▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիևում տեղի է ունեցել Վասիլ Ստուսի բանաստեղծությունների հայերեն և ուկրաիներեն գրքի շնորհանդեսը

Օրեր առաջ Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային թանգարանում տեղի ունեցավ ուկրաինացի հանրաճանաչ պոետ, ազատ Ուկրաինայի մարտիկ, իրավապաշտպան Վասիլ Ստուսի բանաստեղծությունների հայերեն և ուկրաիներեն գրքի շնորհանդեսը:  

Ստուսի պոեզիան հայ ընթերցողին հասու դարձնելու գաղափարը պատկանում է Ստուսի ճամբարային ընկերոջը՝ այլախոհ, Ազգային միացյալ կուսակցության անդամ  Ռազմիկ Մարկոսյանին: Շատ տարիներ առաջ, Մորդովիայի ճամբարից դուրս հանելով, Ռազմիկ Մարկոյանը փրկել է Ստուսի բանաստեղծություններից հիսունութը: Մի տարի առաջ նրա ջանքերով այդ բանաստեղծությունները մի քանի տասնյակ այլ ստեղծագործությունների հետ միասին հանձնվել են հայ ընթերցողին:

Շևչենկոյի անվան ազգային թանգարանում կայացած շնորհանդեսը ներկայացրեց ոչ միայն Ստուսի «Հանգիստ տուր ինձ, Տեր» գիրքը, որի երկրորդ հրատարակությանն աջակցել է Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, այլև գրքի առաջին հրատարակության երևանյան շնորհանդեսի նյութերից և միջոցառման արձագանքներից ծնունդ առած «Մտորումներ Ստուսի մասին» գիրքը, որում տեղ գտած գրականագիտական վերլուծությունները բարձր գնահատականի արժանացան ուկրաինացի մասնագետների կողմից, որակվեցին որպես Ստուսի պոեզիայի հանդեպ բարձրակարգ վերաբերմունքի դրսևորում: Ի դեպ, «Մտորումներ Ստուսի մասին»  գրքի  հրատարակության համար հոգացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրա աջակցությամբ էլ կայացավ այս կարևոր միջոցառումը:

Շնորհանդեսի պատվավոր հյուրերն էին այդ արժեքավոր հրատարակությունների նախաձեռնող Ռազմիկ Մարկոսյանը և Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի ղեկավար Ֆելիքս Բախչինյանը:  Ներկա էին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը,  Ուկրաինայի վաստակավոր արտիստ, կինոռեժիսոր Ռոման Բալայանը, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահներ Դավիթ Մկրտչյանը և Լևոն Գուլյանը, Շևչենկոյի անվան ազգային թանգարանի տնօրեն Դմիտրո Ստուսը, Ակադեմիայի կերպարվեստի և ճարտարապետության ստեղծագործական արվեստանոցի ղեկավար, Ուկրաինայի արվեստի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Լարիսա Սկորիկը, ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, ուկրաինացի այլախոհներ Վասիլ Օվսիենկոն, Միկոլա Հորբալը, Օլես Շևչենկոն, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան, ինչպես նաև Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախագահը, և հայ համայնքի ներկայացուցիչներ: 

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց միության տեղակալ Դավիթ Մկրտչյանը: Այնուհետև ելույթ ունեցավ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը Գուլյանը: Նա նշեց հայ-ուկրաինական դարավոր մշակութային կապերի մասին, հիշեց ուկրաինական մշակույթի մաս կազմող մեր հայրենակիցներին՝ Փարաջանովին, Բալայանին, Այվազովսկուն, Թաիրովին և այլոց: Գուլյանը շնորհակալական խոսք ասաց Ռազմիկ Մարկոսյանի հասցեին՝ նկատի ունենալով նրա անցյալի ազգանվեր գործն ու Ստուսի գրական ժառանգության տարածման հարցում ունեցած ներդրումը: Երախտագիտությամբ նշեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցաբերած աջակցության մասին:   

Ռազմիկ Մարկոսյանի խոսքը ուկրաիներեն ընթեցեց Լվովից ժամանած թարգմանիչ  Անուշավան  Մեսրոպյանը:

«Ինձ համար մեծ պատիվ ու ուրախություն է այս հավաքույթին ներկա լինելը,-ասաց Մարկոսյանը: - Պայքարի այն ուղին, որ ընտրել էի ես խորհրդային տարիներին, միայն զրկանքներ ու մեկուսացում չէ, որ տվել է ինձ: Այդ տարիներին ես հնարավորություն եմ ունեցել ճանաչելու և մտերմանալու այնպիսի մարդկանց հետ, որոնք իրենց անձնական կյանքը ազնվաբար և մշտապես ստորադասել են համընդհանուր շահին: Այդպիսին էին  իմ գաղափարակից ընկերները: Նրանց մեջ բոլոր ժամանակներում ես հստակ առանձնացրել եմ ձեր հայրենակից Վասիլ Ստուսին: 

2016 թվականն ինձ համար նշանավորվեց մի շատ կարևոր երևույթով: Իմ ընկերների շնորհիվ կարողացա հրատարակել Վասիլ Ստուսի  «Հանգիստ տուր ինձ, Տե՛ր» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն: Մինչ այդ հայ ընթերցողը գրեթե չէր ճանաչում Ստուսին: Ես մեծ նվեր արեցի հայ գրասեր հանրությանը: Վասիլ Ստուսն իր 124 հայերենացված բանաստեղծությամբ դարձավ շատերի սիրելի պոետն ու գաղափարական պայքարի խորհրդանիշը:

Վստահ եմ, որ հայ-ուկրաինական մշակութային երկխոսությունը թանկ է ոչ միայն այստեղ հավաքվածների համար: Մեր ժողովուրդները միշտ էլ փոխըմբռման յուրօրինակ ձգտում ու կարողություն են ունեցել: 1934 թվականին Խորհրդային գրողների համամիութենական համագումարում մեր մեծ պոետ Եղիշե Չարենցը խոսում էր թարգմանության միջոցով մշակութային երկխոսություն ծավալելու մասին: Նրա խոսքն այդ ժամանակ ուղղված էր հիմնականում հայ-ուկրաինական գրական հարաբերություններին: Հուսով եմ՝ Ստուսի գիրքը մի ինքնատիպ բացահայտում կլինի՝ նկատի ունենալով ոչ միայն մշակութային առնչությունները, այլ նաև հայ-ուկրաինական այն սերտ կապը, որ կար հանուն ազգայինի պահպանման մեր ընդհանուր պայքարում:

Ուրախ եմ, որ հնարավոր դարձավ Ստուսի այս երկլեզու գրքի շնորհանդեսն անել նաև իր հայրենիքում: Շնորհակալությամբ պիտի ասեմ, որ Ստուսի երկլեզու գրքի երկրորդ հրատարակության հովանավորն է Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը:  

Խորհրդանշական է, որ այս հավաքույթը տեղի է ունենում Շևչենկոյի թանգարանում, ինչպես որ խորհրդանշական էր այն, որ Ստուսի երևանյան շնորհանդեսը տեղի ունեցավ Փարաջանովի տուն-թանգարանում, որն իրեն ուկրաինացի ազգայնական էր համարում:

Ստուսն իր հայրենանվեր գործունեության ընթացքում մեծապես նպաստել է նաև հայերի անկախական շարժմանը: Շևչենկոն նույնպես առնչություններ է ունեցել հայերի հետ: Հարկ եմ համարում նշել, որ Վիլնյուսի գեղարվեստի դպրոցի ղեկավարը եղել է հայտնի նկարիչ Յան Ռուստեմը, իսկական ազգանունը՝ Հովհաննես Ռուստամյան: Հայտնի է, որ Ռուստեմը պոլսահայ էր: Սա Շևչենկոյի առաջին առնչությունն էր հայերի հետ: Երկրորդ առնչությունը Մանգիշլակում էր, որտեղ Շևչենկոն շփվելով հայերի հետ, տպավորվել է և իր  «Երկվորյակներ» պատմվածքում օգտագործել է հայերեն բառեր: Շևչենկոն ծանր տպավորություններ ուներ Մանգիշլակից: Ես ծանոթ եմ այդ վայրի դաժանություններին, քանի որ երկրորդ կալանքս այնտեղ եմ կրել: Ի դեպ, 1980-ին տասը օրվա տարբերությամբ ձերբակալել են Չորնովիլին Ստուսին և ինձ:

Ստուսի «Հանգիստ տուր ինձ, Տե՛ր» գրքի երևանյան շնորհանդեսն այնքան ազդեցիկ ու արձագանքող եղավ, որ ծնվեց երկրորդ գիրքը, որ վերնագրել ենք «Մտորումներ Ստուսի մասին»: Այստեղ շնորհանդեսում հնչած ելույթներն են, հարցազրույցներ ու գրախոսություններ Ստուսի պոեզիայի հայերեն թարգմանության մասին:

Մենք մի նվեր էլ ունենք: Ահա Շևչենկոյի «Կոբզարի» հայերեն նոր ու շքեղ հրատարակությունը՝ Ֆելիքս Բախչինյանի թարգմանությամբ: Գիրքը սիրով նվիրում եմ Շևչենկոյի թանգարանին:

Մեզ՝ հայերիս, բնորոշ է երախտագիտությունը մեր ցավալի պատմական անցյալում մեզ ձեռք մեկնած անհատների հանդեպ: Դրանց մեջ մի կարևոր տեղ ունի նորվեգացի դիվանագետ, մեծ հումանիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենը: Իր՝ Նանսենյան 500 հազար փրկիչ անձնագրերից 320 հազարը Հայոց ցեղասպանության ժամանակ նա հայերին է տրամադրել ու այդպիսով փրկել նրանց անխուսափելի կորստից: Երևանում գործում է Նանսենի հիմնադրամը, որի հիմնադիր նախագահն այսօր ինձ հետ միասին ձեր հյուրն է: 

Մեր այցելությունը մի կարևոր առաքելություն ունի: Ես ու իմ բարեկամ, գրականագետ, թարգմանիչ, «Ֆրիտյոֆ Նանսեն» հասարակական կազմակերպության նախագահ Ֆելիքս Բախչինյանը, որոշում ենք կայացրել մեծ մարդասերի անունը կրող կազմակերպության կողմից Վասիլ Ստուսին և կինոռեժիսոր Ռոման Բալայանին  պարգևատրել  «Ֆրիտյոֆ  Նանսեն»  ոսկե  շքանշանով:   

Հայտնի է, որ Նանսենը Ուկրաինայի համար ծանր ժամանակաշրջանում 2 միլիոն ուկրաինացու կյանք է փրկել: Չգիտեմ՝ Նանսենի արձանը կա՞ Ուկրաինայում: Բայց վստահ եմ, որ Ստուսը այդ մեծ մարդասերի հիշատակը հավերժացնող ցանկացած նախաձեռնության ջատագովը կլիներ:

Այս դժվարին ժամանակներում հոգևոր-մշակութային արժեքները կարևորող մարդկանց վրա մեծ առաքելություն է դրված. հավասարակշռել այս նյութականացած աշխարհը: Վստահ եմ, որ հայ և ուկրաինացի ժողովուրդները հարուստ են նման անհատներով»:

Ստուսի «Հանգիստ տուր ինձ, Տե՛ր» երկլեզու ժողովածուն, «Մտորումներ Ստուսի մասին» գիրքն ու «Կոբզարի» հայերեն նոր հրատարակությունը, որի հովանավորը դարձյալ Տարոն Մարգարյանն է, հանձնվեցին Շևչենկոյի թանգարանի արխիվին: Հնչեցին Ստուսի բանաստեղծությունները՝ բնագրով և հայերեն: 

Հայ-ուկրաինական մշակութային կապերի ամրապնդման համար Ռազմիկ Մարկոսյանին ու Ֆելիքս Բախչինյանին պատվոգրեր շնորհվեցին:

Խոստացված ոսկե մեդալները շնորհվեցին. Վասիլ Ստուսին (հետմահու)՝ Հայաստանի անկախության գործում ունեցած վաստակի համար, և կինոռեժիսոր Ռոման Բալայանին՝ հայ-ուկրաինական մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար:    

Շնորհանդեսից հետո հանդիպում տեղի ունեցավ ՆԳ նախարար Արսեն Ավակովի հետ: Ներկա էին Ռազմիկ Մարկոսյանը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Լևոն Գուլյանը: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ շորհվեց նաև Արսեն Ավակովին: 

72157685078500185

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին