▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համակարգից փտածության հոտ է գալիս. Արքմենիկ Նիկողոսյան

Արվեստը մասնավորապես գրականությունը, հասարակական արժեքների յուրօրինակ հայելի է։ Երկար ժամանակ խոսվում է այն մասին, որ հայ գրողն ու ընթերցողը կապ չունեն միմյանց հետ, որ հայ ժամանակակից գրականությունը հաշված մարդկանց համար է նախատեսված։ Խոսվում են նաև պատճառների մասին, տարբեր հարթակներից հնչում են կարծիքներ, ըստ որոնց օրեցօր արժեզրկվող հայկական մշակույթը ուղիղ կապված է հասարակության բարոյահոգեբանական կարգավիճակի ու տիրող անազատ մթնոլորտի հետ։ Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար զրուցեցինք «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ։

 Մի փոքր խոսենք հայ ժամանակից գրականության մասին։ Ինչպիսի՞ն է հայ ժամանակակից գրողի ու ընթերողի կապը։  Ի՞նչ մարտահրավերներ կան։

- Նախորդ տարիների համեմատությամբ այդ կապը գնալով սերտանում է, տարբեր կայքերի, սոցիալական ցանցերի, հրատարակիչների, նաև առանձին անհատների ջանքերի շնորհիվ ժամանակակից հայ գրողն այսօր առավել ճանաչելի է: Չեմ պնդի, որ առավել ընթերցված, բայց հաստատապես՝ առավել ճանաչելի: Նրան գիտեն, հարգում են, հաճախ՝ երկրպագում են, ինքնագիր են խնդրում, և այլն: Մարտահրավերը թերևս գրողի ու, ինչու չէ, նաև ընթերցողի սոցիալական կարգավիճակի բարելավումն է, որպեսզի՝ ընթերցողը կարողանա ձեռք բերել իր սիրելի գրողի գրքերը, ընդ որում՝ շատ, և այդ շատը դառնա գրողի սոցիալական բարեկեցության գործոն:

Ի՞նչ նոր գրքեր կարող է կարդալ հայ ընթերցողը այս տարի, և  խնդրում ենք պատմել ձեր նոր նախագծերի մասին, եթե այդպիսիք կան։

- Վերջին 6-7 տարիներին այնպիսի հրատարակչական աշխատանք է կատարվում, որ ընթերցողը ոչ միայն ամեն տարի, այլ կարելի է ասել՝ գրեթե յուրաքանչյուր շաբաթ կարող է նոր հայերեն գրքի սպասել: Եվ որ ամենակարևորն է, բացի թարգմանական գրքերից, ընդ որում՝ գերիշխող միտում է դարձել բնագրից թարգմանելը, մեծ թիվ են կազմում ժամանակակից հայ գրողների գրքերը: Իհարկե, նախկինում էլ էին դրանք շատ հրատարակվում, բայց այժմ այդ պրոցեսում կա որոշակի արժեքայնություն, ընտրություն, գեղարվեստական բարձր որակի կարևորում, ինչպես նաև, որ երկրորդական չէ՝ բարձրակարգ ու գեղեցիկ տպագրությամբ: Ծրագրերը շատ են: Համալրում ենք մեր արդեն հայտնի՝ «Օտար գիր», «Նոբելյան մրցանակակիրներ», «Պարտադիր ընթերցանություն», «XXI.» մատենաշարերը, ստեղծել ենք «Սայր» պոետական մատենաշարը, որով ներկայացնելու ենք ընտիր պոեզիա: Կա նաև «ԳԱՄ» մատենաշարը, որում ներառված տեսական, էսսեիստական գրքերը հրաշալի գործիք են ընթերցողի համար կարդալու և առավել հեշտությամբ ընկալելու մյուս գրքերը: Ժամանակակից հայ գրողների գրքերից շուտով Գրիգի «Հիսուսի կատուն» և Արամ Պաչյանի «Օվկիանոս» ժողովածուները կվերահրատարակվեն, սպասվում են Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» նոր վեպը, Հրաչյա Սարիբեկյանի պատմվածքների ժողովածուն՝ «Այնտեղ աչքերդ երբ բացես» վերնագրով, և այլն:

Հայ ստեղծագործողն ազա՞տ է այսօր։

- Ընդհանուր առմամբ՝ կասեմ՝ այո: Բայց ամեն դեպքում կա ներքին ազատության գործոնը, որը տարբեր գրողների մոտ տարբեր է: Ուստի՝ միանշանական չեմ կարող պնդել: Ամեն դեպքում՝ կան ազատ լինելու բազմաթիվ նախադրյալներ՝ անկախ մեր երկրի բարոյահոգեբանական ոչ այդքան առողջ մթնոլորտից:

 

Ամեն տարի պետական և ոչ պետական բուհերը հարյուրավոր բանասերներ և գրականագետներ են «արտադրում», որոնց մեծ մասն անգործ է մնում։ Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը։

- Պատճառները շատ են: Նախ՝ համոզված եմ, որ բանասիրական շատ են դիմում պատահական մարդիկ, հենց այնպես՝ ինչ-որ ֆակուլտետում սովորելու նպատակով: Մյուս կողմից՝ բոլոր մասնագիտությունների գծով էլ կա ավելցուկ, դա արդեն պետության ոչ ճիշտ քաղաքականության խնդիրն է: Եվ վերջապես՝ ես համոզված եմ, որ այդ անգործ մնացածների մեծ մասը արժանի է դրան, որովհետև ուժեղ չէ որպես մասնագետ: Եվ սա նույնպես իր պատճառներն ունի: Ուսանողներից շատերի անտարբերության, իմիջիայլոցության, անձգտումության հետ մեկտեղ, առկա է նաև համալսարանական կրթության ժամանակակից մեթոդի դրվածքի որոշակի սպառվածություն: Թարմություն է պետք, որ այդպես էլ չի ապահովվում: Որոշ լուսավոր բաներ, լուսավոր մարդիկ ու դասախոսներ կան, բայց համակարգից փտածության հոտ է գալիս:

Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է ռուսաց լեզվի դերի ու նշանակության հարցը հանրակրթական դպրոցներում։ Որպես գրականագետ և հասարակական արժեքների հետ ուղիղ կապ ունեցող մասնագետ, ի՞նչ կարծիքի եք, արժե՞ ռուսաց լեզվին արտոնյալ դեր տրամադրել։

- Շատ է խոսվել այդ խնդրի մասին: Փորձեմ կարճ կապել: Կարևոր է ցանկացած լեզվի, հատկապես տարածված լեզուների խորացված ուսուցումը հայաստանյան դպրոցներում:  Բայց արտոնյալություն պետք է վայելի միմիայն հայերենը: Մեր լեզուն ավելի շատ պաշտպանության և հատուկ ուշադրության կարիք ունի:

Այսօր մեր ժողովրդի մեծամասնության հեղինակությունն են վայելում հայերանական արտադրության տարատեսակ հեռուստահաղորդումներ, շոուներ, բազմասերիանոց ֆիլմեր, որոնք իրենց որակով բավականին թույլ են։ Ի՞նչ կարծիքի եք ստեղծված իրավիճակի վերաբերյալ և տեսնու՞մ եք արդյոք մտահոգության առիթներ։

- Բազմիցս խոսվել է այս հարցերի մասին, և միշտ ստացել ենք նույն շաբլոն պատասխանը՝ հեռուստադիտողը դա է ուզում, դա ենք հրամցնում: Ցավոք, չկա հեռուստադիտող կրթելու, զարգացնելու մշակույթը: Դա գուցե սկզբնական շրջանում բերի իրենց այդքան շահարկած՝ ռեյտինգի անկման, բայց հետագայում լավ արդյունքներ կարող  է ապահովել ամեն առումով:  Թեպետ, հանուն ճշմարտության ասեմ, որ այդ առումով բավական դրական փոփոխություններ եմ տեսնում Հանրային հեռուստատեսությունում: Վերջերս, օրինակ, մեծ հաճույքով հետևել եմ Մհեր Մկրտչյանի «Հոսանքին հակառակ» մինի-սերիալին:

 

Հարցազևրույցը՝ Հովհաննես Եսայանի 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին