▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ կա Մեղրին հանձնելու, Քի Վեսթի և «հոկտեմբերի 27-ի» միջև. մեկնաբանում է Փոլ Գոբլը

Factor.am-ը զրույց ունի ղարաբաղյան հարցի հայտնի փորձագետներից մեկի` ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև. 

– Պարոն Գոբլ, եթե հիմք ընդունենք Վարդան Օսկանյանի մեկնաբանությունները, Քի Վեսթի գործընթացն ամերիկացիները փաստացի սկսել են 1999 թ., երբ Հայաստան եկավ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթը: Կարո՞ղ ենք ասել, որ այդ շրջանի ամերիկյան առաջարկները մոտ էին «Գոբլի ծրագրին» իրենց ոգով կամ սկզբունքներով՝ անկախ նրանից, թե տվյալ սցենարն առաջարկում էր հիմնախնդիրը լուծել «Ղարաբաղը և Լաչինի միջանցքը՝ Մեղրիի շրջանի դիմաց», թե «Ղարաբաղը և Լաչինի միջանցքը՝ Նախիջևանի հետ անխափան կապի դիմաց» տարբերակով:

– Կարգավորման բոլոր առաջարկները, բացառությամբ այն տարբերակների, որոնք առաջարկում էին պարզապես վերադարձ ստատուս-քվոյին, ներառել են սահմանների կամ ինքնիշխանության փոփոխություն: Չեմ կարծում, թե ամերիկյան նախաձեռնությունը այդ շրջանում «Գոբլի ծրագրի» ընդլայնված տարբերակն էր: Ավելի շուտ այն արտացոլում էր առկա իրողությունները, որոնց հետ ստիպված էր գործ ունենալ դիվանագետների յուրաքանչյուր սերունդ:

– Ճի՞շտ կլինի արդյոք ասել, որ «Գոբլի ծրագիրը» ինչ-որ առումով արտացոլում էր ամերիկյան վարչակազմերի, դիվանագետների մոտեցումները՝ կապված ղարաբաղյան հարցի լուծման հետ, թե՞ ընդհակառակը, ամերիկյան առաջարկները 1990-ական թթ. վերջերին բխում էին Ձեր առաջարկած ծրագրի գաղափարներից:  

– «Գոբլի ծրագիրը», ինչպես հայտնի է, արտացոլում էր իմ անձնական հայացքները և սկզբնապես առաջարկվել է 1992 թ. հունվարին, երբ ես արդեն հեռացել էի կառավարությունից: Ես չէի ներկայացրել այն դրանից առաջ, ոչ էլ լսել էի նմանատիպ գաղափարներ, որոնք կարող էին արտահայտված լինել նախքան իմ կողմից կառավարությունը լքելը:

Վստահաբար կարող եմ ասել, որ այն չէր արտահայտում ավելի լայն՝ Միացյալ Նահանգների մոտեցումները տվյալ հիմնախնդրին: Միակ ընդհանրությունը, որ տեսնում եմ այսօրվա հեռավորությունից, այն է, որ այն ժամանակ բոլորն էլ զգում էին՝ ավելի մեծ հնարավորություններ կան ավելի լայն մտածելու, դուրս գալու որոշակի կաղապարներից, շրջանակներից:

– Ծանո՞թ եք այն փաստաթղթերին, որոնք դրված էին բանակցությունների սեղանին Քի Վեսթում: Դրանք մո՞տ էին Ձեր առաջարկներին:

– Քի Վեսթի ժամանակ ես արդեն կառավարության կազմում չէի և առանձնակի գիտելիքներ չունեմ դրա մասին:

– Այսօր Միացյալ Նահանգները չի նախաձեռնում այնպիսի գործընթացներ, ինչպիսին, օրինակ, Քի Վեսթի գործընթացն է, անկախ այն հանգամանքից, թե որքանով այդ առաջարկն ընդունելի կլինի հայերի կամ ադրբեջանցիների կողմից: Ի՞նչն է պատճառը, ինչո՞վ է սա բացատրվում: Ամերիկյան կողմը հաշտվե՞լ է Մինսկի խմբում Ռուսաստանի առաջատարության հետ:

– Մտավախություն ունեմ, որ ամերիկյան նախաձեռնությունների բացակայությունը արտացոլում է երեք հանգամանք: Առաջինը՝ հիասթափություն Մինսկի խմբից, որը չի կարողանում հասնել առաջընթացի և չունի որևէ պատկերացում, թե ինչպես կարելի է դա անել: Երկրորդը, Միացյալ Նահանգներում գնալով աճում է պատրաստակամությունը հաշվի նստել Ռուսաստանի հետ այս տարածաշրջանում և այն զգացումը, որ 25 տարի անց ավելի քիչ հնարավորություններ կան խուսափելու նրանից, ինչ դիվանագետները անվանում են «իրողություն» կամ «փաստեր գետնի վրա»: Անձամբ ես չեմ տեսնում որևէ հնարավորություն, որ այս վիճակը կարող է մոտ ժամանակներում փոխվել:

– Որոշ մարդիկ Մեղրին հանձնելու տարբերակը կամ «Գոբլի ծրագիրը» կապում են 1999թ. հոկտեմբերի 27-ի սպանությունների հետ: Լսե՞լ եք այս վարկածի մասին:

– Ես լսել եմ նմանատիպ տեսակետներ: Կարծում եմ՝ դա հիմնովին սխալ վարկած է և հորինված է այն մարդկանց կողմից, ովքեր ուզում են տորպեդահարել ցանկացած հիմնախնդրի լուծում Հարավային Կովկասում:

Առավել մանրամսն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին