▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք բոլորս պետք է սատարենք Ռիտա Սարգսյանին

 

Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 15-ին` Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը,  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո տեղի ունեցավ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հերթական  համերգը, որից ստացված ողջ հասույթն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Շատերը ոչ միայն գնահատում են «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի գործունեությունը, այլև կարևորում են ուրիշների՝ հատկապես առողջական խնդիրներ ունեցող և բժշկական օգնության կարիք ունեցող երեխաների նկատմամբ հոգատարությունը: Asekose.am-ի հետ զրույցում իրավաբան Արսեն Բաբայանը խոսել է համերգից ստացած իր տպավորությունների, հիմնադրամի գործունության կարևորության, Ռիտա Սարգսյանի` երեխաների նկատմամբ ունեցած յուրահատուկ վերաբերմունքի մասին և ոչ միայն:

«Շատ հզոր, ուժ տվող, մարդու՝ կյանքի հետ կապված պատկերացումները կոնկրետացնող համերգ էր: Այդ համերգի ընթացքում, նախևառաջ, հասկանում ես, թե ինչ է նշանակում ապրել, ինչ է նշանակում կյանքը, ինչ է նշանակում հոգատարությունը: Հասկանում ես, որ եթե դու չունես առողջական կամ այլ խնդիրներ, դա դեռ չի նշանակում, որ դու պետք է ապրես միայն քեզ համար, հասկանում ես, որ շարունակելու համար ապրել այն ձևով, որով դու ապրում ես, դու պետք է նվիրում ունենաս: Մարդկանց նկատմամբ եղած նվիրումը ցնցող տպավորություն է թողել ինձ վրա»,- նշեց մեր զրուցակիցը:

Վերջինիս կարծիքով` այս ամենի մեջ անգնահատելի ավանդ ունի Ռիտա Սարգսյանը:

«Կցանկանայի, որ Առաջին տիկնոջ այդ նվիրումը շարունակվեր, քանի որ վստահ եմ, որ նա ոչ թե օրվա ողջ 24 ժամը, այլև դրանից ավելի է տրամադրում այդ երեխաներին: Այն անկեղծ սերն ու հոգատարությունը, որը նա տածում է նրանց հանդեպ, և ինչը նաև փոխադարձ է, շատ ոգևորող էր: Սիրո և անկեղծության այդ մթնոլորտում դու ինքդ էլ պետք է փորձես ինչ-որ չափով օգտակար լինել. որպեսզի դու ապրես, դու պետք է կարողանաս նաև մարդկանց օգնել, որպեսզի նրանք ևս ապրեն: Կարծում եմ, որ կյանքի և մահվան խնդրի պարագայում ոչ թե պետք է հույսը դնել մեկ հոգու վրա, այլ յուրաքանչյուրը պետք է փորձի սատարել ինչ-որ ձևով՝ ֆիզիկապես, ֆինանսապես կամ հոգևոր առումով: Համերգը ցնցող էր, անկեղծ մթնոլորտը, հուզիչ վիճակը, կյանքի կոչը, բոլոր զգացմունքերն իրար էին խառնվել: Մեծագույն շնորհակալություն եմ հայտնում այն մարդուն, ով ստեղծեց այդ լուսավոր վիճակը: Ամենակարևորն Առաջին տիկնոջ անկեղծ սերն ու հոգատար վերաբերմունքն է երեխաների հանդեպ, ինչի փոխադարձ լինելու մասին էին խոսում նաև երեխաների փայլող աչքերը: Այդ երկկողմանի սերը ստեղծել էր մի հրաշալի իրավիճակ, դրական մթնոլորտ, իսկ համերգը դրա բացահայտ մատուցումն էր հասարակությանը, այդ սիրո դրսևորման ձևերից մեկը միայն, քանզի վստահ եմ, որ ամբողջական արդունքն ավելի հզոր է: Հենց այդ երկկողմանի սերը տեսնելով՝ դու ինքդ էլ ես ուզում այդ ամենի մասնակիցը դառնալ, փորձել անել այն դրականը, որը դու կարող ես անել այդ երեխաների համար: Առաջին տիկինը միշտ նրանց կողքին է. ոչ միայն ֆինանսապես է օգնում, դեղորայք ու հագուստ տրամադրում, այլևս նրանց միշտ կյանքի է կոչում, նրանց հետ բարի զրույցներ է ունենում, նրանց համար նույնիսկ հեքիաթներ է կարդում, որպես  հարազատ միշտ նրանց հետ է: Երեխաները, որոնցից ոմանք նույնիսկ դժվարությամբ էին քայլում, հրաշալի ելույթ ունեցան բեմում՝ փայլերի ու լույսերի, դահլիճի բուռն ծափահարությունների, Առաջին տիկնոջ հայացքի ներքո, ով հավատում էր նրանց ուժերին, հավատում էր, որ նրանք իրենց հետ հանդես եկող աստղերից ոչ պակաս լավ էին ներկայանալու, ում աչքերում նրանցից յուրաքանչյուրը կարդում էր՝ «Դու կարող ես»: Նրանք ամեն ինչ պատշաճ կատարեցին միայն հանուն այն հավատի ու սիրո, որը զգում էին Առաջին տիկնոջ կողմից: Այդ երեխաները ցույց տվեցին, որ պետք է պայքարել կյանքի համար, պետք է պայքարել ապրելու համար, երբ կա քեզ հավատացող, քեզ համար մտածող ու քո կյանքի համար պայքարող մարդ, ով քեզ ուժ է տալիս: Երեխաները չէին դիտարկվել իբրև հիվանդներ, այլ ապագա ունեցող մարդիկ, ովքեր տոգորված էին այն գաղափարով, որ իրենք էլ կարող են անել դա, որ իրենց էլ է տրված այդ հնարավորությունը: Օրինակ, երբ մեզանից որևէ մեկը գնում է հիվանդանոց առողջական որևէ խնդիր կամ գանգատ ունենալու պարագայում, բժիշկները միանգամից նրան դիմում են «հիվանդ» որակմամբ:  Դա արդեն իսկ տվյալ մարդու մոտ վանում է առաջացնում: Իսկ համերգի ժամանակ երեխաները դիտարկվել էին իբրև հաղթող, մարդիկ, ովքեր ապագայում մեծ հաջողությունների են հասնելու»,- պատմեց պրն. Բաբայանը:

Թեև օրեր են անցել համերգից, սակայն մեր զրուցակցի խոսքով` դրանից ստացած դրական ու հզոր լիցքերը դեռ շարունակվում են, ավելին` պրն. Բաբայանը որոշել է երեխաներին աջակցելու գործում իր մասնակցությունն ունենալ:

«Այդ համերգից հետո մտածում եմ, որ մենք բոլորս պետք է սատարենք այդ ծրագրին  Հայաստանում և Սփյուռքում, քանի  որ սա մաքրման ուղի է, որով կարող ես անցնել ու դա պետք է անես հանուն երեխաների առողջության և ապրելու»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց իրավաբան Արսեն Բաբայանը:

Կարդացեք նաև` Համերգի ձևաչափը լավագույն դեղատոմսն է երեխաներին բուժելու համար. Ռիտա Սարգսյան

Ուզում եմ, որ աշխարհի բոլոր երեխաներն առողջ լինեն և այլևս չգան հիվանդանոց... Եվս մեկ նվիրված կյանք

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին