▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրատվական կայքի գործադիր տնօրենն ու աշխատակիցը կալանավորվեցին

Կալանավորվել են «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրենն ու աշխատակիցը՝ շորթում կատարելու մեղադրանքով 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և աշխատակից Վարդիթեր Գ.-ին՝ ՀՀ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև  վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին