▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը պետք է դառնա պոեզիայի կենտրոն․Անահիտ Ասատրյան

Վերջին շրջանում հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի տուն-թանգարանի աշխատակազմը հայ հանրությանը ներկայացնում է հետաքրքիր միջոցառումների շարք, որոնց նախկինում անդրադարձ է կատարել Asekose.am-ը (մանրամասներն՝  այստեղ):

Թանգարանի այս աննախադեպ ակտիվության, թանգարանի աշխատակազմի հետագա ծրագրերի, ինչպես նաև Եղիշե Չարենցի գրական ժառանգության հետաքրքիր մանրամասների շուրջ Asekose.am-ի թղթակիցը զրուցեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ։

 Վերջին շրջանում Չարենցի տուն-թանգարանը մեծ հետաքրքրության է արժանանում հանրության լայն շրջանակներում, խոսքը թե՛ կազմակերպվող միջոցառումների մասին է, թե՛ երիտասարդության ներգրավածության, թե՛ սոցիալական ցանցերում դրսևորվող ակտիվության։ Ի՞նչ նոր փոփոխություններ են եղել։

 

Նոր փոփոխություններն եկավ այնտեղից, որ նախ վերջին երկու տարվա ընթացքում Չարենցի տուն-թանգարանի տնօրենը փոխվեց, և ամեն տնօրեն ունի իր տրամաբանությունը թանգարանը ակտիվացնելու հարցում։ Ես հենց այս տրամաբանության կողմանկիցն եմ, որ թանգարան պետք է այցելեն թե՛ աշակերտները, թե՛ ուսանողները, և՛ թոշակառուները և թե՛ մտավորականները։ Այս թանգարանը բոլորի համար է։ Կա նաև մեկ այլ բան․ ես ցանկանում եմ, որ Չարենցի տուն-թանգարանն ի վերջո դառնա պոեզիայի կենտրոն, քանի որ համարում եմ, որ պոեզիան Հայաստանում միշտ ավելի առաջընթաց մղող ուժ է եղել, քան արձակը։ Եվ եթե Չարենցի թանգարանում չլինի այդ կենտրոնը, ապա որտե՞ղ պետք է լինի․․․

Ինչպես նաև հաշվի ենք առնում Չարենցի ընդհանուր մտածելակերպը և, ինչու ոչ, Չարենցի տուն-թանգարանի տեղանքը․ այն Կենտրոնում է  գտնվում և հասու է ամեն մեկին, որ գան և ստանան իրենց հետաքրքրող հարցերին պատասխանները և վայելեն օգտակարը հաճելիի հետ։

Տիկին Ասատրյան, դուք ասեցիք՝ պոեզիայի կենտրոն։ Չե՞ք կարծում, որ այդ գործով պետք է զբաղվի նախևառաջ Գրողների միությունը։

 

Այս հարցին ես չեմ կարող պատասխանել, այս հարցին կարծում եմ պարոն Միլիտոնյանը շատ լավ կպատասխանի (խոսքը գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մասին է, Հ․Ե․) ։ Ես կարծում եմ, որ Չարենցի տուն-թանգարանը գիտահետազոտական իմաստով ճիշտ այն կառույցն է, որ պիտի զբաղվի այդ հարցով։

 

Շնորհակալություն։ Կխնդրեմ պատմել Չարենցի տուն-թանգարանի գործունեության նոր ծրագրերի մասին։

 

Մյուս տարի լրանում է մեր թանգարանի 55-ամյակը և այդ իմաստով մեծ ծրագրեր ունենք։ Մենք պատրաստում ենք մի քանի հրատարակություն անել, օրինակ՝ Չարենցի «Տաղարանը» և «Ռուբայիները» պետք է հրատարկվեն․ հոբելյանական հրատարկություն է լինելու։ Մենք այս տարի արդեն հրատարակության ենք պատրաստում թանգարանի տարգիրքը, որպեսզի որևէ մարդ, որ ցանկություն ունենա ծանոթանալու մեր գործին, ոչ թե իմանա խոսքերի կամ հիշողությունների մակարդակով, այլ փաստացի ունենա իր տարգիրքը, բացի, կարդա և իր հետաքրքրող հարցերի պատասախաններն ստանա։

Նաև կազմակերպելու ենք Չարենցի «Սոմա» փոքրիկ հրատարկությունը։ Ես կարծում եմ, որ փոքրիկ հրատարակություններն ավելի շուտ են մարսվում և ընթերցողը հետշտորեն կարդում է այն, քան օրինակ՝ ակադեմիականը։ Իհարկե՝ Չարենցի ակադեմիական հրատարակությունն անպայման պետք է արվի, քանի որ Չարենցը չունի ակադեմիական հրատարկություն, բայց դա միայն մեր գործը չէ, մենք պետք է համագործակցենք գրականության ինստիտուտի հետ։

Մենք այս պահին զբաղվում ենք Չարենցի անձնական գրականության մատենագիտությամբ և Ազգային գրադարանն էլ անում է հենց Չարենցի մատենագիտությունը, որոնք էլ միասին պետք է հրատարակվի Չարենցի ծննդյան 125-ամյակին ընդառաջ։

Մոռացա հավելեմ նաև, որ մենք գիտաժողովներ ենք կազմակերպում։ Մինչև 90-ականները Չարենցը ուսումնասիրվել է իբրև սովետական, բոլշևիկյան գրող և այժմ մենք այլ հասարակագում ենք ապրում։ Այս դարակազմիկ օրերին հայացքն էլ է փոխվում և շատ բան է փոխվում մարդկանց մեջ։ Մենք պետք է ունենանք նոր հայացքը Չարենցին ընկալելու տեսանկյունից։ Այս տարի մենք կանենք հանրապետական գիտաժողով, մյուս տարի՝ միջազգային գիտաժողով։

Խոսենք Չարենցի կերպարի մասին։ Հայ ընթերցողին հետաքրքիր է, կան արդյո՞ք Չարենցի հետ կապված նոր բացահայտումներ, թեկուզ արխիվային։

 

Կարծում կան, սակայն մասնավոր անհատներն ավելի լավ են այդ հարցով զբաղվում, օրինակ՝ Հովիկ Չարխչյանը մի տետր էր գտել (մանրամասներն՝ այստեղ, Հ․Ե ), որը գիտաժողովին կարդաց․ շատ հետաքրքիր էր։ Բայց արխիվային գործ անելու համար կադրեր քիչ ունենք։ Եվ սա միակ դժգոհելու առիթն է։ Լայնածավալ աշխատանքների համար մեզ պակասում են կադրեր, հաստիքային խնդիր ունենք։ Կցանկանայի ևս 5 հոգի ներգրավվեին մեր աշխատանքներում։

Իսկ որտե՞ղից պետք է ստանանք այդ ռեսուրսներ։

Ձեզնից՝ երիտասարդ սերնդից, քանի որ ձեր միտքն ավելի սթափ է, դուք ավելի պրպտուն եք։ Այն ամենի համար, ինչ արել է հին սերունդը, շնորհակալություն ենք հայտնում․ այն, ինչ պետք է անի նոր սերունդը, բացում ենք մեր դռները և ասում՝ ներս համեցեք։

 

Նյութը պատրաստեց Հովհաննես Եսայանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին