▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատմություն սիրո՞ մասին

Հարավային Կովկասի լուրերի ընտրանին ներկայացրել է երկու հայ տղամարդու սիրո պատմություն. հոդվածը՝ ստորև՝ առանց խմբագրման.

 «Աստված իմ մեջ է, ու ես չեմ կարող սխալմունք լինել: Վերացավ սխալի ու ճշտի այդ արհեստական, սարքովի սահմանը: Կամ ես, ու ես այսպիսին եմ»

ՌՈՄԻԿ

Ռոմիկն այն երկրից է, որտեղ պոետները խոսում են Աստծո հետ, խոսում են՝ սիրո մասին: Ռոմիկն այն երկրից է, որտեղ սիրո համար երբեմն նաև սպանում են:

Իրանն անսահման գեղեցիկ երկիր է՝ բազմազան, գունեղ, հարուստ մշակույթով: Հենց այստեղ է ծնվել Ռոմիկ Դանիալը՝ Իրանի հայ համայնքի երևելի ներկայացուցիչը, ակտիվ երիտասարդը, կրոնական դասընթացների պատկառելի սանը:

   «Այն մասին, որ ես ինչ-որ բանով տարբեր եմ բոլորից, զգում էի դեռ մանկուց՝ 10 տարեկանից: Իմ տարիքի տղաների շրջապատում ես օտար էի՝ նրանց հետաքրքրությունները, խոսակցությունները խորթ էին ինձ: Աղջիկների հետ ավելի հանգիստ էր, բայց միևնույն է, ես հստակ հասկանում էի՝ նրանց մեջ ևս յուրային չեմ:

Երբեմն ինձ թվում էր, որ սա ինչ-որ սխալ մոլորակ է, կամ ես սխալմամբ եմ հայտնվել այստեղ: Օրինակ՝ երկինքը հանկարծ ճեղքվել է, ու ես վայր եմ ընկել, հրեշտակի նման: Մեն-մենակ՝ իմ տեսակի մեջ: Չգիտեի՝ ինչ է դա, ուղղակի գիտեի՝ իմ նմանների հետ տարբերություն ունեմ»,- պատմում է Ռոմիկը:

 

Այսպես, յուրայինների փնտրտուքը տևեց տարիներ: Ռոմիկը փորձում էր գտնել իր էության պակասող կտորը համայնքային գործերում, եկեղեցում, դպրոցում, ընկերների մեջ: Ապարդյուն: Ռոմիկն ուղղակի չգիտեր՝ ինչ փնտրել:

«Առաջին անգամ «գեյ» բառը լսեցի մայրիկիցս: Հիշում եմ՝ ինչ-որ արբանյակային ալիքով սերիալ էր նայում, որում կար նույնասեռական զույգ: Ու ես հանկարծ հասկացա, որ այդ մարդկանց սերն ինձ համար հասկանալի է, հարազատ: Բայց միանգամից կողքից մայրս ասաց՝ ախ այս «գեյերը», սա էլ ուրիշ նորություն է: Հայրս հարցրեց, թե ինչ է «գեյը»:

Մայրս պատասխանեց, որ դա տղամարդն է, որը սիրում է մեկ այլ տղամարդու: Այդ օրը ես հասկացա, որ հենց այդ խմբին եմ պատկանում, այդպես է բնորոշվում այն, ինչ ես զգում եմ և զուգահեռաբար՝ տեսա ծնողներիս խիստ բացասական վերաբերմունքը դրան ու մտածեցի, որ դա սխալ է»,- պատմում է Ռոմիկը:

Ինտերնետի բացակայության ու ինֆորմացիայի խիստ սահմանափակության պայմաններում Ռոմիկն իրեն տանջող հարցերի պատասխանները փնտրում էր ամենուր: Երբեմն-երբեմն ականջին հասնում էին ծանոթների, շրջապատի խոսակցություններն իր մասին: Ինքն իրեն դեռ չէր ճանաչում, բայց այդ որակումներն ատում էր արդեն, փորձում էր անել ամեն բան՝ հակառակն ապացուցելու համար:

«Անտանելի, սարսափելի զգացողություն է օտարությունը, ուրիշությունը, երբ հստակ հասկանում ես, որ կյանքդ, կենսակերպդ, մտքերդ քոնը չեն, դու երկտեղված ես՝ ունես էություն, որը չես հասկանում, ու մի կյանք, որով ապրում ես՝ ընտանիքիդ, հասարակության, սովորությունների դրդումով: Դա քայքայում է, մեջդ անընդդհատ փախուստի ցանկություն կա, բայց չգիտես՝ ուր, որովհետև չգիտես՝ ինչու:

Շատ երկար որոնումներից հետո առաջին անգամ բացարձակ հանգստության զգացողություն ունեցա 2000 թվականին, երբ առաջին անգամ եկա Հայաստան: Զարմանալի է՝ հայրենիք, որ երբեք չես ճանաչել, օտար մի երկիր, բայց սահմանը հատելուց անմիջապես հետո այդ հանգստությունը, զգացողությունը, որ ես տանն եմ, գրկեց ներսս: Այդ պահին երջանիկ էի, հանգիստ ու ապահով»,- ասում է Ռոմիկը:

Երկու շաբաթ անց Ռոմիկը վերադարձավ տուն՝ մտքում պահելով Հայաստան տեղափոխվելու ծածուկ երազանքը: Այս ուղևորությունից հետո ինքնաճանաչողության նոր փուլ սկսվեց. Մաս-մաս Ռոմիկը հավաքում էր իր կյանքը, մտքերն ու զգացողությունները՝ հստակ որոշմամբ՝ այլևս երբեք ստի մեջ չի ապրելու.

«Շատ հարցերիս պատասխանները փորձեցի գտնել եկեղեցում: Փորձեցի, մինչև հենց եկեղեցում չբախվեցի ատելության խոսքի: Այդ ժամանակ ներսս տակնուվրա եղավ. Պարզվեց՝ եկեղեցին, որին ես հավատում էի, չի ընդունում ինձ, չի հավատում ինձ: Պատասխանների փոխարեն նոր հարցեր ծագեցին: Ես դիմում էի Աստծուն ու հարցնում՝ եթե ստեղծել ես ինձ, ապա ի՞նչ է այդ գիրքը, որն իմ դեմ է: Ես եմ սխա՞լ, թե՞ գիրքը: Եթե ինձ ստեղծել ես Քո կերպարանքով, ինչպե՞ս կարող եմ ես սխալ լինել:

Եվ այս հարցերը տանջում էին ինձ: Ես հեռացա եկեղեցուց՝ ինքնուրույն դրանց պատասխանները փնտրելու համար: Սկսեցի կարդալ այլ կրոնների սուրբ գրքերը: Ղուրանում մի հետաքրքիր տող կա՝ «Աստված ավելի մոտ է, քան պարանոցիդ երակը»: Այսպես, տարբեր կրոններ և ուսմունքներ ուսումնասիրելուց հետո  ես հասկացա՝ Աստված իմ մեջ է, ու ես չեմ կարող սխալմունք լինել: Վերացավ սխալի ու ճշտի այդ արհեստական, սարքովի սահմանը: Կամ ես, ու ես այսպիսին եմ»,- պատմում է նա:

Հիմա Ռոմիկը հավատում է Աստծուն, բայց՝ առանց միջնորդների: Հաշտ է իր բնույթի ու նաև նրա հետ, ով ավելի մոտ է, քան պարանոցի երակը: Բացի այդ՝ գիտի ամենակարևոր սկզբունքը՝ «մի դատիր»:

Մի քանի տարի անց` 2011-ին, որոշումը կայացված էր: Ռոմիկը տանը հայտարարեց, որ տեղափոխվում է Հայաստան, քանի որ հասկացել էր՝ թաքուն ապրել չի ցանկանում, ուրիշի կյանքով՝ առավել ևս, իսկ Իրանում իր նմաններին մահապատժի են ենթարկում:

«Այդ ընթացքում հասցրել էի նշանվել մի աղջկա հետ, փորձում էի ավանդական ընտանիք կազմել: Հետո հասկացա, որ դա ոչ միայն սխալ է, այլև անիմաստ: Այդ ընտանիքում երջանիկ մարդ չէր լինելու: Ես ուրիշին դժբախտացնելու իրավունք չունեի: Ինձ համար անտանելի էր դարձել ստի մեջ ապրելը: Կարծում եմ՝ դա մեր հասարակության մեծագույն դժբախտությունն է՝ գիտակցաբար ապրել ստի մեջ, ու չփորձել դրա դեմ պայքարել:

Հաճախմարդիկչենէլհասկանում, որկիսատճշմարտությունուղղակիչկա, դանույնսուտնէ: Գերադասումենմտածել, որոչթեստումեն, այլուղղակիթաքցնում, կամ «փաթեթավորում» ճշմարտությունը: Դաիմըչէ: Ես այդ պես ուղղակի չեմ կարող: Այդպես ես տեղափոխվեցի Հայաստան՝ հստակ որոշմամբ երբեք չստել իմ մասին»,- ասում է Ռոմիկը:

Հայաստանում նա կարճ ժամանակ անց աշխատանք գտավ, ծանոթացավ ԼԳԲՏ համայնքի շատ անդամների հետ, հասկացավ, որ իր ապրումներն ու մտահոգությունները եզակի չեն, և վերջապես, որ ինքը հրեշտակ չէ, որ վայր է ընկել պատռված երկնքից: Ինքը մարդ է՝ սովորական, ուրիշ, հատուկ՝ աշխարհի մյուս բոլոր մարդկանց նման: Ծանոթացավ շատերի հետ, ընթացքում շփումներն ավելի նեղ ու ընտրովի դարձան:

Նրանց, ովքեր չէին ընդունում իր կյանքը, Ռոմիկը հանում էր շփման շրջանակից, լինում էին նաև մարդիկ, որ ինքնուրույն էին նման որոշում կայացնում: Ամեն դեպքում՝ Ռոմիկի մոտեցումը նույնն էր. հաշտ լինել ինքն իր հետ, ոչ թե հասարակության:

«Ես համոզված եմ, որ միասեռական մադկանց շրջապատը, հատկապես ծնողները, գիտեն ճշմարտությունը: Շատ ժամանակ նրանք ուղղակի թաքցնում են դա, ձևացնում, թե ամեն ինչ կարգին է՝ «նորմալ», ինչպես ուրիշների մոտ: Բայց թաքցնելով, ձևացնելով ոչինչ չի փոխվում: Այդ մարդիկ կան, ու ձևացնելով, թե նրանք չկան, նրանք չեն վերանում: Ոչինչ չի փոխվում, բացի այն, որ ևս մեկ սուտ է ստեղծվում»,- ասում է Ռոմիկը:

ՆԱՐԵԿ

«Այն մասին, թե ով եմ, ես իմացա ամենավերջինը. դա անարդար էր: Դպրոցում տղաներն իմ մասին խոսելիս՝ ասում էին «գոմիկ», իսկ ես անգամ չգիտեի՝ ինչ է դա: Ես ուղղակի գիտեի՝ իրենց նման չեմ, ոչ մեկին նման չեմ»,- պատմում է Նարեկը:

Նարեկի կյանքի առաջին 24 տարիներն անցել են բացարձակ մենակության մեջ ու ինքնաբացասման՝ իր էության, բնույթի մերժման: Ընդունել մի բան, որն անընդունելի է բոլորի համար, խիզախություն է պահանջում: Պայքարի ու հուսահատության փուլերն անընդհատ հաջորդում էին իրար՝ մեջտեղում թողնելով Նարեկի կյանքը.

«Չնայած, որ ես ինչ-որ ինֆորմացիա ունեի, կարող էի համադրել, հասկանալ՝ ով եմ, ներքին բազմաթիվ խոչընդոտներ կային, որոնք հաղթահարելն ահավոր բարդ էր: Ես հերքում էի ինձ և միաժամանակ չէի ուզում ապրել այնպես, ինչպես ընդունված է, որովհետև ես հասկանում էի, որ դա բռնություն է իմ էության նկատմամբ:

Հիմա, երբ հիշում եմ այդ շրջանը, խղճում եմ ինքս ինձ: Կարող է զարմանալի թվալ, բայց մենք ուղղակի ապրելու համար ստիպված ենք մի քանի անգամ ավելի շատ էներգիա ծախսել՝ դեր տանել աշխատավայրում, ընտանիքում, պայքարել, ընդունել կամ չընդունել ինքներս մեզ: Այդ անընդհատ լարվածությունը սպառում է մարդուն»,- ասում է Նարեկը:

Միայն 24 տարեկանում Նարեկը համակերպվեց իր էության հետ, բայց չհաշտվեց: Այդ ընթացքում հասցրեց սիրահարվել ու ունենալ մեծագույն հիասթափություն.

«Մարդն, ում սիրում էի, և ով սիրում էր ինձ, պարզվեց՝ ընտանիք ունի: Մեր հարաբերությունները տևեցին ութ ամիս: Դա կախվածություն էր՝ հոգեկան ու ֆիզիկական կախվածություն մեկից, ում սիրում էի: Բայց խղճի խայթը ու մտահոգությունը նրա կնոջ, ընտանիքի համար, գիտակցումը, որ ես սխալ բան եմ անում, ի վերջո հաղթեց: Այդ ժամանակ ես հստակ որոշեցի, որ սերն ինձ համար չէ, ու գուցե նաև համակերպվեցի այդ մտքի հետ»,- պատմում է Նարեկը:

Ծպտված կյանքը Նարեկին զրկել էր համայնքի մյուս անդամների հետ շփվելու, նոր ծանոթություններ ձեռք բերելու հնարավորությունից: Նարեկը մենակ էր մնացել՝ ինքն իր ու իր խնդիրների հետ: Հստակ որոշել էր՝ երբեք չի ամուսնանալու, բայց մենակությունն երբեմն անտանելի էր դառնում.

«Խոսքը միայն անձնական կյանքի մասին չէ: Մենակ՝ բառի բացարձակ իմաստով. չկա քեզ նման մեկը, որին դու ճանաչում ես, որի հետ կարելի է ուղղակի խոսել: Ես, իրոք, Հայաստանում միասեռական որևէ մեկին՝ ինձանից բացի ուղղակի չէի ճանաչում: Կյանքդ վերածվում է պայքարի, ձևանալու, ինքնապաշտպանության, ինքնաբացասման անընդհատ շղթայի, ու դու հանկարծ համակերպվում ես դրա հետ»,- ասում է Նարեկը:

Հուսահատության հերթական ալիքը Նարեկին դրդեց գրանցվել ծանոթության կայքերից մեկում: Անվստահությունը թույլ չէր տալիս առաջինը գրել որևէ մեկին, այդ թվում՝ Ռոմիկին, ում նկարը վաղուց հավանել էր: Նարեկը հույսը դրել էր պատահականության,ճակատագրի բարեհաճության վրա:

ՀԻՄԱ, ԵՐԲ ԵԿԵԼ ԵՍ (c)

Իրար գտնելու վերջին, հուսահատ ջանքը փրկօղակ դարձավ Ռոմիկի ու Նարեկի համար: Մի քանի շաբաթ տևած ցանցային ծանոթությունն ամիսներ անց պիտի վերաճեր սիրո ու ընտանիքի, բայց դրանից առաջ խոչընդոտներ էին ու բազում վախեր.

«Հիմա ես երջանիկ եմ, ու դա անխոս է: Բայց նաև ավելի զգոն ու զգուշավոր եմ:  Իրականում ես ավելի շատ խտրականության հանդիպեցի, երբ լուրջ, մնայուն հարաբերություններ սկսեցի Նարեկի հետ:  Երբ պատասխանատու ես միայն քեզ համար, ավելի անհոգես, ավելի խիզախ: Երբ հասկանում ես,  որ քեզանից կախված է նաև սիրելի մի կյանք, բոլոր արարքներդ հաշվարկում ու ծանր ու թեթև ես անում:

Մեր հարաբերությունների սկզբում մենք ժամերով պետք է մտածեինք,  թե ուր կարող ենք գնալ ճաշելու կամ արշավի, որպեսզի խտրականության չբախվեինք:  Բայց, միևնույն է, այն, ինչ ունենք այսօր, արժեր, որ դրա համար պայքարեինք»,- ասում է Ռոմիկը:

Նախկին անհաջող փորձերը, զսպված էմոցիաները և, ի վերջո, երջանկության անսովորությունը, վախեցնող էին: Հատկապես Նարեկի համար, ով երբեք համայնքի մասը չէր եղել, չէր լսել ու չէր տեսել «իր նմաններին».

«Մեր առաջին հանդիպումը «Լսիր ինձ» ֆիլմի ցուցադրության ժամանակ էր: Ես ոչ մեկին չեմ ճանաչում, բայց հանկարծ լսում եմ պատմություններ, որ նման են իմ կյանքին, տեսնում եմ խնդիրներ, որոնց ես էլ եմ բախվել: Ինչ-որ խառը, անհասկանալի զգացողություններ էին: Իսկ երբ պարզվեց,  որ ֆիլմից հետո պետք է սրճարան գնանք, ես ուղղակի ուզում էի փախչել վախից, որովհետև չգիտեի՝ ինչ կլինի հետո: Հիմա շատ ուրախ եմ, որ այդ օրը փախուստս այդպես էլ չստացվեց»,- ասում  է Նարեկը:

Նարեկի նախորդ հիասթափությունները բախվեցին Ռոմիկի՝ երջանկության և ընտանիքի մասին հստակ պատկերացումներին: Այն, ինչի մասին երազելն անգամ չարդարացված խիզախություն էր Նարեկի համար,  կարճ ժամանակ անց դարձավ իրականություն.

«Հիմա ես ինձ շռայլություն եմ թույլ տալիս մտածել մեր ընտանիքի ապագայի մասին: Անգամ՝ երեխաների:  Շռայլություն, որովհետև կյանքիս առաջին 24  տարիներին ես ապագայի հանդեպ դրական սպասելիքներ ուղղակի չեմ ունեցել: Բացի այդ, Ռոմիկը ինձ շատ ուժեղ է դարձրել՝ որպես անհատականություն: Հիմա ես հաշտ եմ ինքս ինձ հետ, ու դա շատ կարևոր է»,- ասում է Նարեկը:

Իրենց նշանադրության և ընտանիքի մասին զույգը խոսում է ազատ, բայց և զգուշավոր:  Նարեկի ծնողները չգիտեն որդու կողմնորոշման մասին, իսկ ճշմարտությունը բացահայտելը Ռոմիկը դեռ անիմաստ է համարում.

«Խնդիրն այն չէ, որ ես չեմ ցանկանում, որպեսզի Նարեկի ծնողներն իմանան մեր մասին: Իհարկե, ոչ: Ես ուղղակի գիտեմ, որ դա երբեք չի քաջալերվելու: Ես պատկերացնում եմ դրա հետ կապված բոլոր ռիսկերը: Ե ինքս ծնողներիս ասացի կողմնորոշմանս մասին միայն ամուսնության թեմայով անընդհատ ճնշումներին վերջ տալու համար: Չնայած, որորոշ ժամանակ անց նրանք ստիպված էին ընդունել դա, միևնույն է, բացասական էմոցիաները չափազանց շատ էին:

Հիմա, երբ Նարեկը մտածում է այդ մասին, ես ուղղակի հարցնում եմ՝ ի՞նչ կփոխի դա: Ոչինչ: Եթե ընդունեն, ամեն ինչ նույնը կմնա, չընդունեն՝ կրկին, բայց մեր ընտանիքը ստիպված կլինի անցնել ևս մեկ բարդ շրջանի միջով: Այս փուլում ես դրա իմաստը չեմ տեսնում: Բացի այդ,  վստահ եմ՝ Նարեկի մայրը հոգու խորքում գիտի ամեն ինչ, ուղղակի, որովհետև իր աչքի առաջ որդին փոխվել է 180 աստիճանով: Իր տղան երջանիկ է, և դա չնկատելն անհնար է»,- ասում է Ռոմիկը:

Այսօր Ռոմիկն ու Նարեկը երազում են երեխաների մասին, որոնք, ըստ Ռոմիկի, պետք է դառնան հաղթանակի փաստը.

«Ես պատկերացնում եմ, որ մեր երեխաները 20 տարի հետո պետք է դառնան պայքարի հաջորդ օղակը, հաղթանակի փաստը: Ես ուզում եմ, որ մեր երեխաները կարողանան ասել՝ այո, մենք մեծացել ենք նույնասեռական ընտանիքում, բայց դա մեզ չի խանգարել դառնալ հաջողակ, կիրթ, երջանիկ մարդ:Հայաստանում ամեն մարդ իր մտածելակերպի խրամատն է մտել, ու տարբեր կողմերից կրակում են իրար վրա: Այդպես ոչինչ չի փոխվելու: Ես ուզում եմ, որ մեր երեխաները լինեն այդ խրամատների արանքում սպիտակ դրոշ բարձրացնողները»,- ասում է Ռոմիկ Դանիալը:

Նյութը պատրաստվել է Հասարակություն առանց բռնության ՀԿ-ի աջակցությամբ, ԵՄ կողմից ֆինանսավորվող և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի կողմից իրականացվող «Համերաշխության ցանց ԼԳԲՏԻ մարդկանց համար Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում։

Հարավային Կովկասի լուրերի ընտրանի


Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն կայքի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: Կայքն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին