▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վտանգ, դժվարություն, սով, ծարավ... Հայ հայտնիները և քաղաքական գործիչները հայտնվել են անելանելի իրավիճակում

 

Ռեժիսոր Արտաշես Միրզոյանը և հաղորդավար Սևակ Հովհաննիսյանն, փորձնական նկարահանումներից և հաղորդումից հետո, հնարավոր է Asekose.am-ի հետ համատեղ իրականացնեն նոր՝ «Ամեն գնով» ծրագիրը, որն աննախադեպ կլինի  իր ձևաչափով: Այն հեռուստադիտողին հնարավորություն կընձեռնի շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներին և քաղաքական գործիչներին տեսնել անելանելի և անսովոր իրավիճակներում, ուտելիք և ջուր հայթայթելիս: Asekose.am-ը փորձել է մանրամասներ պարզել ծրագրի գաղափարի, նկարահանման օրերի, այդ օրերի ընթացքում առաջացած դժվարությունների և վտանգավոր դրվագների մասին:

Фото Sevak Hovhannisyan.

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց հաղորդման ռեժիսոր Արտաշես Միրզոյանը, ծրագրի գաղափարը ստեղծվել է շատ պատահական Սևակի կողմից:

«Ես և Սևակը միասին ծրագրավորման դասընթացների էինք հաճախում: Մի օր նա մոտեցավ ինձ և հայտնեց իր մտադրության մասին, ինչին ես հավանություն տվեցի: Այդպես, որոշեցինք իրականություն դարձնել Սևակի գաղափարը և արդեն որոշ ժամանակ հետո սկսեցինք ծրագրի նկարահանումները»,- պատմեց Արտաշես Միրզոյանը՝ մանրամասներ պատմելով իրենց աշխատանքային պրոցեսի մասին.

«Նկարահանումը, որը տևում է մեկ օր, հիմնականում անցկացվում է անտառում: Սակայն մինչ նկարահանումը, մենք նախօրոք ուսումնասիրում ենք և փորձում ենք գտնել հնարավորինս էքստրեմալ վայրեր, այսինքն՝ վայրեր, որտեղ վտանգներ կլինեն, որոնք դժվար անցանելի են: Եվ հետո արդեն, ուսումնասիրելով այդ ամենը, մտածում ենք փորձություններ, որոնք պետք է հաղթահարեն մեր հյուրերը»,- ասաց Արտաշեսը:

Նրա խոսքով՝ երաժիշտ Վահագ Ռաշն արդեն իսկ հասցրել է անցնել բազում փորձությունների միջով, որոնցից ամենադժվարը նրա համար եղել է բարձրություն հաղթահարելը.

«Վահագ Ռաշի դեպքում ամենադժվարը բարձրությունն էր: Բայց պետք է անպայման նշեմ, որ Վահագը պատվով դուրս եկավ այդ փորձությունից՝  կարողանալով մոտ 40մ.բարձրությունից թելով իջնել»,- մանրամասնեց Արտաշես Միրզոյանը:

Фото Sevak Hovhannisyan.

 

 

 

 

 

 

 

 

Հարցին, արդյո՞ք նախապես տեղեկանալով ծրագրի պայմաններին, հյուրերը հեշտությամբ են համաձայնվում մասնակցել, հաղորդման ռեժիսորը նշեց, որ դեռևս անհամաձայնություն չի եղել և ոչ մի հյուրի հետ.

«Առհասարակ, բոլոր այն մարդիկ, ովքեր առաջարկ են ստանում մասնակցել հաղորդմանը, շատ հեշտ են համաձայնվում. ճիշտն ասած՝ չեմ հասկանում, թե ինչու են այդքան հեշտ համաձայնվում (ժպտում է): Գուցե նրանց գրավում են էքստրեմալ պայմանները, վտանգն ինչ-որ մի բանի հասնելու կամ պարզապես նրանք էլ ադրենալինի պակաս ունեն»,- նկատեց Արտաշեսը:

Խոսելով առաջիկա նկարահանումներից և հյուրերից, Արտաշես Միրզոյանը նշեց, որ շուտով տարբեր փորձություններ և դժվարություններ հաղթահարել, անելանելի իրավիճակներում հայտնվել պատրաստվում են երգիչ Սևակ Խանաղյանը, դերասանուհի Ժաննա Բուտուլյանը և այլք: Ինչպես նաև տեղեկացնենք, որ շոուբիզնեսյան հայտնիների կողքին հեռուստադիտողները հնարավորություն կունենան տեսնելու նաև մի շարք հայտնի քաղաքական գործիչների, որոնց անունները, սակայն, Արտաշեսը դեռ չցանկացավ նշել:

«Մեր հասարակությունը սովոր է շոու բիզնեսի ներկայացուցիչներին և քաղաքական գործիչներին տեսնել հիմնականում բեմում և բարձրախոսների մոտ: Իսկ տվյալ պարագայում այդ մարդկանց տեսնել անսովոր իրավիճակներում դա և հետաքրքիր է, և ինչ-որ մի տեղ նաև անսպասելի»,- հավելեց «Ամեն գնով»-ի ռեժիսոր Արտաշես Միրզոյանը:

Անդրադառնալով բոլոր այն վտանգներին, որոնք կարող են առաջանալ բարդ նկարահանման ընթացքում, «Ամեն գնով»-ի հաղորդավար Սևակ Հովհաննիսյանը պատմեց, որ կապված առողջական վիճակի հետ՝ դեռևս ոչ մի հյուր չի տուժել, ինչը, սակայն, չի կարող ասել անձամբ իր մասին.

«Նկարահանումներից մեկի ժամանակ ջարդել եմ կողոսկրս, ինչը, սակայն, տվյալ պահին ամենևին էլ խոչընդոտ չհանդիսացավ ինձ համար, և մենք կարողացանք բարեհաջող ավարտել նկարահանումը»,- պատմեց Սևակը:

Վերջինս ասաց, որ բացի իրենցից, հայտնի մարդիկ ևս շահագրգռված են այս նախագծով, ինչի արդյունքն էլ այն է, որ շատ հայտնիներ իրենք են պատրաստակամություն հայտնում հաղորդմանը մասնակցելու.

«Կարծում եմ՝ մեր հայտնիներին ևս հետաքրքիր է իրենց օրն անցկացնել էքստրեմալ պայմաններում՝ առանց ջրի և ուտելիքի»,- ավելացրեց Սևակ Հովհաննիսյանը:

Սևակը պատմեց նաև, որ շատ շուտով իրենք ձեռնամուխ են լինելու նաև նոր, կրկին էքստրեմալ նախագծի իրականացմանը, որը կոչվելու է «21 օր».

«Ծրագրի շրջանակներում մասնակիցները բաժանվելու են թիմերի, որոնց միջև իսկական պայքար է սկսվելու, իսկ վերջում, իհարկե, հաղթողին մեծ անակնկալ է սպասվում: Մասնակիցներն ապրելու են անտառում, քնելու են վրանների մեջ, անցնելու են բազմաթիվ դժվարությունների միջով: Գուցե շատերն այս նախագիծը նմանեցնեն տարիներ առաջ Ռուսական առաջին ալիքով ցուցադրվող «Последний герой» ծրագրին, սակայն շտապեմ ասել, որ դա ամենևին էլ այդպես չէ: Թեև նույն ձևաչափն է, բայց ի տարբերություն «Последний герой»-ի՝ «21 օր»-ում  ուտելիք ընդհանրապես չի տրամադրվելու, ծրագրի մասնակիցներն իրենք են փորձելու իրենց համար որևէ բան հայթայթել»,- Asekose.am-ի հետ զրույցում պատմեց հաղորդավար Սևակ Հովհաննիսյանը:


Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին