▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երեխաներից ո՞ր տոկոսն է, որ թատրոն, կինո, տիկնիկային չի գնացել ....Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ մշակույթի նախարարություն կատարած աշխատանքային այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրները և անելիքները:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը ներկայացրել է նախարարության 2017 թ. գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքը, ապա խոսքը փոխանցել իր տեղակալներին, ովքեր էլ զեկուցել են ըստ իրենց ոլորտների տարվող աշխատանքների մասին: Նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանում կինոարտադրության ոլորտում առաջարկվող բարեփոխումները՝ կինոարտադրության կառավարման ժամանակակից մոդելի իրավական հիմքերի ապահովում, ֆիլմ հանձնակատարի ինստիտուտի ներդրում, «Շրջիկ կինոթատրոն» ծրագրի և մարզային կինոթատրոնների ցանցի ստեղծման ծրագրի իրականացում և այլն: 
Վարչապետը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում մշակել և ներկայացնել կինոարդյունաբերության զարգացման ծրագիր: «Ներկայացրեք կոնցեպցիա՝ ընդհանրապես դեպի ուր ենք շարժվելու կինոարտադրության մեջ, բայց յուրաքանչյուր առաջարկի տակ պետք է դնեք տրամաբանություն՝ ժամանակացույցով, ֆինանսական գնահատականով, հիմնավորումներով», - նշել է կառավարության ղեկավարը: 
Իրենց զեկույցներում նախարարի տեղակալներ Արև Սամուելյանը և Ներսես Տեր-Վարդանյանը զեկուցել են մշակութային ժառանգության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձ է եղել վիրտուալ 360° թանգարանի, «Աուդիոգիդ» բջջային հավելվածի, տիկնիկային թանգարանի, թատրոններում ժամանցային գրադարանային գրավաճառ կենտրոնների ստեղծման, ինչպես նաև պատմամշակութային արգելոցներում ու հուշարձաններում ենթակառուցվածքների ձևավորման ու զարգացման աշխատանքներին: Վարչապետին ներկայացվել է նաև Գյումրիում մշակութային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Կումայրի պատմական կենտրոնի ծրագրի շրջանակում վերականգնվող փողոցների հարակից տարածքում: Տարածքի մի մասում Շիրակի մարզային գրադարանն է, որն արդեն վերակառուցվել է, իսկ մնացած հատվածում իրականացվելու են վերակառուցման և ներքին բակի վերականգնման աշխատանքներ: Արդյունքում նախատեսվում է Գյումրիում տեղակայել մշակույթի նախարարության ռեգիոնալ վարչության շենքը, երկու թանգարան՝ Շիրակի երկրագիտական թանգարանը և Ազգային պատկերասրահի մասնաճյուղը, հուշանվերային արտադրանքի պատրաստման կենտրոն, լաբորատորիաներ, վարչական գրասենյակ: Ընդգծելով, որ նման ծրագրերը Գյումրիում տրամադրություն և միջավայր են փոխելու՝ վարչապետն առաջարկել է ծրագիրը քննարկել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ և սկսել աշխատանքը ներդրողներ ներգրավելու ուղղությամբ: 
Կարեն Կարապետյանը կարևորել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և առևտրային բաղադրիչի ակտիվացմամբ մշակութային հուշարձանների ճանաչելիության բարձրացումը և զբոսաշրջային հետաքրքրության ավելացումը: «Պետք է հետևողական աշխատել Հայաստանի մշակութային ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Պետք է գույքագրել, թե որտեղ կարող ենք որոշակի ծրագրեր նախատեսել, որոնք ներդրումներ են պահանջում: Մեկ ամիս հետո մենք պետք է ունենանք մոտավոր գնահատական՝ որտեղ ինչ ներդրումներ են պետք, որոնք կարող են այս կամ այն մշակութային օբյեկտի նկատմամբ որոշակի հետաքրքրություն առաջացնել», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով ներկայացնել համապատասխան ծրագիր: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև մշակույթի նախարարության և մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների միջև համակարգված աշխատանքը՝ մշակութային ժառանգության պահպանության առումով: 
Արմեն Ամիրյանը վարչապետին զեկուցել է նաև մշակութային արտադրանքի իրացման և ծառայությունների մատուցման գործընթացում տնտեսական աճի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, այդ թվում՝ գրադարաններում նոր ծառայությունների ներդրմամբ ինտելեկտուալ ժամանցի կենտրոնների ստեղծում, շարժական գրախանութների՝ «գրաբուսների» և գրավաճառ կետերի գործարկում և այլն: Վարչապետը հետաքրքրվել է պետական ենթակայության մշակութային կազմակերպություններում միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման ծրագրի ընթացքից: Արմեն Ամիրյանը տեղեկացրել է, որ մրցույթը շուտով հայտարարվելու է, համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է և առաջիկայում կներկայացվի կառավարություն: Համակարգը նախատեսվում է իրականացնել 3 փուլով՝ առաջին փուլով մինչև նոյեմբերի վերջ ներդնել Երևանի 10 խոշոր թատերահամերգային կազմակերպությունում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել գործընթացը՝ հնարավորինս կրճատելով ժամկետները:
Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել նաև Հայաստանում կազմակերպվող միջազգային փառատոնների, մրցույթների և ցուցահանդեսների, ինչպես նաև մարզային մշակութային ծրագրերի վերաբերյալ: Այս առումով կառավարության ղեկավարը կարևորել է տարվա կտրվածքով ըստ հասարակության տարբեր շերտերի պահանջարկի որակյալ համերգային ծրագրերի կազմակերպումը, որոնք հետաքրքիր կլինեն և ճաշակ կձևավորեն: Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև Երևանում և բոլոր մարզերում երեխաների համար մշակութային ժամանցի կազմակերպման խնդրին՝ հանձնարարելով ներկայացնել առաջարկություններ: «Մենք պետք է ունենանք ծրագիր, թե ինչպես երեխաների մշակութային ժամանցն ապահովենք, որպեսզի նրանք հնարավորություն ունենան արվեստի հետ շփվելու, թանգարան մտնելու, մի անգամ օպերա լսելու, ֆիլմ նայելու և այլն», - ընդգծել է վարչապետը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին