▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դասադուլին միացած ուսանողներին համախմբել է մաքուր մի գաղափար․Սարգիս Բալդարյան

Օրեր առաջ #տարկետումլինելուԱ պայքարի ուսանողները հանդիպեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Ուսանողները դժգոհել էին, որ իրենց նախօրոք չէին տեղեկացրել, որ հանդիպմանը ներկա են լինելու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։ Հանդիպման ժամանակ ուսանողները հայտնեցին այս հարցի շուրջ իրենց դժգոհությունը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից արժանացան «դեմագոգիայով եք զբաղվում» արտահայտությանը։

 

Վարչապետի հետ հանդիպմանը ներկա գտնված, ԵՊՀ ուսանող Սարգիս Բալդարյանը Asekose-ի հետ զրույցում պատմեց հանդիպման մանրամասների, պայքարի հետագա ընթացքի ու այս հարցի շուրջ ԵՊՀ դիրքորոշման վերաբերյալ։

 

—     Վերջին օրերի ամենաքննարկվող թեման #տարեկետումլինելուԱ-ի ակտիվիստների հանդիպումն է վարչապետի ու նախարարների հետ։ Ի՞նչ ես կարծում, ձեր հանդիպումը օգնե՞ց պայքարին։

 

ՀՀ վարչապետի հետ հանդիպման նպատակը այս հարցի շուրջ նրա դիրքորոշման հստակեցումն էր, քանի որ մեզ հայտնի չէր որևէ հրապարակային ելույթ, որը հնարավորություն կտար հասկանալու նրա մոտեցումը։ Ի զարմանս մեզ՝ հանդիպմանը ներկա էին նաև Պաշտպանության և Կրթության ու գիտության նախարարները, ինչի մասին չէր նշվել հանդիպման ձևաչափի շուրջ վարչապետի ավագ օգնականի ու մեր նախաձեռնության միջև զրույցում։ Թե որքան կառուցողական էր քննարկումը, կարող է դատել յուրաքանչյուրը մեր պնդմամբ կատարված տեսանկարահանումից։

 

—     Ի՞նչ հետագա քայլեր ունե՞ք։

 

Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, ապա որքան էլ նախաձեռնող խումբը որոշակի մտադրություններ ունենա պայքարի ընթացքի վերաբերյալ, վճռական խոսքը, այնուհանդերձ, դասադուլին միացած ուսանողության բազմությանն է։ Ամեն օր ստացվում են պայքարի հետագա ընթացքի վերաբերյալ բազմաթիվ առաջարկություններ, որոնցից յուրաքանչյուրը պատշաճ ուշադրության է արժանանում նախաձեռնող խմբի կողմից։ Նմանաբնույթ առաջարկները հնարավորություն են տալիս զերծ մնալ պայքարի ընթացքի վերաբերյալ միակողմանի որոշումներից։

 

—     Ինչպե՞ս կգնահատես ԵՊՀ դիրքորոշումն այս հարցի շուրջ։

 

Լինելով ԵՊՀ ուսանող՝ այս պահին զերծ կմնամ տարկետման ըստ էության վերացման խնդրի շուրջ ռեկտորատի դիրքորոշման որևիցե մեկնաբանությունից։

 

—     Իրադրության ո՞ր դասավորության դեպքում կարող ենք համարել, որ ձեր պայքարը հաջողության հասավ։

 

Մեր պայքարը արդեն իսկ հասել է իր նպատակներից մեկին՝ բուհական տարկետման ինստիտուտը դարձել է հանրային լայն քննարկումների առարկա։ Վերջնական նպատակը, ինչպես ձևակերպել ենք նախաձեռնության կողմից տարածված հայտնի բաց նամակում, բուհական տարկետման պահպանումն է՝ թեկուզ կրճատված տեղերի ձևաչափով։ Եթե հնարավոր լինի հասնել գիտության ճանապարհն ընտրող շնորհալի երիտասարդների համար տարկետման տեղեր ապահովելուն, ապա պայքարը կարելի է հաջողված համարել։ Անկախ այդ ամենից՝ նկատառելի է ևս մեկ արդյունք․ դասադուլին միացած ուսանողությունը, որին համախմբել է իսկապես մաքուր մի գաղափար, այնպիսի միասնականություն և առողջ մթնոլորտ է հանդես բերում, որը հիմք կարող է դառնալ երիտասարդության գիտակից հատվածի համախմբման համար։ Մյուս կողմից էլ՝ պայքարի ընթացքը հնարավորություն տվեց երևան հանելու պնակալեզ մարդկանց մի բազմություն (այս մասին դեռևս առիթներ կունենանք անդրադառնալու)։

 

 

Հարցազրույցը՝ Հովհաննես Եսայանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին