▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շոգ եղանակին ակտիվանում են վարակիչ հիվանդությունները

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի, ինչպես նաև կենցաղային շփումների միջոցով: Դրանց հարուցիչները տարածված են շրջակա միջավայրում, սակայն աճման և բազմացման համար պահանջվում են որոշակի պայմաններ:  Մանրէների մեծամասնության բազմացման համար հատկապես կարևոր է ջերմաստիճանը՝ 18-20 Cº-ից բարձր:

 Այս է պատճառը, որ աղիքային վարակներին բնորոշ է սեզոնայնությունը: Հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում՝ հիմնականում գարնանը և ամռանը, երբ առկա են նպաստավոր պայմաններ: Այսպես՝ սննդամթերքը բարենպաստ պայմաններում մանրէների աճման և բազմացման համար դառնում է սննդային միջավայր: Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ:

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ են հետևյալ ախտանշանները. լուծ, թուլություն, սրտխառնոց, փսխում, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ:

Նշված ախտանշանների դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկական օգնության. ինքնաբուժումը, հակաբիոտիկների անհարկի օգտագործումը կարող են հանգեցնել հիվանդության քրոնիկական ընթացքի, ինչպես նաև դեղակայուն ձևերի առաջացման:

Աղիքային վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է.

- մրգերը, բանջարեղենը, հատապտուղները, կանաչեղենն օգտագործել միայն հոսող մաքուր ջրով լվանալուց հետո,

- սննդամթերքը և պատրաստի սնունդը պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,

- գնումներ կատարելիս ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,

- չգնել փողոցներում, բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, սննդամթերք,

- սնունդը պատրաստելիս այն լավ եփել կամ տապակել՝ դրանք պահելով փակ տարաներում և սառնարանում,

- արագ փչացող սննդամթերքը պահպանել միայն սառնարանային պայմաններում, առանձնացնել հում սննդամթերքը եփածից,

- խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին. ձեռքերը լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելիս և ուտելուց առաջ, տրանսպորտից, սանհանգույցից օգտվելուց հետո,

- չօգտագործել կասկածելի ջուր, եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո,

- ծորակի ջուրն օգտագործել միայն մի քանի րոպե հոսելուց հետո,

- խմելու ջրի որակի փոփոխությունների (համի, հոտի, պղտորության առկայություն) դեպքում անմիջապես ահազանգել ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին,

- արգելել երեխաների լողը դեկորատիվ ջրավազաններում, գետերում և այլ ջրավազաններում, որոնք նախատեսված չեն լողի համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին