▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի նախընտրելի ոսպապուրը թե՞ հայկական ավանդական տոլման

Հայաստանը ամբողջ աշխարհում հայտնի է պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, բացառիկ գողտրիկ վայրերով, աչքի է ընկնում հյուրերի հանդեպ ջերմ ու բարեհամբույր վերաբերմունքով: Տարեցտարի ավելանում է Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը, ինչն, անշուշտ, ողջունելի փաստ է: Իրենց հանգիստը Հայաստանում անցկացնող զբոսաշրջիկները ցանկանում են տեսնել Հայաստանն իր ողջ բազմազանությամբ: Հայաստանի տեսարժան վայրերն այցելելուց, մեր երկրի պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալուց  բացի, նրանք, բնականաբար, փորձում են բացահայտել նաև հայկական խոհանոցի գաղտնիքները:

Հայաստանում՝ հատկապես Երևանում,  շատ են ինտերիերի յուրօրինակ լուծումներով, հետաքրքիր և հաճելի միջավայրով,  ընտրության լայն հնարավորություն ընձեռող ճաշացանկով ռեստորաններ ու ժամանցի վայրեր, որտեղ զբոսաշրջիկները կարող են վայելել համադամ խորտիներ ու յուրատեսակ խմիչքներ: Asekose.am-ը կապ հաստատեց Երևանի մի քանի ռեստորանների ու ժամանցի վայրերի հետ՝ պարզելու համար, թե ինչ ուտեստներ են գերադասում Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ:

Զրույցների ընթացքում պարզ դարձավ, որ զբոսաշրջիկները հիմնականում նախապատվությունը տալիս են հայկական խոհանոցին՝ երբեմն անգամ ծանոթ չլինելով դրան:

«Մեր գյուղը» ռեստորանի (ունի միայն հայկական խոհանոց) մենեջեր Միքայել Սահրադյանը մեզ  հետ զրույցի ընթացքում հայտնեց, որ զբոսաշրջիկները իրենց մոտ հիմնականում համտեսում են մի քանի ուտեստներ՝ քյալագյոշ, գառնի յարախ: Պարզ դարձավ, որ զբոսաշրջիկները հայկական խոհանոցից սիրում են նաև քյուֆթա, իշխանով ռոլ, գառան մատներ: Սակայն գրեթե բոլոր ռեստորանների ներկայացուցիչներն էլ փաստեցին, որ հայկական խոհանոցում զբոսաշրջիկների սիրելի ուտեստների շարքում առաջատարը ավանդական տոլման է:

Երևանում շատ են նաև տարբեր ազգերի խոհանոցներ ներկայացնող ռեստորաններ (վրացական, իսպանական, ֆրանսիական և այլն), որոնք տարբեր նախասիրություններ ունեցող ու բծախնդիր զբոսաշրջիկներին հնարավորություն են տալիս վայելելու իրենց նախընտրած ու սիրելի ուտեստները: Հյուսիսային պողոտայում գտնվող «Պրովանս» ռեստորանում զբոսաշրջիկները կարող են վայելել իտալական, ֆրանսիական, եվրոպական խոհանոցի  բազմազան ուտեստներ: Վերջերս այն մեծ համբավ է ձեռք բերել զբոսաշրջիկների շրջանում, քանի որ  ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ընտանիքի հետ Հայաստան այցի ժամանակ ընթրեց հենց այս ռեստորանում, որի ճաշացանկից աստղային ընտանիքը հավանել էր հատկապես ոսպապուրը:

Հարևանությամբ գտնվող «Լա Պիացցա» իտալական ռեստորանի հյուրընկալի խոսքերով՝ օտարերկրացի հաճախորդները հիմնականում նախըտրում են սթեյքերը: Իսկ այն զբոսաշրջիկները, որոնք ծովամթերքների սիրահարներ են, այցելում են հիմնականում «Ցար Սյոմգա»  ռեստորան, որտեղ կարող են համտեսել հայկական 3 ձկնատեսակներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թե՛ երևանցիների, թե՛ զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Արամի 42/1 հասցեում գտնվող «Նավավար» ձկնալի ըմպելարանը, որտեղ այցելուներին  առաջարկվում է ձկնային ուտեստների լայն տեսականի: Երկրորդ հարկում բոլորի առջև իր հյուրընկալ դռներն է բացում երիտասարդության ու նաև ավագ սերնդից շատերի կողմից մեծ ընդունելության արժանացած «Ժան Պոլ էքզիստենցիալ» սրճարանը, որն աչքի է ընկնում հետաքրքիր ու արտասովոր դիզայնով:

«Նավավար»-ի և «Ժան Պոլ էքզիստենցիալ» սրճարանի համահիմնադիրներից  Նարեկ Բախտամյանը մեզ հետ զրույցի ընթացքում հայտնեց, որ զբոսաշրջիկներին ավելի շատ գրավում է սրճարանի միջավայրը, որտեղ իշխում է ընտանեկան ջերմ մթնոլորտ, ինչն էլ հնարավորություն է տալիս այցելուներին  իրենց ազատ  ու հարմարավետ զգալ: Նրա խոսքով՝ զբոսաշրջիկներին հիմնականում հետաքրքրում են հայկական խմիչքները՝  կոնյակը, մրգօղին, կրակի վրա պատրաստված հայկական ուտելիքները:

Փորձեցինք պարզել նաև՝ արդյո՞ք որևէ ազգի ներկայացուցիչներ աչքի են ընկնում իրենց շռայլությամբ՝ տարբերվելով մյուսներից: Գրեթե բոլորն էլ միանշանակ փաստեցին, որ իրենց առատաձեռնությամբ առանձնանում են հատկապես ռուսները, գերմանացիներն ու լեհերը:

Այնուամենայնիվ, հստակ կարելի է ասել, որ  Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հետաքրքրված են հայկական ազգային խոհանոցով ու սիրով փորձում են մեր ավանդական ուտեստները:

Նրանք մեր ռեստորաններից հեռանում են՝ մեկ անգամ ևս համոզվելով հայերի՝ «լեգենդ» դարձած հյուրընկալության մեջ:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարներում`  «Նավավար» ձկնալի ըմպելարանը և  «Ժան Պոլ էքզիստենցիալ» սրճարանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին