▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարեք ու զվարճացեք, սիրելի հայեր, Աստված լուսավորի ձեր հոգիները...

Ինչո՞ւ սգո "Ռեքվիեմով"Ռուսաստանը չի նշում իր անկախության տոնը

Ինչպես հայտնի է, ս.թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ԼՂՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում տեղի կունենա Ջուզեպպե Վերդիի "Ռեքվիեմ"-ի ղարաբաղյան պրեմիերան: Բոլոր պաշտոնական հաղորդագրություններում հատուկ նշվում է, որ այդ իրադարձությունը նվիրվում է... Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրվան:

Վերդիի սգո "Ռեքվիեմ"-ի բեմադրությունը ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնում կիրականացնեն հիմնականում ՌԴ-ից հրավիրված արվեստագետներն ու նրանց ղեկավար, ուսական օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան: Հենց նրանք էլ պետք է ավելի մռայլեցնեն ԼՂՀ-ում վաղուց արդեն հաստատված մռայլ մթնոլորտը:

Մենք արդեն նշել էինք, որ ՀՀ և ԼՂՀ հազարավոր քաղաքացիներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ ընդունել են այս լուրը, մեղմ ասած, տարակուսանքով, ընկալելով այն իբրև ինչ-որ մեկի վատ ու հիմար կատակ: Մարդիկ մինչ օրս չեն հավատում այս հաղորդագրության հավաստիությանն ու լրջությանը: Քանի որ "ռեքվիեմ"-ը աշխարհի բոլոր բացատրական բառարաններում նշանակում է հոգեհանգստյան պատարագ: Դա սգո օրատորիայի մի տեսակն է՝ սովորաբար նվիրված ինչ-որ մի ողբերգական իրադարձության: Բնականաբար, բացառություն չի կազմում նաև Վերդիի "Ռեքվիեմը", որը ամբողջությամբ կապված է մի շարք տխուր, ողբերգական իրադարձությունների և տարեթվերի հետ: Ավելին. նրա լեյտմոտիվը Ահեղ Դատաստանի թեման է, որը, ինչպես ասում են, կարմիր թելով անցնում է "Ռեքվիեմ"-ի յուրաքանչյուր հատվածով: Եվ ինչպես պնդում են երաժշտագետները, Վերդիի համար այն սոսկ Դատաստանի օրը չեր խորհրդանշում, այլ հենց կյանքի քնարական ու նուրբ իդիլիան խախտող ամենազոր ու դաժան մահվան բիրտ ներխուժումը:


Այսօր ՀՀ և ԼՂՀ շատ քաղաքացիներ, սփյուռքի բազում հայրենակիցներ մի պարզ հարց են տալիս. ինչո՞ւ աշխարհում գոյություն ունեցող տասնյակ հազարավոր ստեղծագործություններից ընտրվել է հենց այս մռայլ գործը եւ ինչո՞ւ է այն նվիրված հենց Ղարաբաղի Անկախության օրվան: Ինչ՞ է սա: Սովորական տգիտությու՞ն, պարզ թյուրիմացությու՞ն, թե՞ միլիոնավոր հայերի զգացմունքերին առնչվող "նուրբ" ծաղրանք: Անկախության օրը, պատկերավոր ասած, պետության ծննդյան օրն է, լուսավոր տոն յուրաքանչյուր մարդու և յուրաքանչյուր երկրի համար: Ինչպե՞ս կարելի է ծննդյան օրը ժամեր շարունակ սգերգ հնչեցնել, այն էլ երկրի կենտրոնական հրապարակում, բարոյալքելով մարդկանց, "հոբելյարի" մոտ դեպրեսիա և հուսահատություն առաջացնելով:

Լեռնային Ղարաբաղում առանց այդ էլ բարոյա-հոգեբանական ծանրագույն մթնոլորտ է տիրում` կապված բազմամյա պատերազմի եւ տեղի իշխանությունների “սխրանքների” հետ, “սխրանքներ”, որոնք աշխարհի ոչ մի Վերդի ի զորու չէ նկարագրել ու հավերժացնել: Ինչ՞ու պետք է ստվերել հենց այդ օրը ու հենց ԼՂՀ բնակչության շրջանում, որտեղ գրեթե յուրաքանչյուր ընտանիք դժբախտացած է այս պատերազմում եւ որտեղ նույնիսկ հազվագյուտ տոնական օրերն ինչ-որ մեկը որոշել է հիմնովին պղտորել: Մի՞թե հնարավոր չէր ընտրել մեկ այլ, ինչ-որ մի պայծառ ու զվարթ ստեղծագործություն: Ասենք, Բեթհովենի "Ձոն ուրախությանը", ռուս դասականների ինչ-որ մի համապատասխան ստեղծագործություն կամ, եթե տիկին Կազարնովսկայան ու նրա հովանավորները որոշել են ցնցել մեր հոգիները "բազմադարյա եղբայրությանմասին հերթական ինտերմեդիայով, նույն Արամ Խաչատրյանի, հայազգի մեկ այլ կոմպոզիտորի ստեղծագործություն: Սա ինչ՞ անմիտ և անհաջող (լավագույն դեպքում) ընտրություն է, որը հիշողության մեջ արթնացնում է ռուսական "և թախիծն է ապուշ, և պարերն անտեղի" ասացվածքը:

Ստեփանակերտի կենտրոնում նախապատրաստվող միջոցառման մասին մեր հրապարակումը լայն արձագանք է գտել Լեռնային Ղարաբաղում, ՀՀ-ում եւ սփյուռքում: Ըստ երեւույթին, այդ պատճառով էլ խավարամիտ նշյալ բեմադրության կազմակերպիչները որոշել են հանդես գալ համապատասխան պարզաբանումներով: "Տարօրինակ" է, բայց տողերիս հեղինակի հոդվածին արձագանքել է ոչ թե հայկական կողմը, որը կարծես թե պետք է պատասխանատու լինի իր իսկ ազգային տոների համար, այլ նույն ինքը Լյուբով Կազարնովսկայան, ով օգոստոսի 27-ին Երևանում մամուլի հատուկ ասուլիս է հրավիրել այդ կապակցությամբ:

Բայց, ազնիվ բոլշևիկյան խոսք, ավելի լավ է նա չաներ դա: Քանի որ ՌԴ օպերային ճանաչված երգչուհու "պարզաբանումները", նուրբ ասած, ստիպում են ուղղակի քարանալ զարմանքից: Շատ արցախցիներ, կարդալով ու TV-ով լսելով մոսկվացի երգչուհու արդարացմումները, զանգահարում ու հարցնում էին իրար. նա իրո՞ք հնչեցրեց այդ բառերը, թե՞ դա թվացել է մեզ:

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում տարրական ճշմարտություններ հերքող տիկնոջ մտքի որոշ "ճախրանքներ", որոնք հիրավի արժանի են ռուս մեծ երգիծաբան Սալտիկով-Շչեդրինի գրչին: Մեջբերում ենք. "Ստեղծագործության ընտրությունը թող ոչ մեկին չզարմացնի և չմտահոգի, սա Վերդիի երաժշտության սգո քայլարշավը չէ (!) հայկական հողում, սա մարդկային ոգու բարձունք է"; "Ջուզեպպե Վերդիի "Ռեքվիեմ"-ը կհնչի Արցախում հանուն խաղաղության, բարու և արդարության (!)"; "Մենք երջանիկ ենք, որ կարող ենք հենց այս երաժշտությամբ (!) փառաբանել հայ ժողովուրդին, հայոց հողը (!) եւ առավել եւս դա անել Արցախի հողի վրա (!), որտեղ անհրաժեշտ է այս ուրախության վերելքը (!)"; "Արցախում մարդիկ են ապրում (!), այնտեղ շատ երեխաներ կան, սեր, այնտեղ սպասում են այս տոնին (!)" (ընդգծումը մերն էՎ. Ա)...

Ահա այսպես, տիկնայք եւ պարոնայք: Ծերուկ Ջուզեպպեն չէր էլ պատկերացրել, թե ինչ դաժան սխալ է գործել ժանրը ընտրելիս, երբ գրել է ողբերգական տարեթվերին նվիրված իր սգո "Ռեքվիեմ"-ը: Ինչպիսի ծանր վրիպում իտալական օպերայի վարպետի կողմից: Փոխանակ մի ուրախ տարանտելլա հորինի հանգուցյալների պատվին, վերցրել ու մռայլ "Ռեքվիեմ" է թխել: Պուտինի արև, էս իտալացի դասականները երաժշտություինից հեչ գաղափար չունեն: Չէ՞ որ ռեքվիեմը, ըստ տիկին Կազարնովսկայի, դա, պարզվում է, հոգեհանգստի պատարագ չէ, սգերգ չի հուղարկավորության երթերում, այլ զվարթ ռոք-ն-ռոլլ է, տոնական տաշի-տուշի, մի կենսուրախ ֆանկի-դենս, որը Մոսկվայի բարի քեռիները հատուկ նախատեսել են ղարաբաղցիների Անկախության օրվա առթիվ: Մի խոսքով, պարեք ու զվարճացեք, սիրելի հայեր, Աստված ձեր հոգիները լուսավորի...

Կարող եք վրդովված թափահարել բոլոր ժամանակների ու ժողովուրդների բառարանները, կարող եք հիշել նույնիսկ վայրի ցեղերի նորմերն ու կանոնները, համաձայն որոնց լացուկոծն ու վայնասունը անթույլատրելի են տոների ժամանակ, կարող եք երգել "Աղ մի ցանիր վերքիս վրա" ռուսական երգը, իմաստ չունի: Մոսկվայում ասացին "տառապեք ու լացեք", ուրեմն ԼՂ-ում պիտի տառապեն ու լացեն...

Բայց խոսքը ՌԴ և հայկական իշխանությունների տգիտության ու կրթվածության անբավարար մակարդակի մասին չէ: Ինչպես ասում են` Աստված նրանց հետ. ՌԴ-ում և ՀՀ-ԼՂՀ-ում ամենազոր "գեղջուկների" եւ կենսագործունեության բոլոր ասպարեզներում տիրող սահմռկեցուցիչ դեպրոֆեսիոնալիզացիայի մասին այսօր չի խոսում միայն ծույլը: Մեզ այլ բան է հետաքրքրում։

Եթե ռեքվիեմներն ու սգերգրը, ըստ Կազարնովսկայի, հնչում են "հանուն խաղաղության, բարու և արդարության", եթե "հենց այս երաժշտությամբ", պարզվում է, պետք է "փառաբանենք հայ ժողովուրդին ու հայկական հողը", եթե "ուրախ թռիչք է" սգո երգը, ապա ինչու՞ Վերդիի "Ռեքվիեմ"-ով Ռուսաստանը չի նշում իր անկախության տոնը: Սա ի՞նչ աղաղակող անարդարություն է մեր փառահեղ Ռուսիո-մայրիկի փառահեղ քաղաքացիների նկատմամբ: Ինչո՞վ են նրանք պակաս ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներից: Կարծում ենք, ՌԴ քաղաքացի տիկին Կազարնովսկայան եզակի հնարավորություն ունի Ռուսաստանի Դաշնության նախագահին հասցեագրված հեղափոխական առաջարկով հանդես գալու համար: Գուցե Վլադիմիր Պուտինը համաձայնվի՞ "զարդարել" ռուսաստանցիների ազգային տոնը սգո երգերով ոի պատարագներով: Թե՞ սուգն ու լացուկոծը նախատեսված են միայն հայ ժողովրդի համար:

Գուցե աշխարհի բոլոր ժողովուրդները սխալվու՞մ են`ուրախանալով ու զվարճանալով տոների ժամանակ, այլ ոչ թե ցնցվելով արցունքաբեր օպերաներից ու հեծկլտանքներից: Գուցե դիմենք այդ ժողովուրդներին պետականաշին "սթափվե-ե-ք" հայտնի կոչո՞վ. թող խելքները գլուխները հավաքեն ու այսուհետ արցունքներով հեղեղեն իրենց ազգային տոները: Բա ա՞մոթ չի մանր բուրժուական ուրախ սուլապարերով լեռներ թնդացնել, երբ դրսում Մոսկվայի համար այնպիսի ողբերգական իրադարձություն է, ինչպիսին ԼՂՀ անկախությունն է և ընդհարապես ԼՂՀ գոյությունը: ԼՂՀ, որտեղ կյանքը վայելում է միայն ՌԴ-ին նվիրված 20-30 իշխանական ընտանիք: Իսկ ռեքվիեմները... Իսկ ռեքվիեմները թողենք մնացած ղարաբաղցիներին, որոնք ինչ-որ հրաշքով դեռ բնակեցնում են այս տարածքը...

Իսկ եթե լուրջ, ապա կցանկանաինք պարզապես իմանալ. ՀՀ և ԼՂՀ իշխանությունները պատրաստվու՞մ է ինչ-որ կերպ մեկնաբանել այս խայտառակությունը: Թե՞ նրանց անունից կարող են հանդես գալ արդեն ռուս երգիչներն ու երգչուհիները: Ո՞վ է Լյուբով Կազարնովսկայան, որ իր կամքը թելադրի արցախցիներին: Նա՞ պետք է որոշի, թե մենք ինչ պետք է լսենք կամ չլսենք, լացենք, թե պարենք, տոնենք, թե սգանք:

Գուցե իմաստ ունի վերանայե՞լ այս ողբերգա-անեկդոտիկ որոշումը, աշխարհով մեկ ծաղրուծանակի չվերածվել ու տոնը նշել ԼՂՀ Անկախությանը վայել ստեղծագործություններով:

 

Դեռ ուշ չէ, դեռ ժամանակ կա...

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
"Երրորդ Ուժ Պլյուս" թերթի գլխավոր խմբագիր

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին