▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլի Մեծ հայն այլևս Մեծ է, բայց մենք հրաժարվեցինք նրա հայությունից

armweeklynews.am-ը գրում է. Պոլսահայ աշխարհառչակ լուսանկարիչ Արա Գյուլերն իր 70-ամյա ֆոտոարխիվը բոլոր հեղինակային իրավունքներով հանձնել է իշխանություններին մոտ գտնվող «Դողուշ» հոլդինգին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականը: Արա Գյուլերը ստացված գործարքի արդյունքում ամսական ստանալու է 50 հազար լիրա։ Բացի այդ, «Դողուշ» հոլդինգին են անցնելու այն շենքը, որում գտնվում է Ara Kafe-ն եւ Արա Գյուլերի լուսանկարչական ապարատների հավաքածուները։ Նշվում է, որ Արա Գյուլերի արխիվն ու մյուս միջոցները շահագործելու համար «Դողուշ» հոլդինգը ստեղծելու է հատուկ ընկերություն, որի բաժնետոմսերի 40 տոկոսը կլինի Արա Գյուլերի սեփականությունը։ Արա Գյուլերի արխիվը մասնագետների կողմից գնահատվում է 3 մլն եվրո: Փաստենք, Արա Գյուլերի արխիվը չհանձնվեց Պոլսո պատրիարքարանին, ամբողջովին կամ մասամբ այն չժառանգեց հայ համայնքը ներկայացնող համայնքային կառույց, այն, գոնե մասամբ, չնվիրաբերվեց Հայաստանին:

Պոլսահայության մշակության արժեքավոր ժառանգությունն ամբողջովին անցավ կիսապետական կառույցի: Կարող էր այդ ժառագության մի մասն անցնել Հայաստանին: Կարող էր, բայց ինքներս հրաժարվեցինք: 2013 թվականի հունիսին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել էր «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը ներառում էր աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր ժամանակներում արված ավելի քան 100 աշխատանք: Վարպետն անձամբ էր ժամանել Հայաստան և անգամ հյուրընկալվել էր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

Այդ օրերին տարբեր առիթներով Արա Գյուլերը կրկին ցանկություն էր հայտնել, որ Հայաստանում բացվի նրան տուն-թանգարանը, ուր կտեղակայվեր վարպետի արխիվի հայկական թեմայով հատվածը: Չեղավ արձագանք, ոչ ոք չհանձնառեց այդ գործը, լավ իմանալով, որ Արա Գյուլերը, 87-ամյա ծերունին, Աստծո կամոք շտապում է և մտահոգ է իր ժառանգության ճակատագրով:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին