▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Lege Artis, կամ՝ Ներդաշնակության օրենքի համաձայն

 

© 2017 Լուսինե Հովհաննիսյան
 
Ինքնաճանաչողության թռչունը (անհայտ հեղ., 17-րդ դար) և Սալվադոր Դալիի Վասն ունայնությանն `ըստ Միշել Մոնտենի երկի
 
 ''Մեծ արվեստի նախադրյալը մեծ մարդն է:'' Քենյոն Քոքս* Ինչպես երազի բարդ հյուսվածքն է ծնվում մեր խոհերից ու ձգտումներից, ինչպես զգացմունքն է ի հայտ գալիս վերհուշի խորքից, նույնպես և արվեստը` մարդու մեջ եղածից: Այդու`արվեստն անորսալի է, միշտ սուբյեկտիվ, խուսափուն, և ինչպես զգացմունքն ու երազը` իր հիմքում կարգավորող-պաշտպանող ֆունկցիա ունի: Արվեստում, ինչպես և երազում`արտամղված ինֆորմացիան (Z. Freud) ու զգացումներն են ի հայտ գալիս. մեծապես`վախերն ու տառապանքը: Ինձ ծանոթ մի իսպանացի բանաստեղծուհու վկայությամբ` ինքը գրում է միայն, երբ տառապում է: Ուշագրավ մի զուգահեռ. անապատական հայրերից շատերի վկայությամբ` տառապանքն ու լացն ուրախությունից գերադասելի են` նմանողությամբ ''նեղ դռան'', որ գերադասելի է ''լայն դռնից'': Փաստորեն, տառապանքին ու ծայրահեղ լարմանն ի պատասխան` ադապտացիոն (հարմարողական) մեխանիզմների շնորհիվ ի հայտ եկած մաքրագործումով ծնվում է արվեստ, կամ լուսավորյալ վիճակ` անապատական հայրերի դեպքում: Այստեղ հարկ է ևս մի զուգահեռ անցկացնել նորօրյա շամանների` արվեստագետների և անապատական հայրերի միջև. շատերն են ''կանչվում'', սակայն շատերն են աստվածամարտն ավարտում ինքնասպանությամբ: Բազում են օրինակներն էքզիստենցիալ հոռետեսությունից ելք չգտած արվեստագետների շրջանում. պակաս բարձր չէ և անապատ կանչվածների ինքնասպանության ու մտագարության ցուցանիշը: Փոքրիշատե անառողջ հոգեվիճակը մեծ մտածողներին բնորոշ է. ուղեղի առօրեական` այսպես կոչված ''default'' գործունեության առանցքի տեղաշարժն ի օգուտ աջ կիսագնդի առաջային և ձախ կիսագնդի հետին հատվածի, ստեղծում է գիտակցության փոփոխված վիճակ: Այն բնորոշ է մեծ մտածողներին` լինի գիտության, թե արվեստի բնագավառում: Ստորև` ներկայացնենք հանճարեղ Նիկոլա Տեսլայի և նորվեգացի մեծանուն նկարիչ Էդվարդ Մունկի փորձառությունը: Նկատեք, թե մայրամուտն ինչ ազդեցություն է գործել նրանց վրա` ծնունդ տալով հռչակավոր նկարին ու փոփոխական հոսանքի գեներատորի գյուտին: '' Մայրամուտին ես երկու ընկերներիս հետ քայլում էի կածանն ի վար. հանկարծ երկինքն արյան պես կարմիր դարձավ, կրակի լեզվակներն ու արյունը տարածվեցին կապտավուն-սև ֆյորդի վրա: Հետո ես բնության ամեհի ու անվերջանալի ճիչը լսեցի...'' Էդ. Մունկ
ՃիչԷդՄունկ (1803 –1871) 

''Արևը հենց նոր էր սկսել մայր մտնել, և ինձ հիշեցրեց մի փառավոր դարձված (Գյոթեի ''Ֆաուստից'' -ծան. հեղ.): Այդ ոգեշունչ բառերն արտաբերելուն պես` շանթի նման մի միտք փյլատակեց, և մի ակնթարթում ճշմարտությունն ի հայտ եկավ:'' Ն. Տեսլա Նշենք, որ Էդվարդ Մունկի ''բիպոլյար պսիխոզ''(BD) ախտորոշման համար հիմք են եղել նկարչի օրագրում նկարագրված մանիակալ էպիզոդներն ու բազմակի տեսողական ու լսողական հալուցինացիաները, որոնց պատճառով նա հոսպիտալիզացվել է: Ինչ վերաբերում է Նիկոլա Տեսլային, ապա ի հավելումն օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման (OCD), նա իր ինքնակենսագրական նոթերում նշել է նաև տարատեսակ ազդակների հանդեպ իդիոսինկրազիայի` ախտաբանական սրված զգայնության և ոչ հալուցինոգեն տեսիլների մասին, որոնք մշտապես անհանգստացրել են նրան: Իտալացի Չեզարե Լամբրոզոն իր ''Հանճարեղությունն ու մտագարությունը'' աշխատության մեջ զուգահեռ է անցկացնում այդ երկու երևույթների միջև. մի բան, որ մարդկությանը հայտնի է եղել հնուց ի վեր: Էդգար Ալան Պոն, որն ինքն էլ տառապում էր էպիլեպտոիդ ցնցումերից և պարանոյայից, դիպուկ մի բնորոշում ունի. '' Արդյոք մտային խանգարումից չի՞ բխում մտքի ամենայն խորություն ... '' Ակնհայտ է, որ ամեն խանգարում չէ, որ հանգեցնում է գիտակցության ավելի բարձր որակի, այդուհանդերձ` մի վկայություն ունեմ. Ֆրանսիայում ուսանելու ժամանակ դասախոսներիցս մեկի վկայությամբ` քունքային բլթի էպիլեպսիա ունեցող իր շատ սովորական հիվանդներից մեկն էպիլեպտիկ աուրայի ժամանակ սովորություն էր դարձրել տեղավորվել բազկաթոռում, քանի որ նոպաները մշտապես ուղեկցվելիս են եղել հիվանդի գլխում հնչող հրաշալի դասական երաժշտությամբ: Հնուց ի վեր, ընկնավորությունը (էպիլեպսիա) համարվել է աստվածային հիվանդություն` ընտրյալության նշան, իսկ որևէ մեկին ընդունված չէր անվանել հանճար. ասում էին ''հանճար կրող'', ինչն էականորեն տարբերվում է այսօրվա ընկալումներից: Հանճարն այն միավորը` ոգին էր, որն արվեստագետի ներշնչանքի աղբյուրն էր. որքան մաքուր էր աղբյուրը, այնքան ավելի վեհ էր արվեստը: Հին Հռոմում տեղանքի պահապան ոգուն անվանում էին ''genius loci''. նկատեցեք, թե սրան որքա'ն համահունչ է ժողովրդական երգի կոմիտասյան բնորոշումը. հայ մեծանուն երաժշտագետը գեղջուկ երգը համարում էր` մեջբերում եմ. ''տեսակ-տեսակ, ասուն հայելիներ, որոնք զատ-զատ` իրենց ծնունդ առած վայրերուն դիրքը, կլիման, բնությունն ու կյանքը կանդրադարձնեն: '' Ահա թե ինչու էր նա հորդորում կոմպոզիտորներին գնալ ու սովորել ժողովրդից: Հիշենք, որ հռչակավոր մեղեդիներից շատերն ավանդական ժողովրդական երգեր են. ''Հաբաներան''` Բիզեի Կարմենից, հանրահայտ արիաներ` Մոցարտի օպերաներից և բազում այլ օրինակներ: Արվեստի լավագույն նմուշները բնական ու մաքուր ակունքից սերած արվեստի մեջ են: Յոհան Սեբաստիան Բախն իր բացառիկ համեստ կացութաձևով` մի անզուգական օրինակ է. գուցե նաև պարզ կենցաղն ու կյանքի օրոք մեծ համբավի բացակայությո՞ւնն էր նրա արվեստն այդ կատարելությանը հասցրել... Բախի երաժշտությունը բնությունն իրենում արտացոլող արխիտեկտոնիկ ամբողջություն է. զարմանալի չէ, որ աֆրիկյան հարվածային գործիքներից մինչև ջազ ու բի-բոփ`Բախի երաժշտությունը կարելի է տեղադրել ամենատարբեր երաժշտական համակարգերում և այն կատարելապես ներդաշն կլինի` շնորհիվ անբասիր կառուցվածքի ու ակունքի մաքրության: Տարիներ առաջ, կանադացի մի երաժշտագետի համար երգեցի Մովսես Խորենացուն վերագրվող շարականներից մեկը, և նա հայտարարեց.'' Կարծես` Բախ լինի, բայց հինգերորդ դարո՞ւմ...'' Զարմանալիորեն նույն զգացումն ես ունենում` թե Բախ լսելիս, թե շարական ունկնդրելիս. անձամբ ինձ, դրանք մեկը մյուսից ծնունդ առնող ֆրակտալներ են հիշեցնում` անսկիզբ, անվերջ... Երաժշտության տեսաբան ու կոմպոզիտոր Ջոզեֆ Շիլլինգերն** իր ''Արվեստների մաթեմատիկական հիմքը'' հոդվածում ընդգծում է, որ արվեստի հիմնական նպատակը բնության սկզբունքը որսալն է, ոչ թե պարզապես` ընդօրինակումը: Շիլլինգերը բերում է հին հույների ու եգիպտացիների օրինակը, ովքեր ավեստում գտել էին դինամիկ համաչափության`սիմետրիայի գաղտնիքը: Հնում ''Ոսկե հատման'' օրենքին էին ենթարկվում բոլոր արվեստներն ու գիտությունները, և դրանք միասնական էին իրենց տարբեր մուսաներով` աստղագիտությունից, պատմությունից ու մաթեմատիկայից մինչև պար և երաժշտություն: Մեծը հարաբերվում է փոքրին այնպես, ինչպես ամբողջը`մեծին: Համաչափության այս սկզբունքն է արտացոլված ամենուր` Պյութագորասի ''դուրս բերած'' առաջին երաժշտական ինտեռվալներից մինչև ճարտարապետություն, նկարչություն և այն: Արվեստների ու գիտության միասնության սկզբունքով էին գործում և հնագույն դպրոցները:
Աթենական դպրոց(հատված)Ռաֆայել Սանտի (1483-1520)

 
Ժամանակի ընթացքում միասնական մոտեցումը փոխարինվեց հատված-հատված ընկալմամբ. մարդկությունն անխուսափելիորեն հանգեց բնական ակունքից կտրված, ապա ''ինդուստրիալ'', և վերջապես` սպառողական արվեստին: Ջոզեֆ Շիլլինգերը նկատում է, որ տարատեսակ ''իզմ''-երի ներկայացուցիչներն ուղղակի իրենց անառողջ, զառանցական պատկերներն են մեզ մատուցում` բնության իրական պատկերի փոխարեն: Ըստ Շիլլինգերի`արվեստի ֆունկցիան մաքուր բնությանը հասնելն ու բնական մաթեմատիկական օրինաչափությունները ցուցադրելն է: ''Աշխարհիս բոլոր մարդասպաններն ու բոլոր չարագործները ձեռք ձեռքի տված` պիտի չկարողանային այնքան երիտասարդ, այնքան խոստումնալի, այնքան ընտրված հոգիներ սպանել, քան մի Շոպենհաուեր, մի Նիցշե, մի Բայրոն:" Վերոհիշյալ տողերը հայազգի մեծ մտածող, բժիշկ, գրող, եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի` 1911 թվին գրած "Այլասերում'' հոդվածից են: Նման ծայրահեղ գնահատականն, անշուշտ, տարօրինակ է թվում, բայց չմոռանանք, որ Ռուբեն Սևակը բժիշկ էր. փորձենք հասկանալ... Եթե արվեստի հիմնարար դերն իր պաշտպանիչ-կարգավորիչ ֆունկցիան է, ապա ''բացասական հանճարների'' (ինչպես նրանց անվանել է Ռուբեն Սևակը) ի հայտ գալը նման է այն դեղամիջոցին, կամ եթե կուզեք`թմրադեղին, որի կարիքն ունի մարդկությունը: Ահավասիկ` Պաբլո Պիկասոյի*** մի խոստովանությունը. '' Ջոտտոն, Տիցիանը, Ռեմբրանդտը, Գոյան էին մեծ նկարիչներ. ես միայն հասարակության ծաղրածուն եմ, մի շառլատան: Ես հասկացել եմ իմ ժամանակն ու շահագործել` ժամանակակիցներիս տխմարությունը, դատակությունն ու ագահությունը: '' Եթե արվեստն ընկալենք մարդկության բարոյա-էթիկական զարգացման համատեքստում, ապա պարզ է, որ ռեզոնանսի սկզբունքով`հաճախության միևնույն բոլորաշրջանն ունեցող իրերն ու երևույթները ներդաշն տատանման մեջ են հայտնվում. ''նմանն զնման'' շուկա է գտնում` լինի Նյու Յորքի փորձարարական կերպարվեստը, թե Երևանի փողոցներում հնչող ցածրակարգ երաժշտական արտադրանքը: Մոտենում ենք բիոքաղաքական ոլորտին. արվեստի առավել մեծ մասսայականություն վայելող ճյուղերն, ինչպիսիք են երաժշտությունն ու կինոն, պարզապես կարող են զանգվածային դեգրադացիայի զենք դառնալ: Հին աշխարհի մեծագույն քաղաքակրթությունների ներկայացուցիչները գիտեին հնչյունի զորեղ ազդեցության մասին, և իրենց մատաղ սերնդին կրթում էին միայն լավ երաժշտությամբ: Այն ժամանակ արվեստը բժշկության միջոց էր, իսկ բժշկությունն ինքնին` ոչ միայն արվեստ էր, այլև բոլոր արվեստներից ազնվագույնը. '' Omnium artium medicina noblissima est.''

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

''Արվեստն ու արվեստի գնահատումը մի չափանիշ պիտի ունենա. այդ արվեստի առողջ լինելը:''
Ջոզեֆ Շիլլինգեր

Հեղինակ` Լուսինե Հովհաննիսյան (բժիշկ, երաժիշտ)
 
Ծանոթություններ.
* Քենյոն Քոքս. ''Արվեստների օրենքը'', 1912
** Ջոզեֆ Շիլլինգեր. ''Արվեստների մաթեմատիկական հիմքը'', 1942
*** Պաբլո Պիկասոյի խոստովանությունը, 1952
 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին