▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆանատիկ դրսևորում չունի. Էդգար Բաբայանը պարզաբանում է, թե ինչու է դստերը Նիկոլ Փաշինյանի պատվին անվանակոչել

Էդգար Բաբայանն օրերս հայր է դարձել: Նորաթուխ հայրիկը մայիսի 9-ին ծնված դստերն անվանակոչել է Ռուզաննա Նիկոլ`վերջին հատվածն ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Asekose.am-ի հետ զրույցում Էդգարը պատմեց, թե ինչու է որոշել դստերն ինքնատիպ անուն տալ.

«Այս ամենը ֆանատիկ դրսևորում չունի, այնպես չէ, որ եթե Նիկոլ Փաշինյանի անունը լիներ օրինակ` Մարտին, դստերս այդպես էի անվանելու: Պարզապես Նիկոլը նաև կնոջ անուն է: Ի զարմանս ինձ` անունն էլ գրանցելիս որևէ խնդիր չառաջացավ»,-նշեց Էդգարը:

Նրա խոսքով` այս ամենը նախապատմություն է ունեցել.

«Ես արդեն 18 տարի է, ինչ Մոսկվայում եմ ապրում և աշխատում: Միշտ ունեցել եմ Հայաստան վերադառնալու ցանկություն: Ամուսնացել էի, և այնպես ստացվեց, որ մենք վերադարձանք, երբ կինս 8 ամսական հղի էր: Եկել էինք հենց այս փոփոխությունների ժամանակ, երբ ամեն ինչ նոր էր սկսվում: Մենք հենց այդ նպատակով էինք եկել և որոշեցինք մնալ: Երբ ցույցեր էին տեղի ունենում Դավթաշենի կամրջի վրա, ես և կինս բժշկի մոտից էինք գալիս, տաքսիից իջանք և միացանք բոլորին, նույնիսկ լրատվականներն էլ մեզ նկարահանեցին»:

Էդգարը նշեց, որ անկախ կարգավիճակից` կինն իր հետ մասնակցում էր թավշյա հեղափոխությանը:

«Ռուզաննա Նիկոլը ծնվել է մայիսին 9-ին, իսկ վարչապետի ընտրվելու օրը` մայիսի 8-ին, ես կնոջս ծննդատուն եմ  տարել անմիջապես հրապարակից: Հետաքրքիրն այն էր, որ մինչ այդ ես այնքան վստահ էի, որ այս ամենը հաջողություն է ունենալու, որ որոշեցինք երեխայի անունը դնել Ռուզաննա Նիկոլ: Մայիսյան հաղթանակներն էին, բացի այդ ինձ համար էլ անձնական հաղթանակ էր թողնել Մոսկվայում ունեցած բիզնեսը և վերադառնալ հայրենիք ու ամեն ինչ այստեղ սկսել: Իմ երեխան ծնվեց նոր Հայաստանում, իսկ հիմա ընդունված է երկու անուն տալը, կարծում եմ, որ այս դեպքում նաև շատ գեղեցիկ է: Նա Նիկոլ Փաշինյանի պատվին է այդ անունը ստացել, բայց ցանկանում եմ, որ այդ անունն ավելի շատ ասոցացնենք թավշյա հեղափոխության առաջնորդի, ոչ թե Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի հետ»:

Էդգար Բաբայանն ասաց, որ, առհասարակ, ինքը դեռ 1999 թ.-ից մասնակցել է բոլոր քաղաքական իրադարձություններին, այդ թվում` 2008-ին տեղի ունեցած ցույցերին.

«Ովքեր ինձ ճանաչում են, հասկանում են, որ որևէ տարօրինակ բան չկա, որ այսքան զգացմունքային եմ արձագանքել կատարվածին, վերջապես հաջողեցինք: Ես հավատում էի հաղթանակին, նույնիսկ նախքան հաղթանակը ասել էի, որ իմ աղջիկը ծնվելու է ազատ Հայաստանում, ես հավատացել եմ, որ այդ ամենը վերջանալու է մեր հաղթանակով, անունն էլ դրա ապացույցն է»:

Էդգարը հավելեց, որ այստեղ զբաղվում է ռեստորանների և ակումբների start up ծրագրերով, ինչն անում էր նաև Մոսկվայում.

«Բարձր վարձատրությամբ աշխատանք և այլ նման բաներ ես թողել եմ Մոսկվայում, եկել եմ, որ այդ ամենն այստեղ շարունակեմ, ավելին` արդեն մի քանի ներդնողներ կան»:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին