▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

110 միլիոն դրամ էր թաքցրել պետությունից. Զորի Բալայանի որդին բացահայտում է

 

«Ես և Տարոն Տոնոյանը միասին էինք դարձել «Երևան» բժշկական կենտրոնի հավասար (50%) սեփականատերեր, բանավոր պայմանավորվածություն ենք ունեցել, որ  հինգ տարին մեկ պետք է միմյանց փոխարինենք տնօրենի պաշտոնում: Ի սկզբանե հաշվի առնելով նրա տարիքը` որոշում կայացրի, որ պետք է նախ տնօրենի պաշտոնը ստանձնի Տարոն Տոնոյանը, ապա՝ ես: Սակայն Տարոն Տոնոյանն իր տնօրինության ընթացքում բազմաթիվ չարաշահումներ է իրականացրել, աշխատել է կոռուպցիոն հայտնի սխեմաներով, մարդկանց աշխատավարձերը քիչ կամ կիսատ վճարելով»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց նախկինում «Երևան» բժշկական կենտրոնի համասեփականատեր, ինչպես նաև վիրաբուժական բաժանմունքի վարիչ Հայկ Բալայանը:

Հայկ Բալայանի խոսքով՝ իրավիճակը բավական բարդ էր, շատ հարցերում լռում էր, որպեսզի գործընկերային հարաբերությունները չտուժեին.

«Չէի խոչընդոտում, կային հարցեր, որոնցից նեղվում էի, սակայն չէի արտահայտվում: Ամաչել եմ նույնիսկ մտնել հաշվապահություն ստուգումներ կատարելու, վստահել եմ: Տարիների ընթացքում ականատես եղա, թե Տարոն Տոնոյանն ինչպես է չափն անցնում: Իր հարազատ եղբորն առանց ինձ տեղյակ պահելու բերել էր, որպեսզի փոխեին հիվանդանոցի պատուհանները, դա այն դեպքում, որ նա բացարձակապես դրա մասնագետը չէր. տնային պայմաններում  ապօրինի գործունեություն էր ծավալում և անորակ շինարարություններ կատարում: Ինձ համար նկատելի էր, որ բժշկական կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքներն անորակ էին, մեկ-երկու զգուշացրի, սակայն տնօրենը շարունակում էր նույն ձևով իր հարազատների հետ աշխատել: Սկսվեց լարվածությունը, ասացի, որ այս ձևով այլևս չենք կարող»:

2014թ.-ին Հայկ Բալայանը որոշում կայացրեց, որ պետք է տնտեսական գծով ևս մեկ մասնագետի աշխատանքի վերցնի, ով կհսկի իրավիճակը, որպեսզի տեղյակ լինեն, թե ամեն ինչ որտեղից է գնում, ինչ գնով և այլն.

«Տարոն Տոնոյանը շատ դժվարությամբ համաձայնեց, որ այդ մարդը գա: Իսկ տվյալ մասնագետի գալուց շատ կարճ ժամանակ անց ջրի երես դուրս եկան ուղղակի հանցագործ, բառիս բուն իմաստով կրիմինալ սխեմաներ: Նրա պաշտոնավարման հինգ տարին լրանալուց հետո նրան հիշեցրի մեր պայմանավորվածության մասին, սակայն նա անընդհատ ասում էր, որ մի փոքր էլ պաշտոնավարի: Իսկ երբ այդ կոռուպցիոն սխեմաները բացահայտվեցին, և նրան հրավիրեցի և ասացի, որ այս հանցագործություններով պետք է իրավապահ մարմինները զբաղվեն և նա պատասխան տա դրանց համար, Տարոն Տոնոյանն ինձ ասաց, որ մենք այլևս չպետք է աշխատենք միասին, ինչին ի պատասխան՝ ասացի, որ նախքան բաժանումը պետք է ունենանք նոր տնօրեն, որին պետք է համատեղ նշանակենք, քանի որ նրա կոռումպացված բարեկամներն այս հիվանդանոցն ուղղակի «ռասկուլաչիտ» կանեն:

Մենք նշանակեցինք նոր տնօրենի, ով մեր փոխտնօրենն էր, սակայն վերջինս Անգլիայի թագուհուց էլ ավելի թույլ կարգավիճակում էր. շարունակում էր կատարել Տարոն Տոնոյանի հրահանգները: Ոչինչ չէր կարողանում անել, ի վերջո՝ դուրս եկավ: Այնուհետև մեզ մոտ ստուգումներ եղան ՊԵԿ-ի կողմից, ինչի արդյունքում պարզ դարձավ, որ Տարոն Տոնոյանը 110 միլիոն դրամ էր յուրացրել՝ թաքցնելով պետության հարկերը: Հարուցվեց քրեական գործ, իսկ այդ գումարը մարվեց մեր բժշկական կենտրոնի հաշվին: Այդ ամենից տուժեցինք ես՝ որպես սեփականատեր, և մեր աշխատակիցները, ովքեր ազատվելով վախի մթնոլորտից, սկսեցին մանրամասներ ներկայացնել, թե ինչպես է Տարոն Տոնոյանը հաշվապահ Վարդուհի Սոֆյանի հետ հափշտակել իրենց գումարները: Արդյունքում եղավ այնպես, որ Տարոն Տոնոյանը դուրս եկավ: Այդ հսկայական գումարի պատճառով  մեր բժշկական կենտրոնի վրա կալանք կար դրված, ինչի արդյունքում այն փակեցինք»: 

Image result for տարոն տոնոյան

Ըստ Հայկ Բալյանի՝ բժշկական կենտրոնի փակվելուց հետո հարուցվել է քրեական գործ, աշխատակիցները դիմել են դատախազություն, սակայն ներկայիս խնդիրներն այլ են.

«Տարոն Տոնոյանը շատ լավ գիտակցում է, որ մենք այժմ ապրում ենք փոփոխված Հայաստանում, որտեղ արդարությունը միայն օրենքի սահմաններում է գործելու, անպատժելի մարդիկ չեն լինելու, իսկ իր պատասխանատվության ենթարկվելը սարերի հետևում չի լինելու: Ներկայումս Տարոն Տոնոյանը վայնասուն է բարձրացրել լրատվամիջոցներով՝ օգտագործելով իմ հոր՝ գրող, հասարակական, քաղաքական գործիչ՝ Զորի Բալայանի անունը: Նա իրեն ներկայացնում է որպես զոհ, նշում է, որ իբրև թե նախկին ղեկավարների օրոք մենք՝ ես և հայրս, փորձել ենք խլել հիվանդանոցը: Նա փորձում է շեղել մարդկանց ուշադրությունը՝ օգտագործելով հորս անունը, իբրև թե հայրս նախկին իշխանությունների հետ գործարքների մեջ էր: Այնինչ հակառակն էր եղել. Տարոն Տոնոյանը, լինելով  Դաշնակցություն կուսակցության անդամ, նախկին ղեկավարության օրոք գնդապետ Արթուր Աղաբեկյանի միջոցով, ով իր հովանովորն էր, բազմիցս պայքարել է իմ դեմ: Նախկինում իր հովանովորների միջոցով նա կարողացել էր ազդել այդ գործի անաչառ ընթացքի վրա, իսկ հիմա գիտի, որ այլևս անհնար է, հիմա Տարոն Տոնոյանը վախենում է: Նույնիսկ հիմա նա վախեցած կնոջ պես ասուլիսի ժամանակ ներկայացնում է, թե ուսանողական տարիներին ինչ գնահատականներ եմ ստացել և այլ անհեթեթ մանրամասներ է ներկայացնում:

Image result for արթուր աղաբեկյան

 

Եվ սա այն դեպքում, որ նա իմ գնահատականներն է մատնանշում, իսկ ինքը չորս տարի չէր կարողանում ԲՈՒՀ ընդունվել, մանկաբույժ է, սակայն աշխատում է որպես վիրաբույժ: Ինձ հիմա անհանգստացնում է, որ նա վարկաբեկում է մեզ և օգտագործում է հորս անունը, ով այս ամենի հետ կապ չունի: Ինչպես նաև հույս ունեմ, որ այս բարդ գործն օբյեկտիվորեն կուսումնասիրվի համապատասխան մարմինների կողմից»:

Image result for զորի բալայան

Նշենք, որ Asekose.am-ը տվյալ թեմայի հետ կապված պատրաստ է հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին