▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երջանկության բանաձևն՝ ըստ Կարեն Կարապետյանի և Ռիչարդ Գիրի

«Դուք պետք է ունենաք N հատ рецепт счастья, երջանկության բաղադրատոմս...»,-այսօր գյուղատնտեսության նախարարությանն անցկացրած խորհրդակցության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու բացատրեց գյուղերը զարգացնելու օրինակով. եթե անկեղծ՝ վարչապետի խոսքից երևում է, որ բացատրությունը հաճույքով չի տալիս, երևի ներկաների հայացքներից նկատել էր, որ ոչինչ չէր ասել նրանց «рецепт счастья»-ն 

Ու ես էլ չգիտեմ՝ հասկացան գյուղնախարարության՝ պոլիտբյուրոյի մտածելակերպով չինովնիկները վարչապետի ասածը, թե ոչ, սակայն հուսով  եմ, որ նրանցից ոմանք «գուգլեցին» «рецепт счастья»-ն ու փորձեցին սերտել այսօրվա դասը՝ դրա ռոմանտիկ կիրառումն իրենց ոլորտում ապահովելու հեռանկարով: 

Իսկ երջանկության բաղադրատոմսի մասին լավագույն դասը՝ ոչ գյուղի օրինակով, տվել է հոլիվուդյան աստղ Ռիչարդ Գիրը, ով մի առիթով ասել է, որ գոյություն ունի մի հզոր վարժություն, որը ինքը սկսել է կիրառել շատ-շատ վաղուց և որն իրականում շատ պարզ է:

«Ում էլ որ պատահեմ իմ ճանապարհին՝ լինի դա մարդ, թե միջատ, առաջին միտքը, որը ես թույլ եմ տալիս այդ արարածի հանդեպ. «ես մաղթում եմ քեզ երջանկություն»:

Բայց կարևոր է, որ այդ միտքը իրոք լինի առաջինը. «ես մաղթում եմ քեզ երջանկություն»: Այն հետագայում ամբողջովին փոխում է այն, ինչ տեղի է ունենում քո և այդ մարդու միջև:

Ասում եմ դա՝ ելնելով սեփական փորձիցս: Երբեմն ծայրահեղ դժվար է լինում, երբ հանդիպում ես թշնամուդ, կամ երբ դեմ առ դեմ հանդիպում ես ծանր իրավիճակին… և ինձ դրանում շատ է օգնում մեդիտացիան, որը սովորեցնում է թույլ չտալ նեգատիվ էմոցիաներ: Դու հնարավորություն ես ստանում ստեղծել շուրջդ տարածություն… դու տեսնում ես ինչպես է նրա մեջ թափանցում նեգատիվ էմոցիաները, և մինչ, երբ այն քեզ վրա «իշխանություն» կունենա՝ դու հասցնում ես այն ձևափոխել: Դու տեսնում ես ամեն ինչ՝ ինչպիսին որ կա՝ ահա ի հայտ է գալիս անտեղյակությունը, զայրույթը, որոնք ոչ այլ ինչ են, քան անտեղյակություն իմ կողմից, նրանց կողմից:

Ձևափոխեք, բաց թողեք դրանք, վերափոխեք սիրո: «Ես մաղթում եմ քեզ երջանկություն»:

Փորձեք և կտեսնեք թե որքան շատ բան կփոխվի Ձեր կյանքում»,-գրել է Ռիչարդ Գիրը:

Կարծում եմ՝ պարզ է ու հստակ ու կիրառելի նաև  կառավարման ու նույնիսկ հայաստանյան բարձր, միջին ու ստորին ղեկավարության  պայմաններում,եթե , իհարկե, նրանք ձերբազատված են պոլիտբյուրոյի մտածելակերպից

Հեղինակ՝ Ատոմ Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին