▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավունք են վերապահում պահել զվարճանքի կենտրոնում` գումար վաստակելու համար. «Մոլ»-ում էկզոտիկ կենդանիներ են ցուցադրվելու

«Այս ամենի վերաբերյալ իմ կարծիքը շատ բացասական է, առհասարակ, որևէ էկզոտիկ կենդանի փակ տարածքներում ցուցադրելու վերաբերյալ: Կենդանիներին զվարճանքի կենտրոններում և նման տեղերում պահելն անընդունելի է, վայրի կենդանիներին, առհասարակ, չի կարելի նման տեղերում պահել, նրանք բնության մեջ բավական լայն տարածություններ են օգտագործում: Կասկածում եմ, որ «ՌԻՈ»-ում կարող են ապահովել այդ պայմանները կենդանիների համար: Կենդանիների բարեկեցության մասին ընդհանրապես չեմ խոսում: Ես կարդացի, որ իրենք նախատեսում են էկզոտիկ կրիաներ ներմուծել, կենգուրուներ և հեպարդներ (ընձառյուծակատու): Վերջիններս միջազգային մակարդակում վտանգված են համարում, և նրանց ապրելու համար լայն տարածություններ են պետք: Կարծում եմ, որ Հայաստանը` որպես քաղաքակիրթ երկիր, պետք է օրինակ վերցնի Արևմտյան Եվրոպայի զարգացած երկրներից, այլ ոչ թե Արաբական Միացյալ Էմիրատներից»,- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց «Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի էկոլոգ,  տեխնիկական գիտությունների թեկնածու Արևիկ Մկրտչյանը` անդրադառնալով այն փաստին, որ երեկ Ռուսաստանի «ՌԻՈ» առևտրային զվարճանքի կենտրոնների հանրահայտ ցանցի Երևանում բացված մասնաճյուղում  նախատեսվում է բացել էկզոտարիում, որտեղ ցուցադրվելու են վայրի կենդանիների որոշ տեսակներ:

Մեր զրուցակցի խոսքով` էկզոտիկ կենդանիներին պահել նման փակ տարածքներում անընդունելի է բոլոր տեսանկյուներից:

«Գոյություն չունի կենդանաբուժական որևէ ստուգում, այսինքն` տեղեկություններ չկան այդ կենդանիների առողջական վիճակի վերաբերյալ, չգիտենք, թե ինչ հիվանդություններ են, որ կարող են կենդանիներից փոխանցվել մարդուն, այսինքն` չի պահպանվում առողջապահական ասպեկտը, որը շատ կարևոր է կենդանի-մարդ հարաբերություններում: Բացի դրանից, շատ կարևոր է նաև դրա կրթական արժեքը, այսինքն` ինչ ենք մենք ցույց տալիս ու սովորեցնում մեր երեխաներին: Եթե կենդանիները չեն գտնվում իրենց կենսական միջավայրում, ապա նրանց մոտ ակնհայտորեն որոշակի շեղումներ ի հայտ կգան ժամանակի ընթացքում: Իհարկե, չեմ խոսում ռեստորաններում գտնվող արջերի մասին, որոնց հետազոտելուց հետո պարզվեց, որ նրանց Coca Cola-ով, քաղցրավենիքով ու խորովածով են կերակրել»,- նշեց Արևիկը:

Վերջինս անդրադարձավ նաև նրան, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ փակ տարածքներում պահվելը կենդանիների վրա.

«Օրինակ` հեպարդն անապատային-կիսաանապատային տարածքներում է ապրում: Ենթադրում եմ, որ այդ վանդակները պետք է ապակեպատ լինեն, որտեղ լավագույն դեպքում արհեստական ավազ կլցնեն: Ժամանակի ընթացքում ես կարող եմ վստահաբար ասել, որ այդ կենդանիների մոտ հոդերի խնդիր է առաջանալու, որովհետև այդ  միջավայրը չի համապատասխանելու նրանց կենսապահանջներին: Պետք է հասկանանք, թե ովքեր են իրականացնելու այդ կենդանիների խնամքը, ովքեր են հոգ տանելու նրանց առողջության մասին, ինչ սննդակարգով են նրանք պահվելու: Բնականաբար, նման պայմաններն անդրադառնում են նաև կենդանիների վարքագծի և հոգեբանության վրա»:

Մեր զրուցակցի խոսքով` այս ամենը վերահսկողության համար պետական մոտեցում է անհրաժեշտ.

«Մենք երկրում խնդիր ունենք, քանի որ չունենք օրենք, որը կարգավորում է կենդանիների բարեկեցությունը, կենդանիների նկատմամբ խոշտանգումը կամ դաժան վերաբերմունքը: Որոշ մարդկանց իրավունք է վերապահվել էկզոտիկ կենդանիներին պահել նման փակ տարածքներում: Այս ամեն ինչն անընդունելի է բոլոր տեսանկյուներից: Ցավոք, այսօր միայն «կենդանական աշխարհի» մասին օրենքն է, որը լրամշակվում է արդեն 2 տարի. 2015 թ.-ից սկսվեց առաջին լրամշակումը  Գյումրիի կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքից հետո, որից հետո օրենքը գտնվում է դեռ լրամշակման փուլում և նույնիսկ Ազգային ժողով չի մտել`հաստատվելու համար, որում ավելի խիստ պայմաններ են առաջադրվել վայրի կենդանիներ պահելու համար: Իսկ հեպարդների մասին այս օրենքում ընդհանրապես ոչ մի խոսք չկա, մինչդեռ որոշ մարդիկ իրավունք են վերապահում իրենց նրանց պահել նման փակ տարածքներում կամ զվարճանքի կենտրոններում: Այս առումով Հայաստանում կենդանիների իրավունքները բավարար չափով պաշտպանված չեն: Խնդիրը պետք է պետական համակարգված մոտեցում ունենա, այսինքն` այս կամ այն երևույթը կարող է հանրության պարսավանքին արժանանալ կամ օրինակ` ես` որպես գիտակից քաղաքացի չեմ գնա այնտեղ, որտեղ պահում են վայրի կենդանիների, որովհետև չեմ ուզում, որ երեխա ականատես լինի նման դաժան տեսարանի, սակայն եթե չունենք պետական օրենքներ, նշանակում է` դաշտը բաց է: Շատ մարդիկ ենթադրելու են, որ այդ կենդանիներին ցուցադրելով կարող են գումարներ վաստակել և կշարունակեն դա անել»:

Զրույցի վերջում Արևիկ Մկրտչյանը անդրադարձավ նաև վերջերս բրիտանական հեղինակավոր The Daily Mail պարբերականի «Սոված արջերը ստիպված են հետևել, թե ինչպես են ընթրում Հայաստանի ռեստորանի այցելուները» վերնագրով  աղմկահարույց հոդվածին, որում նշվում էր, որ Հայաստանում  արջերը գտնվում են ռեստորանների վանդակներում` անմխիթար վիճակում: 

«Ես ցավում եմ, որ որքան էլ, որ խնդրի մասին բարձրաձայնելու հնարավորություններ և հարթակներ ունենք, այնուամենայնիվ, մինչև մի հեղինակավոր պարբերական չի անդրադառնում խնդրին, այն լուծում չի ստանում»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց «Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի էկոլոգ Արևիկ Մկրտչյանը:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին