▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոներն են մոտենում...Հայաստանի ամենաքաղցր տոնածառը

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը Օրրան հասարակական կազմակերպության և Մարի Իզմիլյանի անվան մանկատան հետ միասին կազմակերպել էին ամանորյա տոնածառի զարդարում կարիքավոր և հաշմանդամ երեխաների համար: Հյուրընկալվել էին 20-ից ավելի երեխաներ, որոնք իրենց անկեղծ ժպիտներով և մանկական բարի հայացքներով վարակեցին ներկաներին:  Սկզբում երեխաները իրենց իսկ ձեռքով պատրաստեցին փոքրիկ թխվածքաբլիթներ, որոնք էլ միջոցառման վերջում կախեցին տոնածառից: Երեխաները համեղ ու բազմազան ուտեստներ համտեսելուց հետո երգեցին, պարեցին ու զանազան խաղեր խաղացին ծաղրածուի հետ:

«Դեկտեմբերի 1-ից Օրրանը սկսում է  ամանորյա տոների մեկնարկը: Շատ գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել, որ այս օրը սկսում ենք հենց Մարիոթ հյուրանոցում: 12 տարի է արդեն, ինչ անցկացվում է այս միջոցառումը: Սակայն սրանով չի սահմանափակվելու երեխաների ուրախությունը. այս տարի Օրրաննի շուրջ 200 երեխա որպես ամանորյա նվեր՝ կստանա պլանշետ»,- նշեց Օրրան հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:

Խոսելով ամանորյա նվերների ընտրության մասին՝ տիկին Հովհաննիսյանը մասնավորապես նշեց. «Այս տարի որոշեցինք երեխաներին նվիրել ոչ թե խաղալիք, այլ պլանշետ, քանի որ կարծում եմ, որ երեխաներն այն տարիքում են և ժամանակների պահանջն այնպսիսն է, որ պլանշետերի օգնությամբ կարող են ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել»:

Անդրադառնալով միջոցառման նպատակին՝ Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ այդ համատեղ նախաձեռնությունը հաշմանդամ և կարիքավոր երեխաներին ուրախացնելու առիթ է և նրանց հասարակության մեջ ինտեգրելու ևս մեկ կարևոր քայլ:

Միջոցառմանը մասնակցում էին  նաև Օրրանի բարեկամներն ու նրանց փոքրիկները, ովքեր միանալով նման նախաձեռնություններին՝ աջակցում են  հաշմանդամ եւ կարիքավոր երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու գործին:

 

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարները՝ Արմեն Հակոբյան-Թամրազյանի

72157661192675389

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին