▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ զանգը ստիպեց 10 տարի Գերմանիայում բնակվող Վազգեն Գազարյանին վերադառնալ և իրականացնել վաղեմի ցանկությունը

10 տարի Գերմանիայում բնակվող օպերային երգիչ Վազգեն Գազարյանը մեծ բարձունքների է հասել օվկիանոսից այն կողմ, ելույթ ունեցել աշխարհահռչակ բեմերում,  սակայն միայն վերջերս է կատարվել նրա մեծ ու վաղեմի ցանությունը: Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում երգիչը պատմել է անակնկալ զանգի, հայրենիքում երգելու հետ կապված իր հույզերի, հայ հանդիսատեսի, Հայաստանում մշտական բնակություն հաստատելու պայմանի մասին և ոչ միայն:

«10 տարի է, ինչ բնակվում եմ Գերմանիայում: Անակնկալ ձևով  զանգ ստացա մաեստրո Էդուարդ Թոփչյանից. ինձ հրավիրեցին Երևան՝ Պուչինիի «Լա Բոհեմ» օպերային մասնակցելու համար: Շատ ուրախ էի, որ ինձ հայրենիքում հիշեցին: Չեմ կարող ասել, որ ազատ էի, զբաղվածություն ունեի, սակայն գործերս դասավորեցի, և ինչքան հնարավոր է շուտ, եկա Հայաստան, որպեսզի փորձերը սկսենք: Դժվարություններ չկան, բարձր մակարդակի վրա է գտնվում դիրիժորի և նվագախմբի աշխատանքը»,- պատմեց Վազգենը:

Վերջինս վստահեցնում է, որ վիրավորվածություն կամ այլ կերպ ասած՝ Հայաստանում անտեսված լինելու զգացողություն երբևիցե չի ունեցել, թեև խոստովանում է, որ այս առաջարկին վաղուց էր սպասում:

«Արտասահմանյան իմ շատ գործընկերների հետ եմ զրուցել: Անկախ ազգային պատկանելությունից՝ սկզբնական շրջանում բոլորը մի տեսակ մոռացվում են իրենց հայրենիքում: Ինձ մոտ այդ սկզբնական պահը, փաստորեն, տևեց 10 տարի: Միշտ ցանկություն եմ ունեցել երգել Հայաստանում, և հիմա շատ ուրախ եմ, որ ստացա այդ հնարավորությունը: Այնպես է ստացվել, որ ես Հայաստանում շատ քիչ եմ ելույթ ունեցել: Երբ ավարտեցի Երևանի պետական կոնսերվատորիան, միանգամից սկսեցի ելույթներ ունենալ արտասահմանում՝            սկզբից՝ Իտալիայում, հետո՝ Պորտուգալիայում, իսկ 10 տարի առաջ արդեն հաստատվեցի Գերմանայում: Այս է պատճառը, որ հայ հանդիսատեսին ես այնքան էլ հայտնի չեմ: Որոշ մարդիկ, իհարկե, ինձ հիշում են իմ ելույթներից, որոնք  եղել են ուսանողական տարիներին և դրանք մատների վրա կարելի է հաշվել»:

Վազգեն Գազարյանը հոկտեմբերին ելույթ է ունենալու Նյու Յորքի աշխարհահռչակ «Մետրոպոլիտեն-օպերա» թատրոնում, որը մեծագույն նվաճում է օպերային երգչի համար:  Մեր այն հարցին՝ այս պահին Հայաստանում լինելը և աշխատանքային առումով զբաղված լինելը արդյո՞ք չեն խանգարի Նյու Յորքի ելույթին պատրաստվելուն, Վազգենը նշեց.

«Այն, որ ես ընդունեցի Հայաստանում ելույթ ունենալու առաջարկը, մի քիչ էգոիստական հիմքեր ուներ: Բացի նրանից, որ շատ ուրախ եմ, որ ինձ հիշեցին հայրենիքում և հրավիրեցին, հանդիպեցի ուսանողական տարիների ընկերներիս և երգեցինք միասին, ինձ համար շատ կարևոր է նաև տոնուսի մեջ մնալ, ամեն մի ելույթ ստիպում է երգչին միշտ լինել տոնուսի մեջ: Այս պարագայում հայաստանյան հյուրախաղերը ոչ թե կխանգարեն, այլ հակառակը՝ կօգնեն նախապատրաստվել Նյու Յորքի իմ ելույթին և լինել տոնուսի մեջ»:

Մեր զրուցակցի խոսքով՝ թեև օպերային երգեցողությունը երաժշտական արվեստի ամենաբարդ տեսակներից մեկն է և  պահանջում է ահռելի ֆիզիկակական և հուզական պատրաստվածություն, ինքն ունի հանգստանալու իր նախընտրելի տարբերակը.

«Իմ աշխատանքն ինձ չի հոգնեցնում, մանավանդ երբ աշխատում եմ լավ դիրիրժորների, ռեժիսորների և գործընկերների հետ, բայց, իհարկե, ես էլ են հանգստանում: Ներկայացումից հետո չեմ սիրում տուն գնալ, նախընտրում եմ ընկերներիս կամ գործընկերներիս հետ այցելելց որևէ վայր որտեղ կարելի է համեղ սնվել և լավ ժամանակ անցկացնել: Աշխատանքիս մեջ ամենաչսիրածս պահը ճամփորդելն է, բայց ոչ թե ուրիշ երկրներ տեսնելը, այլ հենց բուն գործընթացը՝ լինի գնացք, մեքենա, ինքնաթիռ կամ մեկ ուրիշ փոխադրամիջոց, ինձ դրանք շատ են հոգնեցնում: Դրանից հետ ինձ մի քանի օր է պետք վերականգնվելու համար»:

Զրույցի ընթացքում երգիչն անդրադարձավ նաև Գերմանիայի և Հայաստանի օպերային արվեստին՝ փորձելով համեմատության եզրեր անցկացնել դրանց միջև:

«Որպես Գերմանիայի օպերային արվեստի առավելություն կարող եմ նշել պահանջկոտությունը աշխատանքի նկատմամբ, այսինքն՝ ամեն մանրուքի պետք է մեծ ուշադրություն դարձնել: Չէի ասի, որ Գերմանիայի հանդիսատեսը ավելի կամ պակաս պահանջկոտ է, պարզապես գերմանացիներն ավելի զուսպ են հույզերի արտահայտման տեսանկյունից, մինչդեռ Հայաստանում ունեցած իմ մի քանի ելույթների ժամանակ համոզվել եմ, որ հայերն ավելի զգացմունքային են, և այդ առումով համեմատականներ տանելն անհնար է: Գերմանական օպերային արվեստի թերություններից մեկն այն է, որ շատ հաճախ հրավիրում են ռեժիսորների, ովքեր ընդհանրապես կապ չունեն օպերային արվեստի հետ: Տվյալ ռեժիսորը ունի իր սկզբունքները և կարող է չափից դուրս ժամանակակից ձևով բեմադրել «Տրավիատա» կամ Մոցարտի «Կախարդական սրինգը»: Ես մոդեռն մոտեցմանը դեմ չեմ, հակառակը՝ կողմ եմ , բայց բեմադրությունը չպետք է կոնֆլիկտի մեջ մտնի երաժշտության հետ; Այսօր կան նոր կամ միջին սերնդնի ռեժիսորներ, ովքեր ընդհանրապես թքած ունեն երգչի վրա, կարող են ստիպել նրան դեպի իրենց կողմը երգել, այլ ոչ թե հանդիսատեսի, իսկ այդ դեպքում երգչի ձայնը վատ է հնչում, քանի որ գիտենք, որ նա առանց բարձրախոսի է երգում: Հենց այդ պատճառով էլ սկսվում են տարաձայնությունները: Այդ «վարակը», բարեբախտաբար, դեռ Հայաստան չի հասել»,- պատմեց մեր զրուցակիցը:

Զրույցի վերջում մեր այն հարցին՝ արդյո՞ք ինչը կարող է ստիպել համաշխարհային բեմերում ելույթ ունեցող և արտասահմանում մեծ հաջողությունների հասած երգչին վերադառնալ հայրենիք, Վազգեն Գազարյանն անկեղծորեն պատասխանեց.

«Թեև ես ֆիզիկապես հեռացել եմ Հայաստանից, բայց հոգեկան կապը երբեք չի կտրվել: Ես կվերադառնամ միայն այն դեպքում, երբ ինքս արդեն կարողանամ այստեղ ինչ-որ բանի հասնել, դպրոց կամ թատրոն բացել: Երբ հայրենիքից ես ստանում հրավերը, ֆինանսկան կողմն արդեն երկրորդական պլան է մղվում, ավելի կարևոր է դառնում վերադառնալ հայրենիք և դրական լիցքեր ստանալ, իսկ փողերը կաշխատենք Նյու Յորքում (ժպտում է)»:

 

 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև՝ Սա նման է ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր»-ում կամ «Բարսելոնա»-ում խաղալուն. ի՞նչ բացառիկ առաջարկ է ստացել Վազգեն Ղազարյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին