▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սովետում էր նկարում, բայց ո~նց էր ցույց տալիս սովետի բացերը…

Մեր ,,հետամնաց,, սերունդը 1970-ականների վերջին եւ 80-ականներին երեւանյան կինոթատրոններում նայում էր Տարկովսկու, Բերգմանի, Ֆորմանի, Ֆելինիի եւ հեղինակային կինոյի այլ հռչակավորների ֆիլմերը եւ, միաժամանակ, հաճույքով դիտում էր Էլդար Ռյազանովի ֆիլմերը: Շատ էինք սիրում ,,Բաղնիքդ անուշը,, որ այն թվերին ցույց էին տալիս Նոր տարուն:

Սիրում էինք եւ հիմա էլ սիրում ենք նաեւ Ռյազանովի մնացած բոլոր ֆիլմերը: Ռեժիսորը սովետում էր նկարում, բայց ո~նց էր ցույց տալիս սովետի բացերը…

Հենց նույն` ,,Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ,, ֆիլմը, երբ առաջին անգամ տեսա 1980-ականների սկզբին, ուղղակի, ապշեցի…Մարդը ենթատեքստով ասում էր` որ քաղաքն ուզում ես մեկնիր, բոլոր տեղերում կա նույն հասցեն, բնակարանի նույն համարը…. Այսինքն` համարձակորեն պատկերում էր գազոնացման միտումը, որ կար սովետում, որտեղ բոլորը պետք է ապրեն նույն կերպ: Ոչ մի անհատականություն: Բայց Ռյազանովը Ռյազանով չէր լինի, եթե չներկայացներ Անհատականությանը:

Նրա ստեղծած մնացած ֆիլմերի մասին էլ չեմ խոսում, որոնց անհամբեր սպասում եւ որոնցով հրճվում ու հիանում էր մեր սերունդը /,,Կայարան երկուսի համար,, ֆիլմի վերջին տեսարանը ինչ ապրումներ էր առաջացնում մեր մեջ…անհնար է ներկայացնել, եւ կամ` ,,,Դաժան ռոմանսը,,/:

Դասական կամ ժամանակակից գործերի հիման վրա ստեղծված Ռյազանովի ֆիլմերը, որոնք ժամանակին ,,սուտի գրաֆոմանները,, ,,տոմսարկղային,, կինո էին անվանում` այնուհանդերձ, ինձ համար երբեք էլ այդ ֆիլմերը մասսայական կինո չեն համարվել` այդ բնորոշման բացասական իմաստով:

Անգամ այդպիսին համարվելով հանդերձ`շատ ավելին են տվել հանդիսատեսին, քան այն ֆիլմերը, որոնք համարվել են ,,բարդ ու բարձրարժեք,,:

Կատակերգա-ողբերգական ժանրի այդ ֆիլմերում ներկայացվում է ամենակարեւորը` մարդկային հոգու վեհությունը…. Պետք չէ դա չտեսնելու տալ միայն այն պատճառով, որ դա սովետական կինո է…

Թեկուզ սովետական, բայց մի ողջ կինոդարաշրջան է Ռյազանովի կինոարվեստը…

Ափսոս, որ այլեւս կանգ առավ այդ կինոերակը…

Շատ ափսոս…

Սովետը հատուկ ծրագրի շրջանակներում ատող, բայցեւ` Ռյազանովի կինոմտածողությամբ ժամանակին հիացած` ազգությամբ հայ աշխարհաքաղաքացիները կարող են չկարդալ իմ այս գրառումը…

 

Կիմա Եղիազարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին