▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական վարչապետ չպետք է լինի. հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու. Նիկոլ Փաշինյանը վերսկսում է պայքարը

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի նախօրեին արված հայտարարությանը` արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն եւ մասնավորապես վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մտածում են, որ ՀՀ քաղաքացին եւ հայ ժողովուրդն իրեն լիովին բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականով եւ հիմա ժամանակն է մտածել ՀՀԿ վերարտադրության մասին: Այսինքն, այսպես ասած, Սերժ Սարգսյանի հրաժարականի ուրախության ծխածածկույթի ներքո ապահովել ՀՀԿ-ի գհետագա իշխանավարումը:

Կարծում եմ՝ այս իրավիճակում մենք պետք է շատ հստակ մեր դիրքորոշումներն արտահայտենք. Խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է եւ հստակ արձանագրենք, որ իրադարձությունների նման ընթացքը, նման զարգացումը որեւէ կերպ չի կարող մտնել հեղափոխության պլանների մեջ:

Երեկ իմ հայտարարությունից հետո Կարեն Կարապետյանը եւս հայտարարությամբ է հանդես եկել եւ ասել, թե Արմեն Սարգսյանին պետք է դիմի, որպեսզի խորհրդակցություններ սկսեն, այդ թվում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Նրանք ուզում են, որ ընտրությունները տեղի ունենան մի պայմաններում, երբ վարչապետի պաշտոնակատարը ՀՀԿ-ից է: Թե ինչպիսին կլինեն այդ ընտրությունները, գիտենք 2017 թվականից: Ուզում եմ հստակ արձանագրել, որ մտքերի այդ ընթացքը մեզ համար ոչ միայն անընդունելի է, այլ մենք ուղղակի կարող ենք բոյկոտել այդ ընտրությունները, ընդ որում ոչ թե պասիվ ձեւով, այլ ակտիվ՝ շրջափակելով բոլոր ընտրական տեղամասերը եւ թույլ չտալով, որ ՀՀԿ-ն իր վերարտադրության միջոցառումը կազմակերպի:

Ես կարծում եմ, որ հեղափոխությունը շատ հստակ ուղերձ է հղել, որ ՀՀ-ում Հանրապետականն այլեւս չի կարող իշխանություն ունենալ: Այսինքն Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց պետք է իշխանությունից զրկվեն նաեւ ՀՀԿ-ականները, որպեսզի մենք չունենանք այնպիսի  իրավիճակ, որ Սերժ Սարգսյանը ստվերից կամ ինչ-որ հետնաբեմից շարունակի կառավարել երկիրը ՀՀԿ-ականների միջոցով:

Այս վիճակն արձանագրելով, մենք կոչ ենք անում շարունակել քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները եւ կարծում ենք, որ մեր հռչակած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը եւս մեկ քայլ պետք է անի իր հաղթանակը տրամաբանական ավարտին հասցնելու համար»:
Փաշինյանը կոչ արեց այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 11.00-ին սկսել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները՝ դասադուլներով, փողոցներ, կամուրջներ շրջափակելով: «Ես ինքս 11.00-ին կլինեմ Հանրապետության հրապարակում, որտեղ մենք իրավիճակից բխող գործողություններ կիրականացնենք եւ քաղաքական քայլեր կձեռնակենք:Ինչքան շուտ արձանագրվի մինչեւ վերջ շարունակաբար ժողովրդի հաղթանակը, այնքան ավելի լավ»:

Նա հիշեցրեց իրենց օրակարգի կետերը. թաշյա հեղափոխության թեկնածուն պետք է նշանակվի վարչապետ, որից հետո պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, իսկ հետո տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի գործունեության առկայության պայմաններում:

«Եթե մենք կարողացել ենք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, կկարողանանք հասնել նրան, որ Կարեն Կարապետյանը եւ ՀՀԿ-ականները հրաժարվեն ժողովրդի հաղթանակը խլելու իրենց պլաններից:

Պարոն Կարապետյան, մենք թույլ չենք տա, որ դուք փորձեք նման գործողություններ իրականացնել: Որքան շուտ դա հասկանաք, այնքան լավ բոլորիս համար»,-ընդգծել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Տեսանյութը` Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև՝  Հանդիպումը չի կայանա, քանի որ Փաշինյանի կողմից միակողմանի առաջադրվել են նոր պահանջներ. Կարեն Կարապետյան

Վաղը 11.00-ից հավաքվում ենք՝ շարունակելու և ավարտին հասցնելու թավշյա հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին