▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ և ադրբեջանցի երիտասարդ հումորային զույգը մասնակցել է ուկրաինական «Ծիծաղեցրու ծաղրածուին» շոուին

Ցանկացած հակամարտություն մի օր ավարտվելու է

«Ադրբեջանցի Շևգի Ախադով և հայ Արայիկ Մանգասարյան հումորային զույգը մասնակցել է ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի «Ծիծաղեցրու ծաղրածուին» շոուին, ինչը բուռն քննարկում է առաջացրել Ադրբեջանի և Հայաստանի սոցցանցերում»,- գրել է ադրբեջանական կայքերից մեկը: Եվ քանի որ կայքը հայի և ադրբեջանցու համատեղ ելույթի այլ դեպք չի հիշում, դիմել է Ախադովին և հարցրել նրա կարծիքը ղարաբաղյան հակամարտության մասին և թե ինչպես է ծագել ելույթի գաղափարը: Պարզվել է, որ Շևգի Ախադովը խաղում է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի ուրախների և հնարամիտների ակումբի թիմում և Կիև է մեկնել իր թիմակից Արայիկի հետ:

«Արայիկին նախ և առաջ մարդ եմ համարում, հետո նոր՝ հայ, ընկեր, մտերիմ և այլն,- ասել է Շևգին:- Եթե ադրբեջանցիները կարծում են, որ ես մոռացել եմ, թե հայերն ինչ են բերել ադրբեջանցիների գլխին 90- ական թվականների սկզբին, ապա նրանք սխալվում են»: Նրա խոսքից պարզ է դառնում, որ նա չի խուսափել /չէր էլ կարող խուսափել/ հակահայկական կաղապարների օգտագործումից, զերծ մնալ երկրի ղեկավարության վարած հայատյաց քաղաքականության ազդեցությունից: Ի դեպ, նա չի խուսափում նշել, թե ինչ են արել ադրբեջանցիներն հայերի գլխին: «Պարզապես շղթայական ռեակցիա է սկսվել, որտեղ ոչ ոք չի կարող որոշել, թե ով է իրավացի, ով՝ մեղավոր»,- հավելել է ադրբեջանցի երիտասարդը: Ահա նրա խոսքի որոշ հատվածներ. «Եթե ես մենակ մասնակցեի ուկրաինական հեռուստաշոուին, ոչ ոք իմ մասին մի խոսք անգամ չէր ասի:

Թե՞ ես պետք է բեմի վրա Արայիկի կոկորդը կտրեի և ազգային հերոս դառնայի ժողովրդի համար և երկրի խայտառակությունը՝ ամբողջ աշխարհի աչքին… Տարօրինակ է, թե ինչու աղմուկ չբարձրացավ Գարիկ Մարտիրոսյանի և «Բաքվեցի տղաները» ԿՎՆ- ի հայտնի թիմի շուրջ: Չէ՞ որ խաղից դուրս, «Տղաների» բենեֆիսի ժամանակ, ելույթ է ունեցել Գարիկ Մարտիրոսյանը և շնորհավորել բոլորին, սեղմել ամեն մեկի ձեռքը: ՈՒրեմն ինչ է, Գարիկ Մարտիրոսյանը հայ ազգի դավաճա՞ն է: Թե՞ «Բաքվեցի տղաներն են դավաճան, որովհետև պատասխանել են հայի ձեռքսեղմումին… Հայկական և ադրբեջանական հասարակությունների խնդիրն այն է, որ նրանք իրենց զավակներին մեծացնում են մի այլ ազգի հանդեպ ատելության զգացումով:

Մի՞թե դա ճիշտ է: Մի՞թե մեր քաղաքագետները չեն հավաստում, որ Լեռնային Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, Բաքվում էլ 30 հազար հայ է ապրում: Եվ ես կուզենայի հարց ուղղել բոլորին՝ «Իմաստ կա՞ արդյոք կյանքից զրկել ընտանիքի որդուն, եղբորը, քեռուն, հորը և շարունակել այդպես վարվել էլի մի 300 տարի»: Շևգի Ախադովի ասածը Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված բանական և դրվատանքի արժանի խոսք է: Բայց չէ՞ որ ադրբեջանցի բոլոր երիտասարդները հնարավորություն չունեն մեկնել իրենց երկրից և տանելի դաստիարակություն ստանալ արտերկրում: Մեծ մասը մնում է Ադրբեջանում և շնչում հայատյացության թունավոր օդը…

Անի Սանոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին