▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանանց թլպատումը Կովկասում

«Ռուսաստանի իրավական նախաձեռնություն» կազմակերպությունը հրապարակել է ապշեցնող հետազոտություն՝ Դաղստանում կանանց թլպատման փորձի վերաբերյալ: Պարզվել է, որ այստեղ 1-3 տարեկան աղջիկ երեխաներին թլպատում են և հեռացնում են ծլիկը, որպեսզի, ինչպես ասում են տեղի կրոնական առաջնորդները, «հանգստացնեն նրան կանացի առույգությունը»:

Հետազոտություն անցկացնելը շատ բարդ է եղել, գրում են հեղինակները: Հարցմանը մասնակցած կանայք չեն ցանկացել խոսել իրենց անդամալույծ դարձրած վիրահատությունների մասին` դա անվանելով «անձնական կյանք» և «կրոնական ավանդույթ»:

Արդյունքում հաջողվել է հետազոտության մեջ ներգրավել 19-70 տարեկան 25 կին` սոցիալական տարբեր կարգավիճակներով. թոշակառուներ, տնային տնտեսուհիներ, ուսանողներ, փաստաբաններ, ինժեներներ, առևտրի ոլորտի աշխատակիցներ: Արդյունքում պարզվել է, որ նրանք բոլորն էլ թլպատման վիրահատության են ենթարկվել:

Պարզվել է, որ հանրապետությունում աղջիկներին թլպատման ենթարկում են հիմնականում վաղ հասակում` մինչև 3 տարեկան դառնալը: Աղջիկների ծլիկն ամբողջությամբ հեռացվում է կամ կատարվում է վիրահատություն: Կենտրոնական մզկիթի իմամը կարճ բացատրել է` ինչու է նման վիրահատություն կատարվում: «Գլխավորը աղջկա մեջ սեռական հակումը և զգայունությունը սպանելն է»:

Հետազոտության հեղինակները, հիմնվելով ՄԱԿ-ի և այլ միջազգային արձանագրությունների վրա՝ այսպես են որակում անդամալույծ դարձնող վիրահատությունները.

«Սարսափելի, վայրի, վնասաբեր, այլասերված փորձ է... Նման վիրահատությունների անցկացումը... իրենից ներկայացնում է խտրականության և բռնության ծայրահեղ ձև: Դրանք խախտում են [կանանց] առողջության, անվտանգության, ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքները, կտտանքներից և դաժան, անմարդկային և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը, ինչպես նաև կյանքի իրավունքը այն դեպքում, երբ այդ վիրահատությունները հանգեցնում են մահվան»:

Սա իրավապաշտպանների գնահատականն է: Ի՞նչ են մտածում նման վիրահատությունների մասին իրենք՝ կանայք, ինչպես նաև տեղի փորձագետները և իշխանությունները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարսանիք Դաղստանում, լուսանկարը՝ Todd Prince-ի

Կանայք

Գրեթե բոլորն ասել են, որ լիովին պաշտպանում են այդ ավանդույթը: Հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ իրենց աղջիներն արդեն անցել են այդ վիրահատությունը կամ պատրաստվում են դա անել:

«Բոլոր կին մուսուլմանները պետք է դա անեն: Առանց դրա հնարավոր չէ դառնալ մուսուլման»:

«Ինձ արել են, ես էլ եմ արել իմ երեխաներին և թոռներին»:

Կարելի է ենթադրել, որ հարցման մասնակիցների համար թլպատման ենթարկվելը նշանակում է ընդունել և ապացուցել իրենց պատկանելությունը համայնքին: Աղջկան թլպատման տանել՝ նշանակում է պաշտպանել ընտանիքի հեղինակությունը և դրանով ապահովել տոհմի շարունակությունը, ասվում է հետազոտության մեջ:

Առանձին դեպքերում միայն որոշ հարցման մասնակիցներ հայտնել են, որ հնարավորություն կա չհետևել այդ ծեսին: «Ոմանք թլպատում չեն կատարում»: Սակայն հետազոտության ընթացքում այդպիսի կարծիքներ շատ քիչ են հնչել, և գլխավորապես նման կարծիքներ հայտնել են հարթավայր տեղափոխված կամ միջէթնիկական ամուսնության մեջ գտնվող կանայք, այսինքն մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով առանձնացել են մեծ ընտանիքից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դաղստանի Դերբենդ գյուղի 2000-ամյակի տոնումը 2015թ-ի հոկտեմբերին

Փորձագետներ

Փորձագետների արձագանքը հիմնականում երկու մասի է բաժանվում:

Մի մասը զարմանքով է լսել կանանց թլպատման վերաբերյալ հարցը և ասել, որ նման բան չեն լսել: Մյուսները վրդովմունք են հայտնել. «Նրանք մարդուն զրկում են երջանկությունուց: Դա վայրենություն է: Դա բնությանը դեմ է»:

Բժիշկ-փորձագետները նշել են այդ գործընթացի դաժանությունը և վտանգները: Դատական բժշկական փորձագետը հաստատել է, որ դա «կարելի է որակել որպես առողջությանը վնաս հասցնել... Կարող են վարակներ լինել: Առավել ևս, սանիտարական պայմաններ չկան: Անգամ տղաների մոտ եղել են լուրջ և անուղղելի խնդիրներ, երբ թլպատումն իրականացվել է ոչ բժիշկների կողմից»:

Փորձագետ-իրավաբանները նշել են, որ թլպատումը «հանցագործություն է առողջության դեմ, բայց դա տեղական խնդիր է և օրենքով չի կարգավորվում»: Ահա փորձագետներից մեկի կարծիքը. «Ես ընկերուհիներիցս լսել եմ... այդ գործընթացի մասին: Նա կորցրել է սեռական հակումը»:

Պետական ծառայողներ

 Խնամքի և հոգաբարձության մարմինների փորձագետ-աշխատակիցներն ասել են, որ նման խնդիրների հետ չեն աշխատում. «առանց դրա էլ խնդիրները շատ են»:

Կանանց կազմակերպություններից մեկում նշել են, որ «այն ինչ գրված է Ղուրանում... մեր կրոնում, մենք չենք քննարկում, այլ կատարում ենք, ով ինչպես կարող է. դա, այսպես ասած, ցանկալի է, շատ ցանկալի է, բայց պարտադիր չէ»:

Դաղստանում երեխաների իրավունքների հարցերով պատասխանատու Ինթիզար Մամութաևը խնդիրը մեկնաբանել է այսպես. «Մենք հարցում ենք ուղարկել կրթության նախարարություն ու իրավապահ մարմիններին: Մենք հայտարարել ենք, որ դա... երեխայի իրավունքնրի խախտում է և... բռնություն անչափահասների նկատմամբ»:

Կրոնական կառույցներ

Ե՛վ հարցման մասնակիցները, և՛ փորձագետները հաճախ թլպատման անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ դա կարգադրված է իսլամում: Սակայն կրոնական փորձագետների կարծիքները միանշանակ չեն:

Այսպես, սալաֆիական մզկիթի իմամը նշել է, որ «դա պարտադիր չէ և հակասական է»:

Կումիկական մզկիթի իմամը նշել է, որ աղջիկների թլպատումը պարտադիր չէ և նույնիսկ ցանկալի չէ՝ բացատրելով, որ չի կարելի առողջությանը վնաս հասցնել և վնասել մարդու օրգանները:

Միևնույն ժամանակ, Մախաչկալայի մզկիթի իմամը հայտարարել է. «Եթե այն [թլպատումը] չկատարվի, մեղքի տակ կընկնես»:

Ընդհանուր առմամբ, հետազոտության հեղինակները եզրակացնում են, որ անդամալույծ դարձնող վիրահատությունների թեման տաբու է, սակայն պաշտոնական և ազդեցիկ հոգևորականությունը պաշտպանում է այդ փորձը և քարոզում աղջիկների թլպատումը՝ որպես պարտականություն:

Երկխոսություն Մոսկվայից պաշտոնյայի և ազդեցիկ կրոնական գործչի միջև 

Ինչպես գրում եմ Кавказский узел-ը, աղջիկների թլպատման թեմայով հեռակա վիճել են Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի անդամ Անիտա Սոբոլյովան և Հյուսիսային Կովկասի մուսուլմանների համակարգող կենտրոնի նախագահ Իսմայիլ Բերդիևը:


Անիտա Սոբոլյովա.

«Այս թեման պետք է քննարկվի փորձագետների նեղ շրջանակում, որպեսզի չհանգեցնի այդ գործընթացի մասսայականության ավելացմանը... Այդ խնդիրը փակ է, այն համայնքի շրջանակներից դուրս չի գալիս, և ես մտավախություն ունեմ, որ տղամարդիկ մի կուշտ կկարդան և ... ևս մեկ պատճառ կլինի կանանց ծաղրի ենթարկելու համար: Եվ այդ սովորույթը կանցնի այն վայրեր, որտեղ այն չի կիրառվել»:

Նա կարծիք է հայտնել, որ օրենսդրական արգելքով այդ ավանդույթը արմատախիլ անել հնարավոր չի լինի, քանի որ երեխաների թլպատումը կատարվում է ծնողների համաձայնությամբ:

Իսմայիլ Բերդիևը նրա հետ չի համաձայնել և ասել է, որ «դա արվում է, որպեսզի մի փոքր հանգստացնեն կնոջ աշխուժությունը: Առողջությանը դա բացարձակ որևէ կերպ չի խանգարում»:

 Սոցիալական ցանցեր (ըստ Кавказский узел-ի)

Դաղստանի հասարակության մեջ նույնպես հետազոտության արդյունքները միանշանակ չեն ընդունվել:

«Ես չգիտեմ՝ որտեղից են նրանք այդ թեման փորել, ես 37 տարի ապրում եմ Դաղստանում և դրա մասին չեմ լսել»: 

«Իսլամի հետ որևէ կապ չունեցող սովորույթները և ծեսերը...  ներկայացվում են որպես իսլամի ընդունումից հետո առաջ եկած սովորույթներ»:

«Դա խավարամտության եզակի դեպքեր են»: 

«Միջնադարյան վայրենություն՝ 21-րդ դարում: Սարսափելի է»:

«Առոջությանը, իհարկե, չի խանգարում: Մահանում են երբեմն, իսկ ընդհանրապես, առողջությանը չի խանգարում»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին