▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահրիճն ու սև քառակուսին, կամ գոյութենական խաղ

 

 

Ռեժիսոր Անդրեյ Զագդանսկու ''Վահրիճն ու սև քառակուսին'' ֆիլմի  երկար սպասված հայաստանյան պրեմիերան  կայացավ ''Ծիրանի ծառ''  վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում (www.atieff.org):

 

Որպես բացման ֆիլմ` հայ հանդիսատեսն այն դիտեց Ուջանում` սեպտեմբերի 15-ին (20:30), իսկ Երևանում ֆիլմը կցուցադրվի ''Մոսկվա'' կինոթատրոնում ` սեպտեմբերի 20-ին (19:00):

Prologus

''Վահրիճը սամուրայ էր: Նրա ողջ կյանքը կռիվ էր մետաֆիզիակական ունայնության դեմ:''  Անդրեյ Զագդանսկի

Ժամանակակից արվեստում որպես ''ՎԱԳՐԻՉ''  հայտնի խորհրդային-ամերիկյան  նկարիչ, կոնցեպտուալ  արվեստագետ և բառ ու խոսքի վարպետ Վահրիճ Բախչանյանի աշխատանքներն այսօր Նյու Յորքի ու Երևանի ժամանակակից արվեստի, Ցիմմերլի արվեստի թանգարանների, Տրետյակովյան պատկերասրահի, Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանի հավաքածուների մաս են կազմում: Վահրիճը ոչ միայն նկարիչ էր, այլև գրող, երգիծաբան և իհարկե, խորհրդային համակարգն անխնա ծաղրող ''Քանդիչ- Վագրիչ'':

ԽԵՂԿԱՏԱԿՆ ՈՒ "ԱՐՔԱՆԵՐԸ"…

Հեգնանքն անպաշտպանների  սիրած և ամենակարևորը` միակ զենքն է:

Վ. Բախչանյան

 

Երկու հոգու նա հատկապես շատ էր սիրում նկարել. Լենինին ու Ստալինին` վերջինիս դեմքն  իր ''Ստալին թեստ''  շարքում  ''զարդարելով''  անթիվ- անհամար սարքովի պոլիգրաֆիական վրիպակներով:

''Ո՞ր մի ապուշն է ասել, թե գեղեցկությունը կփրկի աշխարհը:''

Վ.Բախչանյան

Պոլիգրաֆիայի, գրքի, խոսք ու գրի, ասույթների հանդեպ Վահրիճի ուժգին հակումը նրան նաև գրական  այնպիսի արտառոց, կոնցեպտուալ գործերի  հեղինակ դարձրեց, ինչպիսիք են` ''Ոչ մի օր առանց տողի. տարեկան հաշվետվություն''-ը(1986) և ''Վիզուալ օրագիր`1/1/80-12/31/80''-ը(1981): Գրքերից մեկի համահեղինակն էլ Սերգեյ Դովլաթովն է (''Демарш энтузиастов'', 1985):

Ժամանակակից արվեստում Վահրիճի բերած  նորարարություններից են առանց սոսնձի կոլլաժը, էմալով հայելային նկարը, ''նեգատիվներով գրաֆիկան'', հեռախոսազրույցների ''նկարազարդումը'': Եթե  լուծիչի միջոցով առանց սոսնձի կոլլաժը  խորհրդային շրջանում կրած ''նեղության'' հետևանքով ծնված գյուտ էր (սոսնձից  նկարները դեղնում ու դեֆորմացվում էին), ապա ''նեգատիվներով գրաֆիկան'' պարզապես ծաղրալի նմանակում էր լուսանկարչական պրոցեսին ու անիլինով ներկված լուսանկարներին, որոնք 60-ականների խորհրդային  շրջանում նորաձևություն էին:

 Ինչ վերաբերում է ''ավտոմատ նկարին'', ապա Վահրիճը ոչ միայն հարություն տվեց 20-րդ դարասկզբի ''ավտոմատ'' նկարչությանը, որի շնորհիվ ենթագիտակցությունը ստեղծագործական պրոցեսի մասնակից էր դառնում, այլև հետազոտողին վայել բծախնդրությամբ սկսեց  նկարազարդելու միջոցով գրանցել իր բոլոր հեռախոսազրույցները: Վահրիճը    հեռախոսային խոսկացությունների 103 նկարազարդ հատոր է թողել: 

Նրա անսպառ հնարամտությունն ապշեցնում էր հանդիսատեսին ու գործընկերներին: Մինչև ուղնուծուծը ավանգարդիստ և ամեն ինչում յուրօրինակ Վահրիճին  հետաքրքրում էր նորարարությունը:

Նա նաև  ''խուլիգանական'' պիեսներ էր ստեղծում:  Դրանցից մեկը`

'' Ճայ-Մրրկահավը'', հատուկ իր ''Վահրիճն ու սև քառակուսին'' ֆիլմի համար Կիևի Ֆրանկոյի անվան թատրոնում բեմադրեց Անդրեյ Զագդանսկին` կատարելով Վահրիճին տված խոստումը:

 ''Ես  Վահրիճի պիեսից ուզում էի բունյուելյան  որակ ստանալ. աբսուրդը  պետք է  զուսպ ու  հավաստի խաղալ:'' Ա. Զագդանսկի:

Մինչդեռ Վահրիճի ''պիեսը''  աբսուրդից վերածվեց մարգարեության: Եվ հենց Մայդանի օրերին, հրապարակից ոչ հեռու գտնվող թատրոնում` Չեխովի հերոսներին մարմնավորող դերասանները  կարդում էին  Գորկու ''Մրրկահավի'' տողերը.

Ահեղամռունչ  ծովի վերա, մեջ ծովիանների`

Ճախրում է մրրկահավն արի,

Ու գոչում որպես հաղթության մարգարե.

'' Թող փոթորիկն ուժգին պայթե…''*  

ԽԵՂԿԱՏԱԿԸ, ՖՈՒՏՈՒՐԻՍՏԸ, ՄԱՐԳԱՐԵՆ…

 

 

 

 

Հայտնատեսությունը բնորոշ էր Վահրիճի արվեստին: Ահա այս կոլլաժից 40 տարի անց շուկայում հայտնվեց առաջին այֆոնը:

Իսկ մյուսը` թվային հեղափոխությունից 30 տարի առաջ է ստեղծվել:

 

'' Ավանգարդում ի սկզբանե մահվան հետ խաղ է դրված. խաղ` մետաֆիզիկական ունայնության  ու հուսահատության հետ:'' Ա. Զագդանսկի 

Հումորի  հենց  այդ մետաֆիզիկական ընկալումն էր, որ  Վահրիճին տարբերում էր մյուսներից...

Չորս տարեկան էր, երբ մայրը լքեց ընտանիքն ու նա մնաց հոր` Հակոբ Բախչանյանի հետ: Պատերազմի տարիներին մի օր գերմանացի զինվորներից ստացած երշիկը  նա փոխանակեց գունավոր մատիտների հետ: Դպրոց հաճախել չկամեցավ: Նրա դպրոցը '' Մետալիստ'' մշակույթի ակումբի նկարչության դասերն էին ու հենց կյանքը. '' Կոմերիտական աչքի ձայնը'', ''Շիկացած երկաթով'' պատի թերթերը, որոնք նկարազարդում էր, գործարանում իրեն պախարակող ժողովները, թերթի կրպակներում ոտքի վրա աչքի անցկացրած եվրոպական ամսագրերը… 

Տարիներ շարունակ Խարկովի  Պլեխանովսկայա, 73 շենքի պատուհաններից մեկի տակ  մի մեծ սև բիծ կար: Վահրիճն ընկերներին իր տան տեղը բացատրելուց հոգնելով` մի օր սև ներկը  լցրել էր շենքի պատին ու նշան արել:  Խորհրդային Միությունից արտագաղթելուց հետո` արդեն Նյու Յորքում, նա հպարտությամբ ասում էր, որ ականատեսների վկայությամբ սև բիծը դեռ տեղում է:

ՍԵՎ ԲԻԾԸ, ՍԵՎ ՔԱՌԱԿՈՒՍԻՆ  ՈՒ ԽԵՂԿԱՏԱԿԸ…

Մրի պես սև քառակուսի:

Գիշերվա պես սև քառակուսի:

Նախանձի պես սև քառակուսի:

Հացի պես սև քառակուսի…   

Վահրիճի ամենասիրած ժանրը  կոլլաժն էր:  Նրա մտերիմ Զագդանսկին Վահրիճին նկարահանելուց միայն տասը տարի անց ավարտին հասցրեց ''Վահրիճն ու սև քառակուսին''  ֆիլմը` այն դարձնելով  հենց կոլլաժ, որտեղ նկարչի աշխատանքներն անիմացիայի և բեմադրության շնորհիվ ''բացված'' են ժամանակի հոլովույթում:  Ֆիլմի անիմացիաների բոլոր հերոսները փոխառված են Վահրիճի գործերից, իսկ ''Ոչ մի օր առանց տողի. տարեկան հաշվետվություն'' -ը բեմադրելու համար Զագդանսկին ամեն ամիս Վահրիճին Նյու Յորքի կենտրոնական այգու նույն նստարանին նստած` կարդալ էր տվել գրքի մի ամսվա հաշվետվությունը` հավատարիմ մնալով հենց Վահրիճի ոճին:

- 1975-ի սեպտեմբերի 3-ին գրած տողը:

- 1975 -ի սեպտեմբերի 4-ին գրած տողը:

- 1976-ի հոկտեմբերի  9-ին գրած տողը:

- 1976-ի հոկտեմբերի 10-ին գրած տողը:

'' Դա շարունակվեց մեկ տարի. ամառ, աշուն, ձմեռ, գարուն և նորից` ամառ: Համարյա, ԿԻմ Կի Դուկի ֆիլմի պես :'' Ա. Զագդանսկի

Ֆիլմի ''Օր օրի.1979 թիվ'' հատվածի համար  սքանավորեցին Վահրիճի մեկ տարվա նկարների 365 նեգատիվները. համակարգչային մշակման շնորհիվ լուսանկարները շարեցին այնպես, որ բոլոր տեղերում բիբերը կոորդինատային նույն կետում լինեն: Այդպիսով, դեպի դիտողն ուղղված անթարթ հայացքի տպավորություն ստեղծվեց:

 

 

Հավաստի միայն մի բան կա. այսինչ թվի այսինչ օրը '' ես-ը'' գոյություն է ունեցել:

Վահրիճի կյանքը խաղ էր: Նրա մահը 2009-ին` ևս նման  էր խաղի. ինքնասպանություն հոսանքի լարով:

 

''  Նա մի  մեծ, աստվածային զվարճախաղ խաղաց (…) Դա ստեղծագործական ժեստ էր` լիաթոք ստեղծագործության արտահայտություն: ''

Վիտալի Պացյուկով` արվեստաբան

 

ԽԵՂԿԱՏԱԿՆ ՈՒ ՄԱՀԸ . ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵ'Ք…

Վահրիճը կենդանության օրոք Հայաստանում երբեք չեղավ, սակայն հիմա ''ապրում'' է Հայաստանում…

Զագդանսկու վկայությամբ` երբ Իրինա Բախչանյանը, օպերատորի և իր ներկայությամբ վերջապես որոշում է Գեղամա լեռների ժայռապատկերներով քարերի վրա շաղ տալ Վահրիճի աճյունը, ինքը սկսում է սարսափով մտաբերել ''Մեծ Լեբովսկի'' ֆիլմի այն հատվածը, երբ քամին սխալ ուղղությամբ է շաղ տալիս աճյունը:

EPILOGUS

  '' Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացավ Մոսկվայում(…) Դահլիճ լեփ- լեցուն էր. շատերը, որոնց թվում` ես, նստած էինք աստիճանների վրա:

Ֆիլմն արդեն սկսվել էր, երբ դահլիճ մտան ուշացողները: Պարզվեց` եկողները  քիչ չեն: Հրմշտոցի մեջ ինչ-որ մեկը ոտքը դրեց մուտքի դուռն ու դահլիճը բաժանող վարագույրի վրա. քիվն ընկավ:

- Վահրի~ճ, վե'րջ տուր,- կամացուկ ասացի ես:

 Ու նա  ենթարկվեց. կյանքում գուցե առաջին անգամ… ''

           Անդրեյ Զագդանսկի

ՀԳ.

Երբ սկսեցի թարգմանել '' Վահրիճն ու սև քառակուսին'' ֆիլմը, անկեղծ ասած` Վահրիճ Բախչանյանի գոյության ու  արդեն չգոյության  մասին գաղափար չունեի. ավելի ուշ` հեռախոսազրույցի ժամանակ հարցրի` ''Մա'մ, դու գիտե՞ս Վահրիճ Բախչանյանին:''

''Այո':'' Թեթևացած շունչ քաշեցի…

  հեղինակ` Լուսինե Հովհաննիսյան

* Թարգմ.` Լուսինե Հովհաննիսյանի

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին