▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիթքոյն վիրտուալ արժույթը Հայաստանում

Վերջին ամիսներին բիթքոյն կրիպտոարժույթը շարունակում է գտնվել ֆինանսական աշխարհի ուշադրության կենտրոնում։ Այս նյութի հրապարակման պահին բիթքոյնի գինը տատանվում է  16-17 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում։ Զուտ հետաքրքրության ու համեմատության համար նշենք, որ այս տարվա ամռանը բիթքոյնի գինը չէր անցնում 5000 ԱՄՆ դոլարը։ Կրիպտոարժույթի այս աննախադեպ աճը շատ մասնագետներ համարում են արհեստական և կանխորոշում են բիթքոյնի գնի կտրուկ ցածրացում։ Սակայն իրականությունը մարտահրավեր է նետում մասնագետների տարիների փորձին․ օրեցօր բիթքոյնով հետաքրքրվողների թիվը մեծանում  է, զուգահեռ աճում է բիթքոյնի գինը, տարբեր երկրների կենտրոնական բանկերը բիթքոյնը ճանաչում են որպես ռեալ արժույթ , տեղադրվում են բանկոմատներ, մարդիկ առևտուր են անում այս «ոչ շոշափելի» արժույթով։

Նախ եկեք հասկանանք, թե իրենից ինչ է ներկայացնում բիթքոյնը։

Ինչ է բիթքոյնը

Թե կոնկրետ ով և ինչպես է ստեղծել բիթքոյնը անհայտ է։ Հայտնի է, որ կրիպտոարժույթի հիմքը դրել է Սատոշի Նակամատո կեղծանվամբ հանդես եկող անձը կամ անձանց խումբը: Կրիպտոարժույթը, ի տարբերություն մեզ ծանոթ շոշափելի արժույթների, երկրների կենտրոնական բանկերը չեն թողարկում: Այն կարող է ստեղծել ցանկացած ոք։ Գործընթացը կոչվում է «մայնինգ»:

Բիթքոյնով կատարված գործարքները գրանցվում են բլոքչեյնում՝ համակարգ, որտեղ բոլոր գործարքները թափանցիկ են և հասանելի բոլորին: Գործարքը գրանցվում է հազարավոր համակարգիչներում, հետևաբար կեղծել այն հնարավոր չէ:

Իր անանունության շնորհիվ բիթքոյնը հնարավորություն է ստեղծում առանց վերահսկման փոխանցումներ կատարել: Այն խիստ գրավիչ է արգելված ապրանքների առևտրով զբաղվողների համար (թմրանյութ, զենք և այլն):

 

Բիթքոյնը Հայաստանում

Վերջին ամիսներին Հայաստանում բիթքոյնի գնի աճի հետ զուգահեռ սկսեց աճել կրիպտոարժույթով հետաքրքրվողների քանակը։ Asekose.am-ի հետ զրույցում «Hex Division» ընկերության համահիմնադիր-տնօրեն Հովհաննես Կուլողլյանը պատմեց Հայաստանում կրիպտոարժույթի տարածվածության մասին։

«Հայաստանում կամաց-կամաց ձևավորվում է համայնք, որը հետաքրքրվում է բիթքոյնով և այլ կրիպտորաժյութով՝ «մայն» են անում, վաճառում են և այլն։ Կրիպտոարժույթով զբաղվողների  քանակն իրականում մեծ չէ, հիմնականում մարդիկ են, ովքեր ներգրավված են ՏՏ ոլորտում։ Բայց ունենք նաև տեղեկություններ, որ քաղաքից դուրս ապրող մարդիկ «մայնինգով» զվաղվում են։ Մարդիկ էլ կան, ովքեր տեխնիկապես պատրաստված չլինելով, քանի որ հեշտ  գումար աշխատելու ձև է, սկսում են զբաղվել կրիպտոարժույթներով։ Սակայն տեխնոլոգիական համայնքը շատ փոքր է, խոսքը կրիպտոարժույթների տեխնոլոգիան հասկացողների մասին է, այս կամ այն գործիքի կիրառությունն ու նշանակությունը ուսումնասիրողների։

Ինձ շատ բարդ է կանխատեսումներ անել կրիպտոարժույթների վերաբերյալ, կարող եմ ասել միայն, որ խուճապի նման երևույթ է։ Կրիպտոարժույթների գինը շատ արագ աճում է, իսկ որոշ մարդիկ ագահաբար մտածում են հեշտ փող աշխատելու ձև է։ Երբ շատ մարդիկ սահմանափակ քանակությամբ բիթքոյն են ուզում գնել, բնականաբանար գինը բարձրանում է»։

 

Բիթքոյնի մասին կարծիքներն ու կանխատեսումները խիստ տարբերվում են: CNBC փարձագետների կարծիքով 2018 թվականի վերջին բիթքոյնի գինը կհասնի 40.000 ԱՄՆ դոլարի, իսկ Ֆորբսը նախատեսում է, որ հետագա 5 տարիների ընթացքում այն կհատի 100.000 ԱՄՆ դոլարի շեմը: Դանիական Սաքսո բանկի կարծիքով 2018 թվականին 1 բիթքոյնը կարժենա 60.000 ԱՄՆ դոլար, այնուհետ նրա գինը կիջնի ընդհուպ մինչև 1000 ԱՄՆ դոլար:

 

 

Պատրաստեց Հովհաննես Եսայանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին