▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս պայքարել կարիեսի դեմ. Յուլիա Գադակչիյան

Մեզ հաճախ են վախեցնում կարիեսով, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է առաջանում այն և ինչպես կանխարգելել: Ինչպե՞ս զերծ մնալ այս հիվանդությունից. պարզաբանում է Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-թերապևտ Յուլյա Գադակչիյանը:

Շատերն են լսել կարիեսի մասին, սակայն քչերը գիտեն, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

-Կարիեսը ամենատարածված հիվանդություններից է, որով տառապում է մեզանից գրեթե յուրաքանչյուրը: Այն ատամների հիվանդություն է, որի զարգացմանը նպաստում է մանրէների ագրեսիվ ազդեցությունը, այլ կերպ ասած, դրանց կենսագործունեության արտազատուկները, ինչը և քայքայում է ատամի էմալային շերտը՝ առաջացնելով ատամների կարծր հյուսվածքի նեկրոզ: Եթե կարիեսը չբուժվի, կարող են առաջանալ մի շարք բարդություններ, այդ իսկ պատճառով պետք է ուշադիր լինել և ճիշտ ժամանակին դիմել բժշկի:

 Կարիեսի առաջացման պատճառները կարո՞ղ են տարբեր լինել:

-Երբեմն սննդի օգտագործումից հետո մեր ատամներին մնում են սննդի մանր մնացորդներ, որոնց ժամանակին չհեռացնելը հանգեցնում է բակտերիաների՝ ստրեպտոկոկերի առաջացման: Այս բակտերիաներն առանձնահատուկ են նրանով, որ կլանում են գլյուկոզան՝ առանձնացնելով կաթնաթթուն, և թքի բաղադրությունը դարձնում են առավել թթու՝ դրանով իսկ ազդելով ատամի հանքային շերտերի վրա.արդյունքում էմալը կորցնում է իր հանքանյութերն ու ամրությունը: Կարիեսի զարգացմանը նպաստում են նաև օրգանիզմի պաշտպանողական համակարգին ուղեկցող հիվանդություններն  ու արտաքին գործոնները՝ սնունդը, ատամների հիգիենան, ժառանգականությունը, օրգանիզմի առողջական վիճակը, ֆտորի անբավարարությունը, քաղցրի չարաշահումը, ինչպես նաև սթրեսային իրավիճակները: Կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում շատ օգտագործել բանջարեղեն, միրգ, քիչ՝ աղեր, ճարպեր պարունակող սննդամթերք, ձավարեղեն, պանիր, գետնանուշ, կաթնամթերք և, իհարկե, հետևել հիգիենայի կանոններին:

Ինչպե՞ս հասկանալ, որ մարդն ունի կարիես:

 -Դա շատ պարզ կարելի է բացահայտել նույնիսկ տնային պայմաններում, քանի որ կարիեսի առաջացման հիմնական նախանշաններն են՝ ատամների վրա մուգ կետեր , ատամի մակերեսի կոշտացում, թույլ ատամնացավ, ատամների գերզգայունություն, բերանի խոռոչի տհաճ հոտ: Կարիեսը կարող է խորությամբ վնասել ատամը և հասնել ատամի նուրբ հատվածին, որտեղ գտնվում են նյարդերն ու անոթները, այդ աստիճանի ախտահարումն արդեն ուղեկցվում է սուր ցավով և կոչվում է պուլպիտ: Կլինիկական պայմաններում  կարիեսի ախտորոշումը կատարվում է նախնական զննմամբ, ինչպես նաև ռենտգենաբանական հետազոտությամբ, որի շնորհիվ կարելի է բացահայտել նաև թաքնված կարիեսը:

Ինչպե՞ս է բուժվում  կարիեսը:

-Կարիեսի բուժման ընթացքի պլանավորումը մեծապես պայմանավորված է ինչպես խոռոչի խորությունից, այնպես էլ նրա տեղակայումից: Բարդացած շրջանում կարիեսի բուժումը լուրջ աշխատանք է և որպես կանոն անցկացվում է մի քանի փուլերով։ Կարիեսի և նրա բարդությունների բուժման կարևորագույն մաս է նաև ատամի գեղագիտական վերականգնումը, որի նպատակով ներկայումս կիրառվում են լուսակարծրացողկոմպոզիտային նյութեր՝ հնարավորություն տալով լիարժեք բուժել ախտահարված ատամը, ինչպես նաև նրան հաղորդել բնական տեսք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին