▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես հայերեն կարդալ և գրել չիմացող երիտասարդը Մոսկվայից եկավ և իրականացրեց Հայաստանում նմանը չունեցող նախագիծ

Համառ, նպատակասլաց ու հանդուգն, բայց դրական իմաստով. այսպես են բնութագրում Մոսկվայից Հայաստան եկած 19-ամյա Վազգեն  Զախարյանին: Մոտ 3 տարվա քրտնաջան աշխատանքից հետո երիտասարդ արվեստաբանն արվեստասերների ուշադրությանն է ներկայացրել իր առաջին գիրքը` «20-21-րդ դարերի հայկական կերպարվեստը»:

Թե ինչպես Մոսկվայում ծնված և մեծացած, ռուսական կրթություն ստացած, հայերեն գրել ու կարդալ չիմացող երիտասարդը որոշեց ուսումնասիրել հայ նկարիչներին, ինչպես 19 տարեկանում  գրեց մեր իրականության մեջ նմանը չունեցող գիրք, ինչպես ընդունեցին  ծնողները Հայաստան գալու նրա որոշումը. Asekose.am-ը զրուցել է Վազգենի հետ այս ամենի մասին և ոչ միայն:

«Ես միշտ հետաքրքրվել եմ հայկական մշակույթով: Երբ մի անգամ պապիկիս հետ գնացինք Հայաստանի ազգային պատկերասրահ, ես հասկացա, որ գոյություն ունի շատ հետաքրքիր մի աշխարհ, որը կոչվում է հայկական մշակույթ, որի բաղադրիչներից մեկը գեղանկարչությունն է: Դեռ 16 տարեկանից որոշեցի ուսումնասիրել մեր մշակութային ժառանգությունը, բայց հասկացա, որ ուսումնասիրության համար լավ որակով  և հարուստ նյութ չունենք: Փորձեցի հասկանալ` արդյո՞ք նման գրքի ստեղծումը կարևոր է և անհրաժեշտ, թե ոչ, զրուցեցի մի շարք արվեստաբանների հետ, որոնք հաստատեցին, որ նման գրքի առկայությունը պարզապես անհրաժեշտություն է: Դրանից հետո սկսեցի ինքնուրույն ուսումնասիրություններ անել: Դրանից հետո մեկնեցի Ֆրանսիա, որտեղ շարունակեցի ուսումնասիրություններս, քանի որ միշտ շեշտվել է Խորհրդային Հայաստանի  մշակույթի մասին, սակայն երբեք չի շոշափվել Սփյուռքում ձևավորված մեր մշակույթի մասին: Որոշեցի ուսումնասիրություններս շարունակել հենց իմ հայրենիքում, քանի որ հայկական մշակույթը հասկանալու, հայկական ոգին ընկալելու համար պետք է քայլես հենց այս հողով, պատկերացնես, թե ինչպես են մեր հայ նկարիչները պատկերացրել մեր երկիրը»:

Գիրքը պատմում է հայկական մշակութային կյանքի տարբեր փուլերի մասին ու ներառում նկարիչների աշխատանքները: Նյութերի ուսումնասիրություններից բացի, երիտասարդն անձամբ հանդիպել է նկարիչների ընտանիքների հետ: Գիրքը ստեղծելու ընթացքում, սակայն, երիտասարդը կանգնել է շատ լուրջ խնդրի առաջ.

«Ինձ համար շատ դժվար էր, քանի որ չէի տիրապետում հայերենին, իսկ ես պետք է ուսումնասիրեի վերջին 120 տարվա գրքերը, որոնք   բոլորը հայերենով էին: Սկզբնական շրջանում գրադարան էի գնում մեկի հետ, ով ինձ բառացի թարգմանում էր գրվածը, իսկ այսօր արդեն ես սովորում եմ գրել ու կարդալ հայերեն»:

Երիտասարդ արվեստաբանը հպարտանում է հայ ազգային գեղանկարչությունը հանրահռչակող իր գրքով` շեշտելով, որ երբեք ավելի փորձառու մասնագետների կողմից չի թերագնահատվել.

«Երբ 19 տարեկանում աշխատում ես պատկառելի տարիքով մասնագետների հետ, քեզ համարում են տարիքով փոքր ու հաշվի չեն նստում քեզ հետ, բայց ինձ հետ հաշվի նստեցին, քանի որ նրանց հետ  հանդիպման ժամանակ ես արդեն մեծ քանակությամբ աշխատանք էի տարել, այսինքն` նրանք արդեն կարող էին տեսնել, թե ինչեր եմ արել ու դեռ ինչեր կարող եմ անել»:

Վազգենը 0-ից կազմել է նաև հայ նկարիչների տվյալների բազա:

«Համաշխարհային Wikiart-ի կազմած ցուցակում մենք 5-րդն ենք: Ներկայացված են 52 հայ նկարիչներ ու նրանց գործերը` 3 լեզուներով, ինչպես նաև նրանց մասին գրված գրքերը»:

Հայաստան գալու Վազգենի հապճեպ որոշումը սկզբում անակնկալի է բերել տղայի ծնողներին, սակայն նրանք չեն փորձել խոչընդոտել, իսկ այսօր արդեն արդյունքը ցույց է տալիս, որ նրանք ճիշտ են վարվել: Թեև մեր զրուցակիցն ունի բազմաթիվ այլ հետաքրքրություններ, զբաղվում է սպորտով, սովորում է իրավաբանական ֆակուլտետում, սակայն խոստովանում է, որ ապրում է արվեստով ու առանց դրա չի կարողանում պատկերացնել իր կյանքը:

«Կարծում եմ, որ հիմա պետք է անդադար և ջանասիրաբար աշխատեմ, հուսամ, որ տարիներ հետո, ես կքաղեմ իմ բոլոր նախագծերի լավ պտուղներ: Ես ունեմ հստակ նպատակներ և մեծ ցանկություն դրանց հասնելու համար»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց Վազգեն Զախարյանը:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին