▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես էր բլոգերն ամուսին փնտրում

 Միայն ընտանիք կազմելու համար

Մի անգամ Ֆեյսբուքը սովորության համաձայն իր հիշողության խորքերից մեկ տարվա հնության լուսանկար պեղեց՝ բանկոմատին կպցրած փոքր գովազդային հայտարարություն. «Առաջարկում ենք կյանքի ընկեր գտնել և երջանիկ լինել»:

Զանգահարեցի նշված հեռախոսահամարով:

- Ողջույն:

- Ողջույն, - պատասխանեց տղամարդու ձայնը:

- Ամուսնանալու համար ծանոթույունների կենտրո՞նն է:

- Այո:

- Ինձ ձեր օգնությունն է պետք: Ի՞նչ անեմ:

- Ի՞նչ է ձեր անունը:

- Նինո:

- Տարի՞քը:

- Շուտով՝ 33:

- Խնդիր չէ: Գրանցվելու համար համեցեք Բակրաձե փողոց: Չմոռանաք անձը հաստատող փաստաթուղթ վերցնել ու մի լուսանկար:

- Ի՞նչ լուսանկար:

- Ձեր ընտրությամբ, որ մեծ լինի: 9х13 կամ 10х15:

- Արժե՞քը:

- Մեկ տարով գրանցումն արժե 70 լարի:

- Եվ կարող եմ վստահ լինել, որ թեկնածու կգտնե՞ք ինձ համար:

- Մենք բավականին մեծ բազա ունեն: Ձեզ անկետաներ, լուսանկարներ ցույց կտանք և կընտրեք նրան, ով ձեզ դուր կգա: Հետո կզանգահարենք այդ մարդուն, կպատմենք Ձեր մասին, և եթե նա համաձայնի, կծանոթացնենք ձեզ:

- Գումարը միանգամի՞ց ենք վճարում:

- Երբ ընտանիք են կազմում, սեր են փնտրում, փողի մասին չեն խոսում: Գրանցվելուց 10 օր անց պետք է բանկում վճարում կատարեք:

- Պարզ է:

- Ընդ որում, եթե չեք աշխատում և սոցիալապես անապահով եք, կարող ենք զեղչ անել:

- Ոչ, շնորհակալություն, ցտեսություն:

Որոշեցի փորձարկումս մինչև վերջ հասցնել: Երկրորդ անգամ եմ անցնում Բակրաձեն: Նախորդ դարի 80-ականներին խորհրդային ոճով կառուցված և օդորակիչներով պատված շենքը հեռվից է երևում: Վերելակից դուրս գալիս հայտնվում եմ կիսախավար միջանցքում, դռներից մեկի մոտ նկատում եմ գովազդային լուսանկարը: Զգուշությամբ թակում եմ:

Սեյակում երիտասարդ կին է նստած, ժպիտով է դիմավորում: Հասցնում եմ շուրջս նայել, քանի դեռ Սալոմեն անկետան է պատրաստում:

Բոլորովին այլ կերպ էի ինձ պատկերացնում այս կենտրոնը, նվազագունը՝ ինչպես հոլիվուդյան ֆիլմերում է: Իսկ այստեղ կարմիր սրտիկների և թմբլիկ կուպիդոնների փոխարեն պատերին դրոշներ են ու նախկին վարչապետի նկարները: Պատին «Կրիստալ» ամսագրի շապիկների ցուցադրություն է: Դրանցից մեկի վրա գրված է «Լքված աղջիկների ուղեցույցները»:

Հայացքս գցում եմ պատի այն հատվածին, որն ամբողջությամբ պատված է լուսանկարներով՝ զույգեր են ժպտում:

«Այս բոլոր մարդկանց ձեր կենտրո՞նն է օգնել», - հարցնում եմ Սալոմեին և փորձում ձայնիս հիացմունք հաղորդել՝ հույսի նրբերանգով:

«Այո, ամբողջ պատն էր պատված լուսանկարներով, չէին տեղավորվում, և մի մասը ստիպված էինք հանել», - հպարտությամբ պատասխանում է նա և տալիս անկետայի լրացման համար առաջին հարցը.

- Ձեր հասակն ու քա՞շը:

Դրան հետևում է ստանդարտ հարցերի շարան՝ իմ հորոսկոպի նշանը, ամուսնացած եմ եղել, թե՝ ոչ, ունեմ արդյոք երեխաներ, ծնողներ, քույր, եղբայր, մասնագիտությունս, աշխատանքի վայրս, արդյոք ունեմ տուն և ավտոմեքենա, արդյոք օգտագործում եմ սպիրտային խմիչքներ, ծխում եմ, թե՝ ոչ:

Մի փոքր սկսեցի ձանձրանալ, հանկարծ հիշեցի խորհրդային մանկությունից մի դրվագ՝ «Գրուզստատի» խորհրդային ոճի շենքը, որտեղ աշխատում էր մայրս և ինձ հետն աշխատանքի էր տանում:

«Ի՞նչ տարիքի տղամարդու հետ կցանկանայիք ծանոթանալ, ստորին և վերին սահմանը նշեք», - ես սթափվում եմ Սալոմեի հարցից:

«Հմ… երբեք այդ մասին չեմ մտածել: Թող լինի մինչև 40 տարեկան», - պատասխանում եմ ես:

Ավելի հետաքրքիր մասն է սկսվում: Պետք է թվարկեմ, թե ինչ առավելություններ պետք է ունենա ապագա ամուսինս:

- Բարձրագույն կրթությունը պարտադիր է, չէ՞:

- Սեփական տուն և աշխատանք նույնպե՞ս:

Ամեն ինչին համաձայնում եմ՝ գլխով անելով: Սակայն միշտ չէ, որ զիջումների եմ գնում:

- Կարո՞ղ է բաժանված լինել:

- Ինչպե՞ս եք վերաբերվում ալկոհոլ օգտագործելուն, - հարցեր է տեղում Սալոմեն:

Երբ անթերի տղամարդու կերպարն արդեն պատրաստ էր, Սալոմեն ինձ բանկային հաշվեհամար տվեց: Հենց 70 լարի վճարեմ, կենտրոնն անմիջապես կսկսի փեսացու փնտրել: Սալոմեն հուսադրում է. 1-2 շաբաթ, և երջանկությունը դուռս կթակի, ավելի ճիշտ՝ սկբում բջջայինիս կզանգահարի:

Ամուսնությունն ազգային կարևորության գործ է

Մի քանի օր անց կրկին Բակրաձե փողոցում եմ: Ոչ, ասպետս դեռ չի հայտնվել: Այս անգամ մի կողմ դրեցի հարսի քողն ու այստեղ եկա որպես լրագրող:

Ծանոթությունների կենտրոնն արդեն 16 տարի է գործում է Թբիլիսիում: Այն գտնվում է Վրաստանի ժողովրդագրական զարգացման հիմնադրամի ենթակայության տակ: Այդ կառույցի նախագահ Դավիթ Խիզանիշվիլին ասում է, որ հիմնադրամն ազգային կարևորության գործ է անում, նպատակը ազգի ավելացումն է:

«Սա մի գործ է, որն անհրաժեշտ է և՛ մարդկանց, և՛ երկրին: Վրաստանում շատ են չամուսնացածները, ում իրոք օգնություն է հարկավոր: Ազգը ինչ-որ կերպ պետք է, չէ՞, ավելանա», - էմոցիոնալ պատմում է Դավիթ Խիզանիշվիլին:

Հարցազրույցի ժամանակ նրա հեռախոսը գրեթե չի լռում: Հաշվեցի. 30 րոպեի ընթացքում 8 հոգի զանգահարեց: Նրա խոսքով, օրվա ընթացքում ստիպված է լինում ավելի քան 50 զանգի պատասխանել: Իհարկե լինում են նաև զանգեր պարզապես հետաքրքրասերների կողմից: Դավիթ Խիզանիշվիլին արդեն տարբերում է նրանց. առաջին իսկ նախադասությունից հասկանում է՝ արդյոք մարդն ուզում է ընտանիք կազմել, թե պարզապես հետաքրքրությունից դրդված է զանգահարել:

«Իսկ ընտանիք կազմելը պարտադի՞ր է: Ընկեր կամ զուգընկեր չի՞ կարելի փնտրել», - հարցնում եմ ես ու կտրուկ բացասական պատասխան ստանում: «Կենտրոն կարելի է դիմել միայն ընտանիք կազմելու նպատակով: Մենք ազգային գործի ենք ծառայում», - կրկին կրկնում է Խիզանիշվիլին:

«Իսկ եթե երեխա չեն ուզում կամ չեն կարողանում ունենա՞լ», - շարունակում եմ ես:

«Հավանաբար, այդպես էլ է լինում: Առողջական վիճակի մասին տեղեկանք ոչ ոքից չենք պահանջում», - պատասխանում է նա:

Ստանդարտ ընթացակարգն այսպիսին է. ցանկացողը կենտրոնում ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և հարցաթերթ է լրացնում, որը լրացրել եմ ես: Գրանցման համար բանկում վճարում է տուրքը, և 1-2 շաբաթվա ընթացքում կենտրոնի աշխատակիցները առկա անկետաների միջոցով ընտրում են համապատասխան թեկնածուին: Հանդիպումը կայանում է, եթե թեկնածուն հավանում է Ձեզ:

Կենտրոնի տվյալների բազայում մեկ տարի անկետայի գտնվելն արժե 70 լարի: Սոցիալապես անապահովներն ու գործազուրկներն անվճար են սպասարկվում: Կենտրոնը սպասարկում է միայն Վրաստանի քաղաքացիների, ովքեր ապրում են Վրաստանում: Դավիթ Խիզանիշվիլին ասում է, որ Վրաստանի ժողովրդագրական զարգացման հիմնադրամն առաջին հերթին պետք է հոգ տանի իր քաղաքացիների համար:

Կենտրոնը վիճակագրություն չի վարում կամ այն չի հրապարակում: Ամեն դեպքում, մեզ հրաժարվեցին նման տեղեկատվություն տրամադրել:

2015թ-ին Վրաստանում գրանցվել է 29 470 ամուսնություն, 2014-ին՝ 30044, սակայն քանի զույգ է ամուսնացել Ծանոթությունների կենտրոնի օգնությամբ՝ հայտնի չէ:

Կենտրոնի ծառայություններից կարող է օգտվել Վրաստանի 20 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացի, չնայած, ընդգծում է Խիզանիշվիլին, իրենց դիմում են հիմնականում 30-40 տարեկան տղամարդիկ:

Այսօր կենտրոնի անկետաների մեծ մասը տղամարդկանց է պատկանում: Նրանք, որպես կանոն, փնտրում են գեղեցիկ, ազնիվ, կիրթ, լուրջ, ընտանիք կազմելու ցանկություն ունեցող կանանց: Հենց այդ որոշիչներն են գերակշռում նրանց լրացրած անկետաներում:

Կանանց լրացրած անկետաներից իմանում ենք, որ նրանք մեծ մասամբ խուսափում են անլուրջ, ինչպես նաև ալկոհոլ օգտագործելուն հակված և գործազուրկ տղամարդկանցից:

Ամուսնանալու համար ծանոթության կենտրոնը միակն է Վրաստանում: Չնայած որ այսօր էլ համացանցի դար է, տարբեր թերթերում և ամսագրերում կարելի է տեսնել «Հանդիպում» սյունակ, որի միջոցով մարդիկ ընտանիք կազմելու հնարավորություն են փնտրում:

Վերջին տարիներին ծանոթության առումով կենտրոնի մրցակիցը սոցցանցերն են դառնում: Չնայած՝ Դավիթ Խիզանիշվիլին զգուշացնում է, որ սոցցանցերն այդ տեսանկյունից այնքան էլ վստահելի չեն:

«Մեզ մարդիկ են դիմում, ովքեր արդեն փորձել են ապագա ամուսին կամ կին գտնել Ֆեյսբուքում, բայց արդյունքի չեն հասել: Կարող ես անլուրջ մեկին հանդիպել, ով կխաբի»: Չնայած դրան, Խիզանիշվիլիի ապագայի պլանները կապված են հենց համացանցի հետ:

Կենտրոնը ծրագրում է առցանց միջավայրի մանրազնին ուսումնասիրություն անել և ընտանիք կազմել ցանկացողների միասնական բազա ստեղծել:

«Վրաստանում չամուսնացած զույգեր չպետք է մնան: Մենք մեզ նման ճոխություն չենք կարող թույլ տալ», - կարծում է Դավիթ Խիզանիշվիլին:

* * *

Նստում եմ տաքսի և անմիջապես զանգում ընկերոջս, ով անհանգստանում էր իմ փորձարկման արդյունքների համար: Երբ վերջացրի պատմել և որոշեցի դուրս գալ մեքենայից, վարորդն ամենայն լրջությամբ խորհուրդ տվեց. «Աղջիկ ջան, ամեն դեպքում դու նշանածիցդ առողջության տեղեկանք պահանջիր, թե չէ, ինչ իմանաս, ինչ կարող է լինել»:

 

JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին