▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմիտաս Հակոբյան....Արցախում զոհված պոետը

Կոմիտաս Արսենի Հակոբյանը ծնվել է 1972թ. հունիսի 1-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Քերթ գյուղում` մտավորականի ընտանիքում: Յոթ երեխաներից վեցերորդն է: 1989-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի (այժմ Արցախի պետական համալսարան ) բանասիրական ֆակուլտետ:

Մինչև կանոնավոր բանակի կազմակերպումը Կ. Հակոբյանը կամավոր մասնակցել է պաշտպանական և ազատագրական մի շարք մարտերի, որտեղ ձեռք է բերել մարտական բավարար պատրաստականություն : Շուտով ձևավորվեց Մաճկալաշենի գումարտակը: Օգտագործելով մարտերում ձեռք բերած հմտությունները, Կոմիտասը շահեց հրամանատարության ուշադրությունը: Նրան սկսեցին վստահել բոլորը և յուրաքանչյուր մարտական գործողության ընթացքում հաշվի էին առնում նրա առաջարկությունները: Ամարասի պաշտպանական մարտերը փորձ ու դաս հանդիսացան Կոմիտասի ու նրա մարտական ընկերների համար:
Հայ գրոհայիննների շարքում նա առաջիններից մեկը եղավ, որ ճեղքեց թշնամու պատնեշը՝ «Խազաը » ( 8 հոկտեմբեր, 1992թ.), որտեղից թշնամին կրակ էր թափում հայկական բնակավայրերի վրա:

1993-ի ապրիլի 2-ին սկսվեց Դիվանալար և Ղաջար գյուղերի ազատագրման օպերացիան: Կ. Հակոբյանը մասնակցել է Մարզիլլուի, Ամիրանլարի, Գևորգավան ռազմական հենակետերի վերացմանը: Այնուհետև սկսվեց Ֆիզուլլու, Աղդամի շրջանների ազատագրումը: Այստեղ Կոմիտաս Հակոբյանը փայլուն կերպով կատարեց մարտական իր առաջադ րանքը: 1993 թ օգոստոսի 16-ին Կոմիտասը իր մարտիկների հետ առաջինը բարձրացավ Ֆիզուլլլու բարձունքներից մեկը` «Կարիերը»:

Գնահատելով Կ. Հակոբյանի ներդրումը արցախյան գոյամարտում, Մաճկալաշենի գումարտակի հրամանատարությունը նրան նշանակում է վաշտի հրմանատարի տեղակալ: Կոմիտասը ստանում է լեյտենանտի կոչում:

1993թ աշնանը Քերթի վաշտը մտնում է Կարմիր շուկայի թ. 2 գումարտակի կազմի մեջ: Կոմիտաս Հակոբյանը նշանակվում է գումարտակի հրամանատարի տեղակալ քաղաքական գծով: Ստանում է ավագ լեյտենանտի կոչում:

Նրա անձնազոհությունը առանձնապես ցայտուն բացա հայտվեց 1993 թ դեկտեմբերից սկսած: Նա մարտի անհուսալի պահին ոգի էր և ուժ: Զինվորներին ստիպում էր չլքել դիրքերը: Հարավ-արևելյան ռազմաճակատում ծավալած գործողությունների ժամանակ, 1994 թ ապրիլի 27-ին, անձնազոհության անկրկնելի օրինակ էր նրա կատարած սխրանքը: Կոմիտասը միայնակ և առաջինը մտավ ադրբեջանցիների կողմից գրավված խրամատը:

1994թ մայիս 2-ին Կոմիտասն իր մարտիկների հետ մտնում է Մարտակերտի շրջան: Երեք օր պատերազմելով և գրավելով մի շարք դիրքեր, մայիսի 5-ին, Կարմիրավան գյուղի ազատագրական մարտում հերոսաբար զոհվում է 22-ամյա Կոմիտաս Հակոբյանը: Ընդամենը օրեր էին մնում նրա և սիրած աղջկա` Նունեի հարսանիքին...

Կոմիտաս Հակոբյանը 2003թ․ հետմահու պարգևատրվել է Արցախի «Արիության համար» մեդալով Խիզախ մարտիկի, բանաստեղծի, հայրենասերի կենսագրությունը շարունակվում է նրա բանաստեղծություններում և անմոռանալի սխրանքների մեջ...

Արցախյան պատերազմը նահատակեց մի հրաշալի գրիչ,տաղանդավոր բանաստեղծ ,որի գրիչը այդքան երիտասարդ ստեղծագործում էր այսպես.

ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ ԵՎ 
ԽՐԱՄԱՏՆԵՐԻՑ ԴՈԻՐՍ

Արևածագին խաղաղ էր օրը,
Ջերմ էին շնչում շնչավորները արևածագին,
Իսկ իրաիկնացող օրվա անդորրը

Հեղեղվեց հեղձուկ հոտով վառոդի:
Մռայլվեց օրը ու փնչաց դաժան,
Ռումբ ու հրթիռներ պայթեցին ահեղ,
Դիրքերում տղերքն իրարով անցան,
Սև ծխի որոտ՝ աղաղակի մեջ:
Մարտն ընթանում է Դավալու խութում՝
Արյուն ու քրտինք խառնելով իրար.
Տղերքը մահվան սարսափ – երախում
Հերոսանում են՝ ի սեր հայրենյաց:
-Տղերք, պինդ կացեք, եղեք անսասան,
Մեկը՝ քսանին, հարյուրին ի դեմ…
Հրամանատարը ոգի է տալիս,
Տղերքն աներեր դիմակայում են…
Իրիկնանում էր: Ու մարտադաշտում
Ծխում են խփված հրասայլերը,
Վանք իմ, թշնամուն ի տես կարկառվիր,
Որ ննջեն հաղթած նահատակներդ:

19 հոկտեմբեր, 1993

 

***

-Դարեր շարունակ
Տառապանքով են 
Սնվում կողերս,
Եվ հիշատակի
Արյունն է պղծվում նախապապերիս,
Ու բողոքում են նահատակները:
Ու կասեմ նաև,
Որ իր ծննդից
Դեռևս առաջ
Հեթանոս պապս
Միշտ ջուր էր խմում
Մեր ծովից Վանա…
Տուր ինձ այն ծովը,
Շատ եմ ծարավել:
Հետո տունդարձիս
Կբարեխոսեմ հրեշտակներիս,
Նրանք կայցելեն
Մեզ ամեն գիշեր
Ու իրենց ճերմակ
Թևերի վրա
Կբերեն ԼՈՒՅՍԸ՝
Որպես ՀԱՎԱՏԱՄՔ:
Եվ աստվածային կամեցողությամբ
Կբերրիանան ապառաժները,
Ու չբերության ցավով տառապող
Կանայք կերկնեն:
Երբ մոտ գա մի օր
Ժամը արարման՝ 
Հեթանոսական վարքով ու բարքով 
Ես ջուր կխմեմ
Ծովից իմ Վանա։

Կոմիտաս Հակոբյան, տոնդ շնորհավոր…

Շնորհավոր հայոց բանակի 25 ամյակը...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին