▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում իտալական արտադրանքի գինն ու որակն իրար չեն համապատասխանում

ArmNews  հեռուստաընկերությունը և  ԱՄՆ-ում հեռարձակվող PanArmenian TV-ն ներկայացրել են նոր նախագիծ՝ «Մաֆիայի խոհանոցը»: Հաղորդավարը իտալացի հայտնի խոհարար Դեյվիդ Վիտո Քուադերնոնն է, ով Հայաստան է ժամանել Իտալիայի Սիցիլիա քաղաքից: Aseksoe.am-ը զրուցել է  հաղորդավարի հետ նախագծի մասին և և ոչ միայն:

Մեզ հետ զրույցի ընթացքում Դեյվիդը պատմեց, որ ինքը Հայաստանում եղել է 6 տարի առաջ գործի բերումով: Այս անգամ նույնպես այցը գործնական բնույթ է կրում:

«Գոյություն ունի մաֆիայի 2 սերունդ՝ հինը և նորը: Ես գիտեմ, որ երկուսն էլ վատ երևույթներ են մեր հասարակության մեջ, սակայն մեր հաղորդումը գովազդ չէ մաֆիայի մասին: «Մաֆիայի խոհանոցը» հեռուստանախագիծը մի նպատակ ունի՝ ներկայացնել, թե ինչ է սիրում ուտել իտալական մաֆիան, պատմել մաֆիայի պատմությունը»,- մեզ հետ զրույցի ընթացքում նշեց Դեյվիդ Քուադերնոնը:

Նրա խոսքով՝ մարդիկ երբեմն սխալ պատկերացում են կազմում մաֆիայի մասին, քանի որ  նրա մասին տեղեկություններ են ստանում միայն հեռուստացույցի կամ համացանցի միջոցով:

«Ես ավելի շատ բան գիտեմ մաֆիայի, նրա ապրելակերպի մասին, քան ուրիշները, քանի որ մեծացել եմ այն քաղաքում, որը համարվում է մաֆիայի ծննդավայրը»,-հավելեց հաղորդավարը:

Ինչ վերաբերում է հայկական խոհանոցին, նա նշեց, որ շատ է հավանել մեր խորովածը, առհասարակ այն բոլոր ուտեստները, որոնք պատրաստված են մսից, իսկ խմիչքներից՝  հայկական գինին:

«Հայկական խոհանոցում հավանում եմ հատկապես այն հանգամանքը, որ բոլոր ուտեստները բնական են, առանց ավելորդ հավելումների»,-ասաց Դեյվիդ Քուադերնոնը:

Իտալացի խոհարարին դուր է եկել հատկապես այն փաստը, որ հայերը շատ են սիրում ուտել հարազատներ կամ ընկերների միջավայրում: Անդրադառնալով իտալացիների և հայերի ունեցած ընդհանրություններին՝ Դեյվիդ Քուադերնոնը նշեց, որ 2 ազգերը շատ ընդհանրություններ ունեն:

«Հայերն ու սիցիլիացիները շատ նման են ոչ միայն արտաքինով, այլև սնվելու, մտածելու ու շատ այլ գծերով: Հայերն էլ մեր պես սիրում են որակով ու համով սնվել»,-ասաց Դեյվիդը ՝ հավելելով, որ Երևանում իրեն երբեմն շփոթում են հայի հետ:

Դեյվիդ Քուադերնոնը վերջերս Իտալիայի դեսպանատանը սիցիլիական խոհարարական ուտեստների ցուցահանդես էր կազմակերպել: Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությամբ ինքը նպատակ ունի մեր երկրում տարածել իտալական սնունդը, հայերին ծանոթացնել իսկական իտալական խոհանոցի հետ:

«Սիցիլիական արտադրանքի» միջոցով հայերը կարող են ձեռք բերել ձիթապտղի յուղ, տարատեսակ երշիկներ, պահածոյացված ապրանքներ, պաստաներ»,- նշեց Դեյվիդը:
Նա ցավով փաստեց, որ Հայաստանում չի կարողանում իտալական որակյալ արտադրանք ձեռք բերել:

«Հայաստանում այն, ինչ ներկայացվում է որպես իտալական, ցածրորակ է ու բարձր արժեքով, այսինքն՝ գինն ու որակն իրար չեն համապատասխանում».- Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց «Սիցիլիայի արտադրանքը» ընկերության տնօրեն և «Մաֆիայի խոհանոցը» հեռուստանախագծի հաղորդավար իտալացի Դեյվիդ Քուադերնոնը:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև՝ Մաֆիան անողոք է, բայց սիրում է համեղ ուտել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին