▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ամեն ինչ չէ, որ ասում եմ, ասելու շատ բաներ ունեմ. Վահան Բադասյան

lragir.am-ը գրում է. Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

Պարոն Բադասյան, իշխանության ներկայացուցիչները այս օրերին խոսում են այն մասին, որ կորցրած տարածքներն իրականում կարևոր նշանակություն չունեցող տարածքներ են և այլն։ Ի՞նչ նշանակություն ունեն այդ տարածքները։

Ինքնին հարցը սխալ է դրված նախագահի կողմից, երբ նա խոսեց Վիեննայից վերադառնալիս։ Հարցն այն է, որ վերցվել են դիրքեր, իսկ դիրքը չի լինում առանց ռազմավարական նշանակության, առավել ևս, որ այդ կորցած դիրքերն արժեցել են մի բան, որ երկու գյուղում ապրելը դարձել է վտանգավոր։ Բայց հարցը դա էլ չի, այլ նա է, որ բացի երկու գյուղ կորցնելուց, ամբողջ Արցախում ստեղծվել է տպավորություն, որ վաղը կարող են նորից դիրքեր զիջել։ Ադրբեջանում, ընդհակառակը, տպավորություն է ստեղծվել, որ թեկուզ զոհերի գնով, բայց կարող են նորից դիրքեր վերցնել։ Այսօր մարդիկ հայտարարում են, թե դա ռազմավարական նշանակություն չունի։ Այդ ասողները թող գան ընտանիքով այդ տարածքներում ապրեն, այդ ժամանակ կասեն՝ դա ռազմավարական նշանակություն ունի, թե ոչ։ Ես բազմիցս ասել եմ, որ այդ դիրքերը պարտադիր պետք է հետ վերցնել, և ոչ միայն այդ տարածքները հետ վերցնել։ Մենք պետք է պատերազմին վերջ տանք առավել կարևոր ռազմավարական նշանակության բնակավայրեր գրավելով։ Թալիշից այն կողմ գնտվում է Լենինավանը, Մարաղան, Չայլուն, Վերին Չայլուն, Շահումյանի ողջ շրջանը, Մարտունաշենն ու Գետաշենը, հայկական շատ-շատ բնակավայրեր։ Մենք այդ տարածքները պետք է վերցնենք, ու դա ագրեսիա չէ Ադրբեջանի նկատմամբ, որովհետև դա մեր տարածքների, մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների ազատագրումն է։

 

Երկրորդ, դա մի բնագիծ է, որն ապահովում է Արցախի բնակչության անվտանգությունը։ Մենք պետք է այդ տարածքներն ազատագրենք, որպեսզի հակառակորդը վերջ դնի պատերազմին և չփորձի ռմբակոծել մեր բնակավայրերը, ինչպես ռմբակոծեց Մարտունին, որտեղ երեխա զոհվեց, գնդակոծեց Մարտակերտը, Մարտակերտի գյուղերը։ Աշխարհի գերտերություններին, որոնք պետք է կարգավորեն հարցը, մենք ասելու բան շատ ունենք։ Մենք աշխարհին հասկանալի լեզվով կբացատրենք, և նրանք կհասկանան, ու մեր արածը կհարգվի։ Նաև մեզ կհարգի Ադրբեջանը և մեզ հարգելով հարցը կփորձի լուծել խաղաղությամբ։ Ես ամեն ինչ չէ, որ ասում եմ, ասելու շատ բաներ ունեմ, թե ինչ պետք է անել։ Այսօր մենք ավելի պետք է հզորացնենք մեր բանակը, մեր բնակչությունը, Հայաստանի ու Արցախի տնտեսությունները։ Սրանք հարցեր են, որոնք կամրացնեն մեր անվտանգությունն ու պետականությունը։ Ցավոք, այսօր դա չի արվում։ Հետևեք մամուլին ու հեռուստատեսությանը, կտեսնեք, թե ինչպես են խոսում մեր պաշտոնյաները, նրանց տրամաբանությունը, հիմնականում հիմարություններ են դուրս տալիս՝ լինի դիրքերի վերաբերյալ, տնտեսության այս կամ այն ոլորտի զարգացման, արտաքին քաղաքականության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Այս բոլորը մեր խնդիրներն են, որ ՀՀ իշխանությունները պետք է համակարգված և ուղղորդված առաջ տանեն, բայց չեն անում։ Իշխանությունը բետոնապատ կոնստրուկցիայի նման մի բուրգ է սարքել, որը սպասարկում են միանգամայն անպետք մարդիկ։ Ես հիմա չթվարկեմ, Հայաստանում բոլորն էլ գիտեն նրանց։ Իսկ երբ ուզում ես ձեռք տալ բուրգին, հասնել նրան, որ այդ մարդիկ հեռու մնան ազգադավ քայլերից, բուրգի վերևում գտնվողները հարձակվում են ու փորձում են պաշտպանել բուրգը։ Սա է մեր ցավը։

 

Անդրադառնալով կորցրած դիրքերին, այդ դիրքերին նշանակություն տվողը նրանք չեն, որոնք ասում են, թե դրանք ամայի հողեր և ու կարևոր չեն։ Ես ասել եմ և պնդում եմ՝ ամբողջ արցախահայությունը, որն այստեղ ապրում է, այս հողը պաշտպանում է, նա բոլորից լավ գիտի՝ այդ հողը կարևո՞ր է, թե ոչ։

 

Հիմա իշխանությունը նաև երկընտրանքի հարց է բարձրացնում՝ զինվորների կյա՞նքը, թե տարածքները։ Ինչպե՞ս եք գնահատում հարցի նման դրվածքը։

 

Դա վախկոտ և անգործ մարդու տրամադրություն և տրամաբանություն է։ Իսկ ով է ասել, որ մենք զոհեր ենք տալու այդ դիրքերը վերադարձնելու համար։ Մենք զոհեր տվեցինք, և դիրքերը հանձնվեցին, հիմա սխալների մասին չխոսենք, որոնք թույլ տրվեցին, եղածը եղած է, բայց շարունակել սխալները և հետ չվերցնել այդ դիրքերը, դա անգործ մարդկանց խմբի հայտարարություններ են, որովհետև նրանց նպատակը հայրենիքի կառուցումը չէ, հայերնիքի պաշտպանությունը չէ։ Նրանց նպատակը սեփական իշխանության պահպանումն է։ Զոհերից են խոսում, իսկ ով է ասել, որ պատերազմում զոհեր չեն լինում։ Ո՞վ է երաշխիք տվել, որ վաղը հակառակորդը չի հարձակվելու նորից։ Իսկ եթե հարձակվեց, ո՞վ կտա երաշխիք, որ զոհեր չեն լինի։ Իսկ եթե մենք դիրքերը հետ չվերցնենք, այդ դեպքո՞ւմ է ավելի մեծ վտանգը, որ ադրբեջանցիների կհարձակվեն, թե եթե հետ վերցնենք ու գլուխները ջախջախենք։

 

Ո՞ր դեպքում է երաշխիքը մեծ, որ չեն հարձակվի։ Իհարկե, այն դեպքում, երբ մենք դիրքերը հետ վերցնենք, միանշանակ չեն հարձակվի, քանի որ մենք կդառնանք իրադրության տերը։ Ես նորից կրկնում եմ՝ այդ դիրքերը պետք է անհապաղ հետ վերցնել։ Հիմա նախագահը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, հրաժարվեց, ասաց, որ ի վիճակի չէ հողերը հետ վերցնել, և ովքեր ուզում են, թող գնան հետ վերցնեն։ Մենք ուզում ենք հետ վերցնել, թող ուրեմն մեզ տրամադրի ամեն ինչ՝ բանակ ու հրամանատարություն, որովհետև դա մի խմբի գործ չի, բանակի գործն է։ Ես, օրինակ, պատրաստ եմ, թող տա բանակը, հրամանը, և ես հետ կվերցնեմ այդ տարածքները։ Ես ամեն ձևով պատրաստ եմ, ու ոչ թե սրճարանում նստած, ինչպես գերագույն գլխավոր հրամանատարն է ասում, այլ բանակի շտաբում պատրաստ եմ նախագծել, ծրագրել ու նվազագույն կորուստների գնով հետ վերցնել դիրքերը։ Բանակը ևս պատրաստ է, դրանում ես համոզված եմ։

 

Պարոն Բադասյան, ԼՂՀ  և ՀՀ իշխանությունը կարծեք թե ԼՂՀ խնդրի լուծման տարբեր ճանապարհներ են տեսնում։ Ինչի՞ կհանգեցնի սա։

 

Միանշանակ, Արցախի ղեկավարությունը համարժեք է արձագանքել ապրիլյան իրադարձություններին։ Այսօր ժողովուրդը, և իշխանությունները, և բանակի հրամանատարությունը, միահամուռ են արձագանքում, և արձագանքել են սխալներին, որ գալիս են պաշտոնական Երևանից։ Եվ սա բնական է, քանի որ այստեղ և իշխանությունը, և ժողովուրդը գտնվում են մեկ դաշտում, բոլորի ընտանիքները, երեխաները գտնվում են նույն վտանգի տակ և պարզ է, որ բոլորը պետք է անեն այն, ինչ ճիշտ է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին