▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգեբանները խորհուրդ են տալիս այս 10 հարցը հնչեցնել առաջին հանդիպման ժամանակ

Ոչ ոք չի կարող այնքան լավ նկատել հարաբերությունների տագնապային նշանները, ինչպես հոգեբանները և ամուսնալուծությամբ զբաղվող իրավաբանները: Ունենալով բազմամյա փորձ՝ նրանք առաջին հայացքից կարող են հասկանալ, թե բնավորության որ գիծը այդպես էլ կմնա մանրուք, իսկ որը հետագայում կվերածվի լուրջ խնդրի և կբերի բաժանման: Asekose.am-ը համախմբել է հոգեբանների և ամուսնալուծությամբ զբաղվող իրավաբանների կողմից 10 հարց, որոնք տալով առաջին հանդիպման ժամանակ, կարող եք հեշտությամբ պարզել՝ համապատասխանու՞մ է մարդը Ձեզ, թե՞ ոչ:

1. Ամուսնացա՞ծ ես

Ոմանք այս հարցը տարօրինակ կհամարեն, մյուսներն ուղղակի կամաչեն այն տալուց: Ամեն դեպքում տվյալ հարցը բավականին կարևոր է: Ամուսնալուծությունների մասնագետ, իրավաբան Ռենդալ Քեսլերը  բացատրում է, որ «շուտով կառանձնանանք», «ամեն ինչ բարդ է», «առանձին ենք ապրում» և «շուտով ամուսնալուծվելու ենք» պատասխանները շատ հեռու են «ամուսնացած չեմ» պատասխանից: Համոզվեք, որ մարդն, ում հետ Դուք պլաններ եք կապում, նույնչափ պատրաստ է պոտենցիալ լուրջ հարաբերությունների, որքան Դուք:պոտենցիալ լուրջ հարաբերությունների, որքան Դուք:

2. Առավոտյան մահճակալդ հավաքու՞մ ես

Ընտանեկան հոգեբան Դանիելա Կեպլերը  պնդում է, որ այս հարցի պատասխանը բավականին լավ բացահայտում է, թե ինչն է ավելի կարևոր մարդու համար. Մաքրությունը և կարգուկանո՞նը, թե՞ ժամանակի տնտեսումը: Ինչպես նաև որպես այս հարցի շարունակություն կարող է հետևել Ձեր զուգընկերոջ «բու» թե «արտույտ» լինելու հարցը:

3. Դու կարդու՞մ ես արձագանքներ և կարծիքներ, թե՞ հիմնվում ես ինտուիցիայի վրա

Այս հարցն ամենապարզ ձևով կօգնի հասկանալ՝ ինչով եք դուք նման և տարբեր, ավելի շուտ՝ զուգընկերը սենսո՞ր է, թե՞ ինտուիտ, և արդյո՞ք նույն տիպին եք երկուսդ էլ պատկանում: Ոմանք չեն կարողանում առանց հարյուրավոր արձագանքներ փորփրելու նույնիսկ ատամի խոզանակ գնել, մյուսներն արձակուրդի համար հյուրանոց են ամրագրում՝ առանց որևէ կարծիք կարդալու: Եթե դուք տարբեր տիպերի եք պատկանում, ընդհանրապես չեք հասկանում դիմացինի պահվածքը և այն Ձեզ նյարդայնացնում է, սա արդեն բավականին ծանրակշիռ պատճառ է մտածելու՝ կկարողանա՞ք միմյանց հետ ապրել, թե՞ ոչ:

4. Ի՞նչն է քեզ ամենաշատը նյարդայնացնում մարդկանց մեջ

Ակնհայտ է, որ առաջին հանդիպման ժամանակ, մենք մեզ լավագույն կողմից ենք ներկայացնում: Սակայն ֆասադի հետևում կարող են թաքնվել բնավորության այնպիսի գծեր, որոնք կարող են անհարթելի կոնֆլիկտի պատճառ դառնալ: Կալիֆոռնիացի հոգեբան Ռայան Հոուսը  մեկնաբանում է. «Եթե Ձեր ընտրյալը տանել չի կարողանում խառնաշփոթ, իսկ Դուք թափթփված եք, ձեզ մոտ ակնհայտորեն խնդիր է գծագրվում»: Եվ սա կարող է վերաբերվել ամեն ինչին. հնարավոր է, որ Դուք սիրեք լռություն, իսկ Ձեր ընտրյալն՝ աղմկոտ երեկույթներ: Լավ կլինի, որ այսպիսի բաների մասին նախօրոք իմանաք:

5. Որքա՞ն հաճախ ես հանդիպում ծնողներիդ և հարազատներիդ հետ

Հարազատների հետ հանդիպելու հաճախականությունը, նրանցից և նրանց կարծիքից կախումը հազվադեպ չեն որոշիչ դեր խաղում սիրեցյալների հարաբերություններում: Ամուսնալուծության հարցերով զբաղվող իրավաբան Կառլա Դոնելին հաստատում է, որ ամուսնալուծությունների հաճախակի պատճառ է այն, որ լինելով ամուսնացած, ամուսիններից մեկը նախկինի պես առաջնահերթություն է տալիս հարազատների կարիքներին և շահերին՝ իր կեսին մղելով երկրորդ պլան: Սակայն հակառակ դեպքը, երբ ընտանիքի հետ վատ հարաբերություններ են, կարող է նշան լինել անկայուն հոգեբանության, երկարատև հարաբերություններ ունենալու անկարողության և փոխզիջումների չգնալու:

6. Ինչպե՞ս ես վերաբերվում աբորտներին

Այո, հարցը ճիշտ եք կարդացել: Իրականում կարող է լինել ցանկացած «սկանդալային» հարց: Հոգեբանության պրոֆեսոր Դեն Արիելին պատմեց անցկացված հետազոտության մասին, երբ օնլայն հանդիպումների ժամանակ մասնակիցների թույլ էր տրված միայն սուր հարցեր տալ, որոնք ոչ մի կապ չունեին աշխատանքի, եղանակի և այլ բանալ երևույթների հետ: Վերջիվերջո դա օգնեց մասնակիցներին ավելի ազատ լինել, կիսվել խիստ անձնական մտքերով և զգալ էմոցիաների հսկայական սպեկտր, ինչը շփումն ավելի վառ դարձրեց: Միաժամանակ՝ հարցը տվողին հնարավորություն է ընձեռնվում իրեն ցուցաբերել որպես լավ և ուշադիր ունկնդիրի:

7. Պատմի՛ր ինձ քո ամենասարսափելի հանդիպման մասին

Այս հարցը տալ խորհուրդ է տրվում միայն այն դեպքում, երբ զգում եք, որ հանդիպումը հաջող է անցնում: Հոգեբան Սպենսեր Սքոթը բացատրում է, որ դա առաջին հերթին կօգնի հասկանալ, թե որքան է դիմացինը պատրաստ Ձեզ պատմել իր անձնականի մասին: Երկրորդ հերթին, կկարողանաք համոզվել, որ ձեր հանդիպումը որակապես տարբերվում է նրանից, ինչը Ձեր ընտրյալը ձախողում է համարում:

8. Ինչպե՞ս են ավարտվել վերջին հարաբերություններդ

Կառլա Դոնելին խորհուրդ է տալիս պարզել ամուսնալուծության կամ նախկին հարաբերությունների ավարտի պատճառները: Դա կօգնի հասկանալ, արդյոք ունա՞կ է զրուցակիցը վերլուծել իրավիճակները, ճիշտ եզրահանգումներ կատարել, նա հակում ունի ամեն ինչում շրջապատին մեղադրելու՞, թե՞ կարողանում է ընդունել սեփական սխալները:

9. Ենթադրենք, դու շահել ես $20 միլիոն: Ի՞նչ կանես գումարի հետ:

Ընտանեկան հոգեբան Ջեննի Ինգրեմը  պնդում է, որ տվյալ հարցը կօգնի բացահայտել զրուցակցի արժեհամակարգը և պարզել՝ եսակենտրո՞ն է նա, թե՞ ձեռնբաց  և հոգատար: Ինչպես նաև՝ որքանով է նա ունակ ֆինանսները տնօրինելու, կկարողանա՞ք արդյոք ընդհանուր բյուջե ունենալ, խնայել այնպիսի կարևոր բաների վրա, ինչպիսիք են բնակարանը, մեքենան, թե՞ անկազմակերպ վատնիչի հետ գործ ունեք:

10. Ինչո՞վ կցանկանայիր հիշվել մարդկանց մոտ, երբ կծերանաս և հետ կնայես ապրածդ կյանքին

Այս թեմայի քննարկումը ավելի նման է զվարճանքի, երևակայության մարտահրավերի: Ամեն դեպքում՝ այսպես կարելի է հասկանալ զրուցակցի կյանքի իրական առաջնահերթությունները: Երբ մենք խոսում են այն մասին, թե ինչով ենք զբաղվում տվյալ պահին («ես վերջին կուրսում եմ սովորում» կամ «ես քարտուղար եմ»), պատասխանը մեզ չի հուշում, թե ինչով է զրուցակիցը շնչում, և ինչի մասին է երազում: Դենվերցի ընտանեկան հոգեբան Աարոն Անդերսոնն  ասում է, որ այս հարցն օգնում է ավելի խորն ընկալել զրուցակցի մտքերը` միաժամանակ հարցաքննության տպավորություն չթողնելով:

Իսկ ի՞նչ հարցեր եք Դուք կարևոր համարում տալ առաջին հանդիպման ժամանակ, որպեսզի լավ ճանաչեք զրուցակցին:

Կազմեց Հովհաննես Եսայանը

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին