▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի հետ վիճաբանած քաղաքացին կրկին հանդիպել է նրան ու բողոքել ՍԱՍ-ի Արտակից. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. 67-ամյա Նորայր Եփրեմյանը, որն անցած տարի կտրել էր Սերժ Սարգսյանի ճանապարհը եւ ասել՝ Ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը, երեկ մեր զրույցում պնդեց, որ  Սահմանադրությունը փոխվել է, բայց դատարանները՝ոչ:

Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերի 18-ի վաղ առավոտյան Սերժ Սարգսյանի առանձնատուն տանող դարպասների մոտ՝ Պռոշյան փողոցում, Կոզեռնի բնակիչ Նորայր Եփրեմյանը մոտեցել էր Սերժ Սարգսյանին եւ փորձել իր խնդիրը ներկայացնել նրան. «Երեք անգամ էլ թուղթ եմ տվել ձեզ, դատախազին…, դատարանը մերժեց»,- ասել էր քաղաքացին: Սարգսյանը թույլ չէր տվել շարունակել՝ նկատելով. «Հիմա ի՞նչ ես ուզում, ես դատարանը չեմ, դատարանի փոխարեն ի՞նչ ասեմ»: Քաղաքացին դժգոհել էր, թե դատարանը չի գործում: Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը պատասխանել էր. «Շատ հնարավոր է»: Սարգսյանի պատասխանը զայրացրել էր քաղաքացուն. «Ո՞նց թե հնարավոր է»: Սերժ Սարգսյանը շարունակել էր՝ ասելով, թե Սահմանադրությունը կփոխվի, դատարանն էլ կգործի: «Դուք ձեզ փոխեք»,- բարկացել էր Եփրեմյանը:

Նորայր Եփրեմյանը երեկ եկել էր մեր խմբագրություն: Նա մեր զրույցում պատմեց, որ հայտնի խոսակցությունից հետո կրկին հանդիպել է Սերժ Սարգսյանին:  «Մեկ ամիս առաջ հանդիպեցի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ. նա եկել էր մասնակցելու մեր մեծերից մեկի հուղարկավորությանը: Մոտավորապես մի 30 րոպե ինձ հատկացրեց, մեկ-մեկ բացատրեց, ասեց՝ ես խնդրից տեղյակ եմ, քեզ բացի նախագահից տղամարդու խոսք եմ տալիս, որ քո հարցերը կլուծվեն այնպես, որ ամբողջ կյանքդ ինձ շնորհակալ կլինես ու կօրհնես ինձ: Դու արխային գնա, սպասի, ամեն ինչ շատ լավ կլինի, դու ինձ հավատո՞ւմ ես.... Ես էլ ասեցի՝ էսքանից հետո ո՞նց չհավատամ»,- զրույցից մանրամասներ ներկայացրեց Եփրեմյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի հետ առաջին «հանդիպումից» անմիջապես հետո իր բնակարան են այցելել նրա անվտանգության աշխատակիցները եւ սկսել զբաղվել իր խնդրով: «Ինձ էլ թվաց՝ վերջ, խնդիրը լուծված է»,- հավելեց Եփրեմյանը:

Ներկայացնելով իր խնդիրը՝ Նորայր Եփրեմյանն ասաց, որ  2005 թվականին, ՍԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրեն, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը իրենց փողոցի սկզբնամասում երկու ճանապարհների խաչմերուկին կից հողատարածք է գնել եւ 7 հարկանի առանձնատուն կառուցել։ Այնուհետեւ խաղահրապարակի եւ լողավազանի համար որոշել է ընդլայնել տարածքը։ Կարողացել է հարեւանների հետ համաձայնության գալ, իսկ իրենց պարագայում համոզվելով, որ իրենց տունը հեռու է, պայմանավորվել է բնակարանով փոխհատուցել, նոր փակել ճանապարհը, սակայն այդպես էլ չի կատարել խոստումը։ «Եկավ իմ տուն, ասեց, որ պետք է տարածքը լայնարձակեմ, ես էլ բացատրեցի, որ առանց ճանապարհ ո՞նց կլինի: Ինքն էլ ասեց, որ ոնց ուզում ես, որտեղ ուզում ես, քեզ տուն առնենք, գումարը տանք, քո հարցերը լուծենք: Ես հավատացի իր ազնվությանը: Տուն գտա, ՍԱՍ-ի Արտակին ասեցի դրա մասին, ինքն էլ ինձ պատասխանեց, թե ինչ տուն, ես ե՞րբ եմ քեզ նման բան ասել, ես քեզ նույնիսկ չեմ էլ ճանաչում, այ սենց սրիկայություն, խաբեբայություն»,- վրդովված պատմեց քաղաքացին:

Անդրադառնալով իր եւ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպմանը, Եփրեմյանն ասաց, որ այդ հանդիպումից հետո մասնագետի հետ գնացել են Հարավ-Արեւմտյան թաղամաս՝ բնակարան ընտրելու: «Տունը ցույց տվեցին, հավանեցի, եկանք, հիմա էլ էդ մարդիկ ատկազ են կանգնում, ասում են՝ թանկ ա, անընդհատ տանում, բերում են, բայց ոչ մի լուծում»,- ասաց մեր զրուցակիցը: Նա նշեց, որ  արդեն 10 տարուց ավելի է, դիմում է դատարաններ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ոստիկանություն, սակայն անօգուտ: Ի պատասխան մեր հարցին, Եփրեմյանն ասաց, որ Արտակ Սարգսյանի դեմ հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իրեն պատճառված վնասը փոխհատուցել: 

«Նախագահող դատավոր Գայանե Կարախանյանն էլ եկավ, դիտեց, ինչ բացատրում էինք, ասում էր՝ վա՜յ, հասկացա՛նք, Եփրեմյա՛ն, հասկացա՛նք, իսկ հետո հայցն ընդդեմ Արտակ Սարգսյանի մերժել է: «Մերժել է՝ հերիք չէ, դատական ծախսն էլ թողել է ինձ վրա: Դատարանի որոշումը բողոքարկել եմ վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչն այն վարույթ չի ընդունել, իբր սխալներ կային բողոքում: Ինձ համար արդեն ամեն ինչ պարզ էր: Արդեն մի քանի տարի է, ինձ ուղարկում են  նախագահի վերահսկողական ծառայություն, դիմում եմ գրում, բայց էլի ոչ մի արդյունք: Հիմա էլ զանգում եմ նախագահական, բայց ոչ մի բաժին իմ զանգերին չի պատասխանում: Իմ բողոքը ՍԱՍ-ի Արտակից չի, ՍԱՍ-ի Արտակները մի հատ չեն, հազարավոր են, ես բողոքում եմ էս կառավարությունից, էս մեր գործող համակարգից, դատարաններից, որ իբր Սահմանադրությունից հետո պետք է գործեր, բայց չի գործում: Ես դիմում եմ Սերժ Սարգսյանին՝ պարոն նախագահ, ես իմ հավատը դեռ չեմ կորցրել, դուք դեռ ժամանակ ունեք, գոնե տղամարդու խոսքը կատարեք, դուք ձեր տված խոսքը կատարելո՞ւ եք ի վերջո, թե՝ ոչ: Հասկանում եք, իմ տարածքը իմ ձեռքից չեն առել, բայց իմ տունը հիմա 10 դրամի արժեք չունի, որովհետեւ անճանապարհ տուն է, ոչ կարողանում եմ վաճառել, ոչ կարողանում եմ ապրել, արժեզրկված է տունը, իմ հայրական օջախը հարամել են իմ գլխին: Իմ տունը հիմա, կարելի է ասել՝ բլոկադայի մեջ է, մեքենայի ճանապարհ ընդհանրապես չկա: Աստված չանի՝ հանկարծ հրդեհ լինի կամ մարդ վատանա, ոչ մի մեքենա չի կարող մոտենալ այդ տարածքի տներին»,- եզրափակեց Նորայր Եփրեմյանը:

Տես նաև՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին