նման խմբերի կողմից: Առհասարակ, հին նորվեգական «վիկինգ» բառը կապված չէ որևէ տեղանվան հետ, այլ նշանակկում է մարդ, ով մասնակցում է ծովային արշավանքին:

2. Վայրի և կեղտոտ

Բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում ու մուլտֆիլմերում վիկինգները ներկայացված են որպես կեղտոտ ու վայրի տղամարդիկ ու կանայք, սակայն իրականում նրանք հոգ էին տանում իրենց արտաքին տեսքի մասին: Սանրեր, ածելիներ, ունելիներ… սրանք առավել հաճախ հանդիպող իրերն են վիկինգների հին բնակավայրերի պեղումների ժամանակ: Գտնվել են նաև օճառի մնացորդներ, որը վիկինգները պատրաստում էին ինքնուրույն: Անգլիայում վիկինգներին ընդհանրապես մաքրասեր էին համարում, քանի որ վերջիններս լողանում էին ամեն շաբաթ օրը, իսկ սկանդինավյան լեզուներում առ այսօր շաբաթ բառը նշանակում է «լոգանքի օր», թեև վիկինգների ժառանգներն այսօր գրեթե չգիտեն դրա մասին:

3. Հսկայամարմին շիկահերներ

Ֆիլմերում վիկինգներին պատկերում են որպես հսկայամարմին ու երկար շիկահեր մազերով: Ուշագրավ է, որ պատմական գրությունների ու պեղումների արդյունքների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վիկինգների միջին հասակը եղել է 170 սմ, ինչն այդքան էլ բարձր չէ նույնիսկ անցյալի չափանիշներով: Բաց մազերի հետ կապված իրավիճակն էլ ավելի հետաքրքիր է. դրանք համարվում էին իդեալ վիկինգների մոտ, բայց ամենևին էլ բոլորը չէին, որ կարող էին պարծենալ բաց գույնի մազածածկով ու որպեսզի իրենց գեղեցկության իդեալից շատ հեռու չլինեին, սևահեր վիկինգները հատուկ սպիտակեցնող օճառ էին օգտագործում: Բացի դրանից, վիկինգները հյուրասեր էին, ու բազմաթիվ արտասահմանցիներ հեշտությամբ մտնում էին վիկինգների ցեղերի մեջ, այնպես որ, վիկինգների շարքերում կարելի էր հանդիպել իտալացիների, իսպանացիների, պորտուգալացիների, ֆրանսիացիների ու ռուսների նախնիների, և բնական է, որ նման խառնուրդների դեպքում կարելի էր հանդիպել ամենատարբեր հասակներ ու մազերի երանգ ունեցող վիկինգների:

4. Վիկինգները խմում էին գանգերից


Այս լեգենդի աղբյուր է հանդիսանում ոմն Օլե Վորմի՝ 1636 թվականի «Reuner seu Danica literatura antiquissima» աշխատությունը, որտեղ նա գրել էր, որ դանիացի ռազմիկները խմում են «ծռված գանգերից»: Աշխատության լատիներեն թարգմանության մեջ այդ բառակապակցությունն առհասարակ փոխակերպվեց ու դարձավ «գանգերից», սակայն ժամանակակից հնէաբանները դեռ չեն գտել գեթ մեկ գավաթ, որը պատրաստված լինի գանգից:

5. Կոպիտ սպառազինություն

Ֆիլմերում պատկերված վիկինգների ևս մի առանձնահատկություն կա. նրանց պատկերում են կոպիտ ու պարզունակ զենքերով զինված: Իրականում, վիկինգները հրաշալի զինագործներ էին, ու նրանց հայտնի էր երկաթի մշակման տեխնոլոգիա, որը նրանց սպառազինության երկաթի որակը գրեթե հավասարեցնում էր դամասկոսյան թրերի որակին: Նրանք կարողանում էին պատրաստել ամուր ու սուր զենքեր: Համաձայն վիկինգների ֆոլկլյորի՝ նոր պատրաստված թրի սրությունը ստուգելու համար դրա սայրը մտցնում էին առվակի մեջ ու մազ էին թողնում հոսանքով: Եթե մազը կտրվում էր, դիպելով թրի սայրին, ապա համարվում էր, որ թուրը բավարար չափով սուր է:

6. Սկանդինավիան՝ վիկինգների հայրենիք

Ճիշտ է, վիկինգներն ի հայտ են եկել Սկանդինավիայում, բայց հետագայում տարածվել են ամբողջ աշխարհով՝ հասնելով Հյուսիսային Աֆրիկա, Ռուսաստան ու Հյուսիսային Ամերիկա: Նման էքսպանսիայի պատճառները բացատրող մի քանի տեսություններ կան, սակայն դրանցից առավել տրամաբանականն այն է, որ ժամանակի ընթացքում այս ցրտաշունչ թերակղզու ռեսուրսները սկսեցին սպառվել, իսկ բնակչության թիվը չափազանց մեծ էր, որպեսզի բավարարվեին զուտ եղածով, և թերակղզու բնակիչները ստիպված սկսեցին նոր հողեր փնտրել օտար ափերում: Պատճառներից մեկն էլ Հռոմեական Կայսրության անկումն էր, ինչի արդյունքում կտրուկ նվազեց առևտրաշրջանառությունն Արևմտյան Եվրոպայի ու Ասիայի միջև, և դա ազդեց նաև վիկինգների նախնիների վրա:

7. Ատելություն նրանց հանդեպ բոլորի կողմից

Որպես հետևանք բոլոր վերոնշյալ թյուրիմացությունների՝ տարածվեց մի կարծիք, իբր վիկինգներն անցանկալի հյուրեր էին ամենուրեք, և բոլորն ատում էին նրանց: Իրականում, նրանց բացի ատելուց (ատում են ցանկացած ազգի) նաև հարգում էին: Ֆրանսիայի Չարլզ 3-րդ արքան, ով հայտնի էր որպես Չարլզ Պարզ, վիկինգներին նվիրեց ժամանակակից Նորմանդիայի հողերն ու կնության տվեց իր դստերը վիկինգների առաջնորդներից մեկին՝ Ռոլոյին: Այս «ընտելացված» վիկինգները մեկ անգամ չէ, որ պաշտպանել են Ֆրանսիայի տարածքն այլ վիկինգների ոտնձգություններից: Կոստանդնուպոլսում էլ վիկինգներին հարգում էին իրենց ուժի և խիզախության համար այն աստիճան, որ բյուզանդական կայսրերի պահակազորը բաղկացած էր շվեդ-վիկինգներից:

8. Արյունարբու և դաժան

Վիկինգների հարձակումներն արյունարբու ու դաժան են թվում, եթե մոռանանք, թե ինչպիսին էին այլ ազգերի հարձակումներն այդ տարիներին: Այդ ժամանակներում պատերազմ վարելու այլ տարբերակ չկար, արյունարբու ու դաժան էին բոլորը՝ և՛ ֆրանսիացիները, և՛ անգլիացիները, և՛ ցանկացած այլ ազգ: Օրինակ՝ վիկինգների ժամանակակից Շարլ Մեծը գրեթե բնաջնջեց ավարներին (ցեղերի հինավուրց միություն, որը բնակվում էր Կասպից ծողի ու Վոլգայի ափերին), իսկ Վերդենի մոտ հրամայեց գլխատել Սաքսոնիայի ավելի քան 5000 բնակիչների: Վիկինգներին չի կարելի նույնիսկ ամենադաժանը համարել: Նրանք մեկ այլ առանձնահատկություն էլ ունեին. ամբողջովին բնաջնջում էին ամեն ինչ, որ կապված էր օտար կրոնների հետ՝ եկեղեցիներ, աղոթատեղիներ ու կրոնի ծառայողներ: Դա այնքան էր վախեցնում մարդկանց, որ մարդիկ միանգամից սկսում էին փախչել, եթե հորիզոնում տեսնում էին վիկինգների դրակարների կայմերը:

9. Համատարած թալան

Վիկինգների միայն փոքր մասն էր ռազմիկ, իսկ մնացածը զբաղվում էին հողագործությամբ, արհեստներով ու կենդանաբուծությամբ: Ծովային արշավանքների ժամանակ թալանը պարզապես «բոնուսներից» մեկն էր, որից զերծ չէին մնում ոչ միայն վիկինգները: Իսկ վիկինգների մեծամասնությունը խաղաղ ապրում էր այն հողերում, որոնք գտնվում են ներկայիս Իսլանդիայում ու Գրենլադիայում, նրանք համարվում էին հմուտ առևտրականներ ու գործ ունեին տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ:

10. Պոզերով սաղավարտներ

Սա, թերևս, ամենամեծ թյուրիմացություններից մեկն է: Առ այսօր չի գտնվել որևէ հնէաբանական կամ էլ փաստաթղթային ապացույց, որ վիկինգները պոզավոր սաղավարտներ են կրել: Բոլոր գտնված սաղավարտները ոչ միայն չունեն պոզեր, այլև նախատեսված էլ չեն նման ավելորդությունների համար: Հավանաբար, այս թյուրըմբռնումը սերմանել են հին քրիստոնյաները, ովքեր վիկինգներին համարում էին սատանայի օգնականներ ու հետևություն անում, որ դրանք պոզավոր սաղավարտներ պետք է ունենային: Նորվեգական Թոր աստվածը լեգենդներում նկարագրված է որպես թևավոր սաղավարտ կրող ռազմիկ: Գուցե հենց նման թևավոր սաղավարտներն են նմանեցրել պոզավոր սաղավարտների:

Աղբյուրը` Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին