▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի կրթական համակարգի 10 դրական և բացասական կողմերը

Բարձր դասարանցիներն ավելի լավն են


Հայաստանի կրթական համակարգի 10 դրական և բացասական կողմերը

 

Հայաստանում կրթության բարեփոխման մեկնարկից տասը տարի է անցել, սակայն հասկանալ՝ արդյոք այն ավելի շատ դրական, թե բացասական արդյունքներ է ունեցել, դժվար է:

ԴՐԱԿԱՆ ԿՈՂՄԵՐ

Դասերն ավելի դինամիկ են դարձել

Բարեփոխումների լեզվով դասերի նոր տեսակը կոչվում է «ինտերակտիվ»: Այսինքն՝ այն համակարգը, երբ ուսուցիչը դաս էր բացատրում, աշակերտները լսում ու կրկնում էին և դրա հաշվին հիշում, համարվում է հնացած:

Այժմ դաս բացատրելիս ուսուցիչը պետք է ներգրավի նաև աշակերտներին, հիմնվի նրանց գիտելիքների վրա, առաջարկի դառնալ հետազոտողներ և հայտնագործողներ:

Բացի այդ, բարեփոխումները ենթադրում են, որ աշակերտը ոչ միայն կստանա գիտելիքներ, այլ նաև կկարողանա կիրառել դրանք՝ աշխատելով համադասարանցիների հետ մի խմբում, կատարելով կիրառական առաջադրանքներ նոր տեսակի աշխատանքային տետրերի մեջ:

Դպրոցներում սկսում են գնահատել ամեն աշակերտի անհատականությունը

Այն մարդկանց համար, ովքեր լավ են հիշում սովետական դպրոցը, սա համարյա սենսացիա է. այժմ ուսումնական գործընթացի կենտրոնում ոչ թե ուսուցիչն է, այլ աշակերտը, որը շփվում է ուսուցչի հետ որպես հավասարը հավասարի, օրինակ, կարող է վիճաբանել: Բացի այդ, բարեփոխումներն առաջարկում են հրաժարվել ավանդական դպրոցի դրվածքից, երբ ուսուցիչը կարող էր անցնել նոր թեմային առանց հաշվի առնելու հետ մնացողներին:

Այժմ նա ստիպված է անհատական աշխատանք տանել ամեն աշակերտի հետ, հնարավոր է՝ նաև արտաժամյա օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Դա միշտ չէ, որ հեշտ խնդիր է քաղաքային դպրոցների համար, որտեղ սովորում է 20-25 աշակերտ ամեն դասարանում: Գյուղական դպրոցներում դա ավելի հեշտ հարց է. այստեղ հազիվ 10-15 աշակերտ լինի մի դասարանում:

Տեխնիկական հագեցվածությունը

2005թ.-ից Հայաստանի բոլոր դպրոցներում համացանց կա, ավելացել է նաև համակարգիչների թիվը: Սա ոչ միայն հեշտացնում է դասապրոցեսը, այլ նաև օգնում է ուսուցիչներին թարմացնել իրենց գիտելիքները: Տպագրվել են ուսումնական ձեռնարկներ ուսուցիչների համար:

Ընտրության ազատություն

Ի դեպ՝ ուսումնական ձեռնարկների մասին. ուսուցիչներն այժմ իրենք են որոշում, ինչ դասագրքերով սովորեցնել: Ընդ որում՝ ընտրությունը բազմազան է. սովորաբար ամեն առարկային բաժին է ընկնում 4-5 դասագիրք: Կրթության նախարարությունից ուսուցիչներին այս հարցում այլևս չեն ուղղորդում:                                              

10 բալ                                                  

Դպրոցներն անցել են 10 բալանոց գնահատման համակարգի: Այն թույլ է տալիս ավելի ճշգրիտ գնահատել աշակերտների գիտելիքների մակարդակը, և, ընդհանուր առմամբ, համարվում է, որ ուսուցչին տալիս է առավելագույնս անաչառ գնահատելու հնարավորություն:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ

Բարձր դասարանցիներին ավելի շատ են սիրում

Բարեփոխումների շրջանակում միջնակարգ դպրոցը բաժանվել է երկու մասի՝ հիմնական (1-9 դասարաններ) և ավագ (10-12 դասարաններ): Շատերն ասում են, թե դրանց հանդեպ վերաբերմունքը նույնը չէ. բարձր դասարանի աշակերտների ուսուցման, տարածքի վերանորոգման, ուսուցիչների աշխատավարձերի վրա ավագ դպրոցում բյուջեից ծախսվում է ավելի շատ գումար, քան հիմնական դպրոցում:

Նույնիսկ ուսուցիչների ընտրությանը հարցում ավագ դպրոցում ավելի բծախնդիր և ուշադիր են:

Հոգեբանական դժվարություններ

Այժմ, ավարտելով 9-րդ դասարանը, աշակերտները ստիպված են տեղափոխվել նոր՝ ավագ դպրոց: Շատերին դա հեշտ չի տրվում, մասնավորապես, հոգեբանական առումով:                                                                                      

Տեխնիկական դժվարություններ

Բարեփոխումներն արդեն սկսել են, բայց դրանց համար պայմաններ չեն հասցրել ապահովել:

Օրինակ, ոչ բոլոր ուսուցիչներն են պատրաստված նոր մեթոդներով աշխատանքին: Բնավ ոչ բոլոր դպրոցներն են հագեցած ինտերակտիվ դասընթացների համար անհրաժեշտ ամեն ինչով, օրինակ, քաղաքային ոչ բոլոր դպրոցներում կան էկրաններ ու ցուցադրաման համար նախատեսված պրոյեկտորներ, իսկ գյուղական դպրոցներում կարող է նույնիսկ աշխարհագրական ատլաս կամ ցուցափայտ չլինել (որքան էլ պարադոքսալ հնչի, համացանցին այնուամենայնիվ այս դպրոցները միացած են):

Հին դպրոց՝ հին մտածողություն

Ոչ բոլոր ուսուցիչներն են կողմ նորարարություններին: Շատերը, մանավանդ, հին սերնդի ներկայացուցիչները չեն հանդուրժում, երբ աշակերտները վիճաբանում են, խոսում են իրենց իրավունքների, հավակնությունների մասին, պահանջներ դնում և այլն:

Մասամբ նորը չընդունելու պատճառով է, որ բարեփոխումների վերաբերյալ հակասական կարծիքներն են հնչում. ուսուցիչների կարծիքով նորացված ուսումնական ծրագիրը անհարկի խճճված, աշակերտների ընկալման համար բարդ է, իսկ բարեփոխումների հեղինակները, ընդհակառակը, վստահ են, որ նախորդ ծրագրի համեմատ այն առավելագույնս պարզեցված է ընկալման համար:

Ներքին միգրացիա

Դրա ցուցանիշներն աճել են բարեփոխումներին զուգընթաց: Այժմ գյուղից քաղաք տեղափոխվել ցանկացողներն ավելի շատ են: Ահա, թե ինչպես է դա բացատրվում. Նախկինում գյուղերում կարելի էր սովորել միջնակարգ դպրոցում մինչև չափահաս դառնալը, այնուհետև քաղաք էր տեղափոխվում միայն ինքը՝ դիմորդը:

Այժմ, երբ 14-15 տարեկան աշակերտին անհրաժեշտ է նոր դպրոց տեղափոխել, ընտանիքը հաճախ որոշում է որոշում է մեկնել գյուղից նրա հետ միասին:

Արդյունքում՝ բարեփոխումները ևս մեկ պատճառ են դարձել, որ Հայաստանի գյուղերի բնակիչները լքեն իրենց բնակավայրերը:

Աղբյուրներ՝ Կրթության ազգային ինստիտուտ, Հայաստանի հիմնական դպրոցների ուսուցիչներ

 

JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին