▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի նշանակումը ստատուս-քվոյի լուրջ փոփոխություն է․ Ռուբեն Վարդանյան

 

Mediamax.am-ը գրում է. Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում ստատուս-քվոյի լուրջ փոփոխություն է և առաջին քայլն է մոդելի ու էլիտայի փոփոխության ուղղությամբ․ կայքի հետ հարցազրույցում հայտարարել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։

Խոսելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ նա նշել է, որ հին մոդելը իրեն սպառել է, և հարկավոր է նոր մոդել։ «Նրանք, ովքեր ավելի շատ լեզուներ գիտեն, ավելի լավ են կրթված և դաստիարակված, մնում են գրեթե չպահանջված և չեն կարողանում լուրջ հաջողությունների հասնել, քանի որ հասարակության մեջ գերիշխում է «կիսագողական լավ տղերքի» մոդելը,- ասել է Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ այդ մոդելում հայկական պետության ղեկավարները իրենց չեն ընկալում որպես հայ ազգի առաջնորդներ։

Հին մոդելը, ըստ Ռուբեն Վարդանյանի, կառուցված է փակ հասարակության համակարգի վրա, դրանում ավելացված արժեքը ստեղծվում է ոչ թե նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության շնորհիվ, այլ ռեսուրսների վերաբաշխման՝ ներմուծման մենաշնորհների, մաքսատուրքեր չվճարելու, միջազգային կազմակերպությունների աջակցության յուրացման հաշվին:

Կարևորելով Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում՝ Ռուբեն Վարդանյանն ասել է․

«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է անվերապահորեն աջակցել նախագահին ու վարչապետին իրենց սկսած գործում: Առանց նման աջակցության ոչինչ չի ստացվի:  Այն գիտակցումը, որ մենք խորը ճգնաժամի մեջ ենք, չպետք է խուճապային իրավիճակ ստեղծի: Ընդհակառակը՝ ազնիվ ախտորոշումն ու բոլոր ռեսուրսների կենտրոնացումը բուժման վրա մեծացնում են հաջողության հավանականությունը:

Մենք առերեսվելու ենք մի իրավիճակի հետ, երբ աճելու է պաշտոններ ու դրամական հոսքեր կորցնող մարդկանց թիվը: Պետք է ընդունել, որ վարչապետի պաշտոնում նոր մարդու հայտնվելուց հետո նեղացած մարդկանց մեծ խումբ է ի հայտ եկել: Եվ եթե մոդելը փոփոխվի, այդ մարդկանց թիվն աճելու է»:

Վարդանյանը նշել է, որ նոր կառավարության առջև բարդ խնդիր է ծառացած. այն ստիպված է ապացուցել հասարակությանը, որ արդյունավետ է․

«Խնդիրը բարդացնում է այն հանգամանքը, որ շատ ցավոտ փոփոխություններից սկսվող բարեփոխումները պետք է կատարվեն ընտրություններից մի քանի ամիս առաջ, իսկ դրանց արդյունքները երևալու են տարիներ անց»:

«Մենք կարծում ենք, որ վարչապետին ու նրա թիմին աջակցությունը այլընտրանք չունի: Մենք երկրորդ հնարավորություն չենք ունենալու: Կառավարության նոր ծրագրի հաստատումից հետո պետք է անհապաղ անցնել դրա իրականացմանը: Եվ մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել մեր մտավոր, ֆինանսական, կազմակերպչական և կադրային ռեսուրսներով, շատ լավ գիտակցելով, որ ծրագիրը ուղղված է կարճաժամկետ խնդիրների լուծմանը, և չի կարող արտացոլել անհրաժեշտ համակարգային փոփոխությունների ողջ ծավալը»- ասել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ Կարեն Կարապետյանի և նրա թիմակիցների հաջողությունը կամ անհաջողությունը բոլորի հաջողությունը կամ անհաջողությունն է լինելու:

«Կարեն Կարապետյանի հաջողությունը կենսական անհրաժեշտություն է բոլորիս համար և հատկապես՝ Արցախի համար»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Հարցազրույցի վերջում նա ասել է, որ բացարձակ լավատես է և հավատում է, որ «չնայած բոլոր դժվարություններին, մենք շանս ունենք»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին