▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

17 տարվա վաղեմության զրույց՝ Կայարանցի Փայլակի հետ

Երբ տեղեկացա քրեական հեղինակություն, ԽՍՀՄ տարիների  հայտնի  ՛՛ռեկետչիկ՛՛ Կայարանցի Փայլակի մահվան մասին, հիշեցի  մոտավորապես 17 տարվա վաղեմության  իմ զրույցը նրա հետ, որի մասին գրում եմ առաջին անգամ:

  Մեր պայմանավորվածությունը չխախտելու համար, այդուհանդերձ կներկայացնեմ մի քանի փոքրիկ պատառիկներ մեր զրույցից՝ հուսալով, որ դրանք կտան հանրությանն այդքան հայտնի և միաժամանակ առեղծվածային անձի էությունը բացահայտող որոշ հարցերի պատասխաններ:

Այն ժամանակ դեռ նոր էի սկսում լրագրողական կարիերաս քրեական աշխարհի թեմաներով, քրեական աշխարհն էլ կարծես սկզբունքայնության առումով դեռ չէր ՛՛որակազրկվել՛՛ այնչափ, որ կրիմինալը դառնար ոստիկանների բացահայտ պաշտպանն ու ՛՛ախպերը՛՛. այն ժամանակ հանցաշխարհի կանոնները խախտողին պատժում էին խստորեն ու արագ: Եվ ես միշտ մտածում էի՝ եթե իշխանությունն էլ նման սկզբունքայնություն ունենար, վերքերից տառապող մեր երկիրը արագ ոտքի կկանգներ:

Եվ ահա ես էլ որոշեցի քրեական աշխարհի բացահայտումն ինձ համար սկսել ոչ ավել- ոչ պակաս հանրությանը հայտնի ՛՛Գող Փայլակի՛՛ հետ հարցազրույցով: Իհարկե գիտեի, որ կրիմինալ աշխարհում ընդունված չէ հարցազրույց տալ, սակայն հույս ունեի գոնե անձամբ տեսնել ու ճանաչել ԽՍՀՄ տարիներից, Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարման ժամանակներից ահ կամ պատկառանք ներշնչող այդ անձին:

Նրան հանդիպելու հնարավոր 3 տարբերակներից ընտրեցի իմ կարծիքով՝ չմերժվելու  ամենահավանական տարբերակը: Առաջարկս փոխանցեցի նրա մերձավոր շրջապատից մի անձի միջոցով, ում նա վստահում էր: Չսխալվեցի. համաձայնեց՝ հանդիպել, բայց՝ առանց հարցազրույցի նախապայմանի:

Ինձ դիմավորեց նրա վստահելի անձանցից մեկը, ամեն դեպքում՝ճշտեց անունս, ով լինելս, այցիս նպատակը և ուղեկցեց Կայարանցի Փայլակի տանից ոչ հեռու գտնվող մի վայր, որտեղ վերջինս հաճախ էր լինում: Մտա ներս, նայեցի դիմացի պատի մոտնստած ալեհեր,բայց ճարպիկուվազվզող աչքերով պապիկին, մտքումս մտածեցի՝՛՛չէ բոբո չի՛՛  և շատ հանգիստ ժպիտով բարևեցի ու ներկայացա: Առաջարկեց նստել և առաջին հարցը, որ ուղղեց ինձ՝ ճշգրտող բնույթի էր. հարցրեց, թե ո՞ւմ միջոցով և ինչպե՞ս եմ գտել իրեն: Պատասխանս կարծես վստահություն ներշնչեց,  և նա հանգիստ շարունակեց՝ հասկացնելով, թե ինչով էր պայմանավորված այդ զգուշավորությունը:

Նրա խոսքով՝ տարիներ առաջ մի երիտասարդ աղջկա պատճառով ինքը ՛՛շառի՛՛ մեջ էր ընկել: Այդ աղջիկը, իմանալով իր ով լինելը, եկել էր խնդրելու՝ ստանալ իր փողերը: Մեծ քանակությամբ կոնյակ էր արտահանել Ռուսաստան, սակայն նրան ՛՛քցել էին՛՛ ինչ-որ անձինք: ՛՛Ռեկետյոր՛՛ Փայլակն էլ իր կապերով ճշտել էր, որ իրոք, չի խաբում ուղարկված խմբաքանակի մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել էր՝ այդ փողը ստանալ: Դրանից հետո նրա ՛՛վրա՛՛ զենք էին դրել և ձերբակալել: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ այդ աղջիկը Վազգեն Սարգսյանի շրջապատի մարդկանցից է:

Իհարկե հետո բաց էին թողել, սակայն զրուցակցիս խոսքով իշխանության կողմից քրեական աշխարհի ներկայացուցիչների ՛՛վրա՛՛ զենք դնելը և մեկուսացնելը սովորական երևույթ է եղել, հատկապես՝ ընտրությունների ժամանակ, եթե հրաժարվում ես իրենց համար ձայներ հավաքել:

Այդ նախաբանից հետո Կայարանցի Փայլակն առաջարկեց ինձ՝ միասին գնալ ռեստորան և այնտեղ զրույցը շարունակել: Ասաց՝ ՛՛Էլմիրա ջան պատիվ կտամ, բայց հարցազրույցը մտքիցդ հանի՛՛: Որոշեցինք՝ առանց որևէ տեղ գնալու, պարզապես զրույցը շարունակել, որը տևեց մի քանի ժամ:

Անցանք նրա ՛՛ահուսարսափի՛՛ տարիներին, թե ինչու՞ էին մարդիկ այդքան վախենում իրենից, ահասարսուռ պատմություններ պատմում: Թեթևակի ժպտաց ու ասաց. ՛՛Էլմիրա ջան, մի հավատա: Ասում են՝ Դեմիրճյանի հետ եմ մոտ եղել, սրա- նրա ոտ եմ ջարդել, սպանել… մի հավատա՛՛:  Հետո մի պահ երևի հիշողությունների գիրկն ընկավ. մի հայացք գցեց ինձ՝ ոտքից- գլուխ, հագիս՝ երկար մուշտակ էր, և ասաց՝ ՛՛Է՜ էն տարիները լինեին, բա դու հիմա ըտենց հանգիստ կնստե՞իր…՛՛Անհարմար զգացի՝ հարցնեի՝ իսկ ի՞նչ կարող էր լինել Փայլակ պապի…Մինչ օրս պատասխանը չեմ գտել:

Մեր ամբողջ զրույցի ընթացքում, նրա ուշադրությունից ու խորաթափանց և մի քիչ էլ երիտասարդական հանդգնությունը պահպանած աչքերից չէր վրիպում շրջապատի որևէ շարժում, հնչած խոսքի որևէ նրբերանգ:

Ընտանիքի և կյանքից վաղ հեռացած կնոջ մասին խոսելիս՝ աչքերը թախծում էին, հոգում դաջված ցավն ու ափսոսանքը կարծես զգացնել էին տալիս: Նրա սրտի այդ անկյունը կարծես այլևս դատարկ էր մնալու…

Հ. Գ. Կայարանցի Փայլակը մահացավ պատկառելի տարիքում, ինչը շատ հազվադեպ է լինում քրեական աշխարհում և հատկապես՝ հիմա: Նա ապրեց՝ մինչև վերջ էլ պահպանելով իր հարգանքն ու ազդեցությունը քրեական աշխարհի՝ նաև նոր սերնդի մոտ…

Էլմիրա Մարտիրոսյան

Նյութի աղբյուրը՝ lakmoes.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին