▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեա Կուլպա-2». պրեմիերայի հոռի էմոցիաներն ու «բազմացող կովերը

 

 

 

 

 

Թատերագետ չեմ։ Սովորական բանասեր եմ, ով ավարտական աշխատանք է գրում Եղիշե Չարենցի թեմայով։ Մի հասարակ հանդիսատես եմ, ով երեքշաբթի երեկոն որոշեց անցկացնել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի պարտերում՝ սիրելի մարդկանց ընկերակցությամբ։ Եվ վերջապես մի սովորական բլոգեր եմ, ով «Մեա Կուլպա-2» ներկայացման մասին քննադատական կարծիք գրելու համար ընտրել է այս բոհեմային ոճը, քանզի բոհեմով կարող ես գարշաբանել ու հիշոցաբանել որքան ուզում ես, միևնույն է համացնացում քարդաշյանական աղտահանք որոնողները չեն կարդալու քեզ:

Որպես հանդիսատես, իհարկե, պասիվի մեկն էի. մի անկյունում ծպտվել ու համեմատական եզրեր էի անցկանցում «Մեա Կուլպա» ներկայացման առաջին և երկրորդ տարբերակների միջև (վերջինիս պրեմիերան էր)։ Ամեն ինչ նույնն էր, գրեթե նույն դերասանական կազմը՝ չհաշված մի քանի «անալի» ու «անհամ» փոփոխություններ, նույն բեմադրիչը, և հատկապես նույն սցենարիստը (վերջինիս մասին ավելի մանրամասն կփորձեմ խոսել)։
Կուզեի առանձնացնել երեք հիմնական «նորամուծություն», որոնց դժվար թե կարողանամ օբյեկտիվ որակումներ տալ: Բայց մինչ վերոնաշյալ «նորամուծությունների» մասին խոսելը կուզեի ընթերոցողիդ ուշադրությունը սևեռել մի առանձնահատուկ եղելության վրա, որը, կարծում եմ՝ դուրս է մնացել բեմադրիչ-սցենարիստների տեսադաշտից և հակասության մեջ է գցել անձամբ ինձ՝ սովորական հանդիսատեսիս:
Մոտ մեկ ամիս առաջ առաջին անգամ դիտեցի «Մեա կուլպա» կատակերգությունը. շատ տպավորված էի: Հատկապես ապշեցնում էր ինձ այն ֆենոմենը, թե այդ ինչպես 2002 թվականից սկսած այս ներկայացումը կարողացել է լցնել դահլիճներ, ուրախացնել հազարովոր հայերի և անգամ Փաշինյան Նիկոլին իր ընտանիքով ստիպել օթյակում նստած բուռն ծափահարել: Բայց այս ֆենոմենի բացատրությունը թող մնա ներկայացման կազմակերպիչների գրպանների խղճին:
«Մեա կուլպա» (առաջինի) ներկայացման ավարտից հետո կատակերգության գլխավոր դերակատարը՝ Հրանտ Թոխատյանը (նույն ինքը Վագրը, նույն ինքը, Գյոթեն, Նապոլեոնը, Տիգրան մեծը և այսպես շարունակ) ծափահարող հանդիսատեսներին պատկառանքով գլուխ տալուց հետո դիմեց առօրյա խոսակցական վետվետումներով. «Սիրելի հանդիսատես: Արդեն 15 տարի է խաղում ենք էս կատակերգությունը ու հոգնել ենք: Մտածում ենք, որ էկել ա ժամանակը նոր ներկայացման: Էդ պատճառով փետրվարի 21-ին կներկայացնենք «Մեա կուլպա-2», որը ավելի թեթև կլինի, կխոսենք սիրո մասին: Սպասում ենք բոլորիդ»: Եվ սպասեցին ինձ և իմ 4000 դրամին:
Թեթևություն ու սեր ասելով՝ չգիտեմ, թե ինչ նկատի ուներ Թոխատյանը, բայց չորրորդ շարքում նստած հասարակ հանդիսատեսս ստացավ միայն «գաղջ» ու հոռի էմոցիաներ: Քաղաքական-հասարակական կյանքի քննադատությունը առաջին պլանում էր: Սցենարիստը (թող ինձ ներեն Ֆրենկ Դարաբոնտը, Քվենտին Տարանտինոն, Լյուկ Բեսոնն ու իրենց ընկերները) շեշտը դրել էր քննադատական ռեալիզմի և էժանագին կատարսիսի վրա:
Երևի կարծում էին, թե շահարկելով չշահարկվող Չարենցին և ստիպելով հանդիսատեսին արտասանել «Ես իմ անուշ Հայաստանի...» տողերը՝ կարող են ինչ-որ հիացական ռեզոնանս առաջացնել և այդ գիշեր գրգանքից լցնել իրենց չլցվող բաժակները: Եվ մեծ մասամբ հաջողվեց:
Հիմա խոսեմ վերոնշյալ «փոփոխությունների մասին»:
Բեմն ու դեկորացիան տպավորիչ էր, զգացվում էր խորը գրպաններով հովանավորների ազդեցությունը:
Դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը, ով փոխարինել էր Վահագն Սիմոնյանին՝ Պոնչոյին, համոզիչ չէր:
Հրանտը նույնն էր. Գյոթեի, Նապոլեոնի, Տիգրան Մեծի փոխարեն դարձել էր Ռոբին Հուդ, Ստալին, Չարենց: Նորից չհամոզեց:
Գևորգ Մինասյանը, ով հայ հանրությանը առավելապես հայտնի է «Երիտասարդ ոզնիներ» երգիծական նախագծից, հավանաբար Ստանիսլավսկու բեմ էր բարձրացել հին բարեկամախնամիական ուղով: Ուրիշ բացատրություն գտնելը դժվար է, որովհետև կմկմալը, դերասանական «քոթուկությունը» այլ ելք չի թողնում:
Ընդհանուր առմամբ գովելի է, որ անկախ Հայաստանում հասարակության լայն շրջանակների համար դեռ պիեսներ են գրվում և ոչինչ, որ 15 տարին մեկ անգամ, ոչինչ, որ նույն հայհոյախեղդ գռեհկաբանությունը. կարևորը տոմսերը ծախվում են, ժողովուրդն էլ ազգի մեծերի հեղինակությունների անունների շահարկումից հրճվում ու հռհռում է սեփական գարշահոտի վրա:
«Բազմացե՛ք, կովեր…»

Հովաննես Եսայան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին