▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիրապետու՞մ ես անգլերենի, կարող ես աշխատել առաջին միլիոնդ․ Upwork-ը Հայաստանում

Վերնագիրը հնարավոր է ասոցացվի համացանցի էժանագին գովազդների կամ ռուսական օնլայն ֆիլմերի ազարտ քարոզող անիմացիոն մերկապարուհիների գովազդային բաներիների հետ, սակայն նյութի թեման ամբողջովին իրական է։

Սույն թեման առավել սազական կլիներ #գործկա հեշթեգին, սակայն վերջինս այնքան ծաղրվեց «ֆեյսբուքյան ակտիվիստների» կողմից, որ ստիպված ենք նոր կերպ խոսել աշխատանք որոնող ու չգտնողների մասին։

Եթե դու անգլերենի գերազանց իմացությամբ երիտասարդ ես, ունես համակարգչային գիտելիքներ և պատրաստ ես աշխատել արտասահմանյան գործատուների հետ, ապա կարող ես (կամքի ու պատասխանատվության դրսևորմամբ) ստեղծել քո երազանքների կարիերան:

Ամեն տարի հայաստանյան բուհերն ավարտում են հազարավոր ուսանողներ, որոնց մեծ մասն աշխատանքի են անցնում սպասարկման ոլորտում, լավագույն դեպքում դառնում են վաճառող (ուհի) կամ առաքիչ։ Բուհերի տված արժեզրկված դիպլոմի փաստը գիտակցում են անգամ ուսանողները։ Իրավիճակը խիստ սուր է հատկապես հումանիտար ֆակուլտետներն ավարտած շրջանավարտների շրջանում, ովքեր իրենց լեզվական գիտելիքները թողնում են բախտի ու մոռացության քմահաճույքին։

Ամբողջ աշխարհում նորագույն տեխնոլոգիաները զարգանում են, ստեղծվում են բոլորովին նոր պոտենցիալ ունեցող աշխատանքային հարթակներ, որոնք մեծ հնարավորություն են տալիս երիտասարդներին գումար վաստակելու և կարիերա ստեղծելու։

Զարգանում է այսպես կոչված «ֆրիլանսի» ինստիտուտը։

Նախ հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում  «ֆրիլանսը»։ Գործատուն, ով կարող է ապրել աշխարհի մյուս ծայրում՝ օրինակ Արգետինայում, տարբեր աշխատանքային հարթակներում որոնում է աշխատող՝ «ֆրիլանսեր», ում առաջ դնում է հստակ պահանջներ ու առաջադրանքներ։ Եթե վիդեո-հարցազրույցներից հետո գործատուն գտնում է այնպիսի ֆրիլանսեր, ում աշխատանքային փորձն ու գիտելիքները համապատասխանում են իր պահանջներին, ապա կքնվում է պայամանագիր։ Պայմանագրում առկա մանրամասները վերաբերում են աշխատանքի պրոցեսին ու աշխատանքի վճարմանը։ Հիմնականում գործում է ժամավճարային համակարգ, բայց նաև կան ֆիքսած գնով պրոյեկտներ։

Upwork-ի մասին

Ամերիկյան այս ընկերությունը աշխատանք առաջարկող ամենահայտնի հարթակն է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր մասնագիտության կամ իր գիտելիքներին համապատասխան աշխատանք։

Այս ընկերությունը մի քանի տարվա ընթացքում այնքան ընդլայնվեց, որ 2017 թվականի մարտի դրությամբ կայքում գրանցված ֆրիլանսերների թիվն անցավ 14 միլիոնի շեմը։ Ֆրիլանսերները ներկայացնում են աշխարհի 180 պետություններ, տարբեր մայրցամաքներից ու պետություններից, այդ թվում՝ բազմաթիվ գրանցված օգտատեր կան Հայաստանից ևս։

Պետք է միայն գրանցվել, զարգացնել Upwork-ի պրոֆիլը, թեստեր անցնել և աշխատանք որոնել։

Upwork-ը Հայաստանում

«Որտեղ հաց, այնտեղ կաց» հայկական պապենական ասույթը ակտուալ է մնում մինչ օրս՝ մասնավորապես Upwork-ի դեպքում։ Upwork-ի հայաստանյան ֆրիլանսերների համայնքն այնքան է զարգացած, որ անգամ ունեն ֆեյսբուքյան խումբ, որտեղ քննարկվում են տարբեր թեմաներ աշխատանքների հետ կապված (խումբը ՝ այս հղումով

Asekose-ն զրուցեց Upwork-ում մի քանի տարվա աշխատանքային փորձ ունեցող Արեգ Վարդանյանի հետ։ Արեգը Upwork-ում զբաղվում է հիմնականում մարքեթինգով և content writing-ով՝ բովանդակային նյութեր գրելով։ Իր խոսքում նա նշեց, որ այս հարթակում հանդիպել է բազմաթիվ հայերի ինչպես ֆրիլանսերների, այնպես էլ գործատուների շրջանում։ Արեգ Վարդանյանն ոլորտում նոր քայլեր կատարող ֆրիլանսերներին խորհուրդ տվեց աշխատանքները սկսել ոչ բարձր ժամավաճարով, սկզբնական շրջանում աշխատել ցածր ժամավճարով և չհիասթափվել։

Հ․Գ․Ճիշտ չէ ասել՝ գործ չկա, ճիշտը՝ «իմ ընդունակություններին համապատասխան գործ չկա» ասելն է։

Հովհաննես Եսայան


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին