▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայիսի 7-ին Նիկոլ Փաշինյանին փոխանցեցի դա. հաջորդ օրը նա դարձավ ՀՀ վարչապետ

 

2018թ.-ի փետրվարին Մատենադարանում տեղի է ունեցել «Դադիվանք. վերածնված հրաշալիք» եռալեզու գրքի շնորհանդեսը, որը «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախագիծն է։ Asekose.am-ը զրուցել է նախագծի ղեկավար Գայանե Գևորգյանի հետ, ով, մասնագիտությամբ լինելով իրավաբան, նախ ինքն է ոգեշնչվել, ապա նաև ոգեշնչել է այս նախագծի հեղինակներին:

Ամեն ինչ սկսվեց պատահականությամբ

Ծնունդով Վրաստանից եմ, սակայն մեծացել եմ Ռուսաստանում, Հայաստանում քիչ  էի լինում: Նույնիսկ կարող եմ ասել, որ Հայաստանը ճանաչել եմ վերջին 3-4 տարիներին ընթացքում: Ի սկզբանե Հայաստան էի եկել իրավաբանական ծրագրով, բայց անսպասելի ձևով սկսեցի բացահայտել մշակույթը: Ամեն ինչ սկսվեց հայ նկարիչներին ճանաչելուց, ժամանակակից արվեստից, որովհետև դրսում մեր մշակույթը շատ վատ է ներկայացված, տեղեկության և PR-ի պակաս կա: Ի վերջո, եթե Հայաստանում չես բնակվում և կապ չունես այս ամենի հետ, հայկական մշակույթից կարող ես շատ բաներ չիմանալ: Սկսեցի բացահայտումներս ժամանակակից արվեստից, արդյունքում՝  հետաքրքրություն առաջացավ, ինքս ինձ ասացի՝ փաստորեն Հայաստանն ավելի հետաքրքիր է, քան ես պատկերացնում էի: Սկսվեց բացահայտումներիս շարքը:

Երկար էի փնտրում, սակայն վստահ էի, որ գտնելու եմ

Բացահայտումներիս ընթացքում սկսեցի ուսումնասիրել նաև վանքերը: Հայկական եկեղեցիներում փնտրում էի Նիկողայոս Սքանչելագործին, նա որևէ տեղ ներկայացված չէր, այն դեպքում, որ այդ սուրբը կա բոլոր եկեղեցիներում՝  ուղղափառ, կաթոլիկ և այլն: Հարցուփորձ էի անում, սակայն շատերից լսում էի, որ նա մեր սուրբը չէ, ինչը սխալ էր, որովհետև Նիկողայոս Սքանչելագործը համաքրիստոնեական սուրբ է: Նպատակ դրեցի հակառակն ապացուցելու և գտնելու նրան: Չբացահայտված սուրբ էր, սակայն առաջին քրիստոնյա երկրի համար դա սխալ էր: Համոզված էի, որ կգտնեմ Նիկողայոսին: Սկսեցի Երևանից, մոտ 4 ամիս փնտրում էի տարբեր եկեղեցիներում: Ինձ ասում էին, որ չկա, պետք է մոռանամ:

Image result for սուրբ նիկողայոս

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կյանքս փոխվեց, ճակատագրական օր էր

2017թ.-ին մեկ օր շատ անսպասելի ձևով մի մարդ, ով զբոսաշրջիկներ էր տանում Արցախ, ասաց, որ ռուս զբոսաշրջիկներից լսել է, թե ինչպես են ասել՝ սա մեր Նիկոլայը չէ՞: Հարցրի, թե դա որտեղ է, ասաց, որ Արցախում՝ Դադիվանքում: Իսկ ես մինչ այդ չէի եղել այնտեղ: Գնացի Դադիվանք, տեսա վանքը, գտա Նիկողայոս Սքանչելագործի որմնանկարը: Ասում են, որ կան օրեր, որոնք ճակատագրական են, դա հենց այդպիսի մի օր էր, կյանքս restart եղավ: Շատ հուզված էի, վերջապես գտա նրան, 800 տարվա որմնանկարներ էին: Ինձ համար և Նիկողայոս Սքանչելագործն էր բացահայտում, և հայկական որմնանկարները: Վերադարձի ճանապարհին հասկացա, որ պետք է գիրք գրեմ այս մասին, որպեսզի աշխարհին հայտնենք այս երևույթի մասին:

Image result for դադիվանք

Զարմանում եմ, թե ինչպես կարողացա նրանց համոզել

Եկա Երևան, բայց չգիտեի, թե ում պետք է դիմեմ: Որոշեցի գնալ Մատենադարան, այդ որոշումից էլ սկսվեց համապատասխան գիտնականների, նյութերի փնտրտուքը: Ծանոթացա պատմագետ Կարեն Մաթևոսյանի հետ, ով ինձ շատ օգնեց, քանի որ երկար ժամանակ է, ինչ ուսումնասիրում էր որմնանկարները: Նա ինձ ասաց, որ եթե արխիվներում Նիկողայոսի մասին տեղեկություն գտնեն, այդ գիրքը լույս կտեսնի: Արդեն Մոսկվայում էի, երբ զանգահարեցին և ասացին, որ գիրքս լույս կտեսնի, քանի որ Մատենադարանի արխիվներում գտել են շատ հին 14 մանրանկարներ, որոնք նվիրված են Նիկողայոս Հայրապետին: Արդյունքում՝ սկսեցինք աշխատել գրքի վրա: Գրքի հեղինակներն են պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը, արվեստաբան Ավետ Ավետիսյանը, որմնանկարների վերականգնողներ Պաոլո Արա Զարյանը և Քրիստին Լամուրեն։ Ես եղա «Դադիվանք. վերածնված հրաշալիք» գրքի և նախագծի ստեղծման հեղինակը: Հիմա, երբ հետ եմ նայում՝ զարմանում եմ, թե ինչպես էին ինձ հավատացել, չէ՞ որ ես անփորձ մեկն էի, մտածում եմ, թե որքան համոզիչ էի խոսել, որ հավատացել էին դիլենտանտ մեկին:

Image result for Դադիվանք. վերածնված հրաշալիք

Աշխարհը ճիշտ պատկերացում պետք է ունենա

Ստեղծեցի «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամը, 4 ամիս աշխատեցինք «Դադիվանք. վերածնված հրաշալիք» գրքի վրա, փետրվարին էլ  տեղի ունեցավ շնորհանդեսը: Հիմա նոր ծրագրեր ունենք, երկրորդ նախագիծն ենք պատրաստում, որը կպատմի հայկական գորգերի էվոլյուցիայի մասին մինչ մեր օրերը: Մենք պետք է տեր կագնենք մեր ունեցածին, չէ՞ որ ժամանակին ասում էին, որ Նիկողայոսը մեր սուրբը չէ, մենք կարողացանք հակառակն ապացուցել: Մեր հիմնադրամն այս ամենն անում է, որ աշխարհն ամեն ինչի մասին ճիշտ պատկերացում ունենա: Բացի դրանից, այս ամենը ռազվարական նշանականություն ունի, մենք սկսեցինք Դադիվանքի որմնանկարներից, սակայն դա հիմք հանդիսացավ, որ մյուս հիմնադրամը զբաղվի վանքի լուսավորությամբ, ամեն ինչ շղթայական ձևով է տեղի ունենում:

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանին փոխանցեցի այս գիրքը՝  ի նշան, որ Նիկողայոսն իր հետ լինի

Փետրվարին գիրքը լույս տեսավ, իսկ հետո սկսվեց թավշյա հեղափոխությունը: Նույնիսկ կատակով ասում եմ, որ իմ Նիկոլայից հետո եկավ Ձեր Նիկոլը: Չգիտեմ սա համընկնում էր, թե  այդ սուրբն ասաց, որ վերջապես մենք իրենք հիշեցինք, մի լավ բան անի: Երբ բոլորն անհանգիստ էին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կընտրվի, թե՞ ոչ, մտածում էին՝ կլինի կամ հաղթանակ, կամ ջարդ, մայիսի 7-ին Նիկոլ Փաշինյանին փոխանցեցի այս գիրքը՝  ի նշան, որ Նիկողայոսն իր հետ կլինի:

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին