▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի ասելն այդքան կարևոր չի, Երևան քաղաքի ընտրություններով մենք դա տեսանք.Ալիկ Սարգսյան

 

Ազգային ժողովը չարտահայտելով ժողովրդի կամքը, ամեն դեպքում արտահայտում է ժողովրդի կամքը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԱԺ-ն չի արտահայտում ժողովրդի կամքը, ուժերի իրական հարաբերակցությունը, Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանի ասելն այդքան կարեւոր չի, որովհետեւ Երեւան քաղաքի ընտրություններով մենք դա տեսանք: Տեսանք, որ ժողովուրդը գնաց այն ուժի հետեւից, որին հավատում է: Նախկին իշխանությունների նկատմամբ ատելությունը տարածվեց նույնիսկ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի վրա: Միթե դա տեսանելի չէ բոլորին: Այսինքն բոլոր այն կուսակցությունները, որոնք ժամանակին եղել են ՀՀԿ-ի կողքին, ընդհանուր թիմ են կազմել, բոլորն արժանացան այդ վերաբերմունքին: Սրանից պետք է հետեւություն անել: Առնվազն մարդը պետք է կույր լինի, որ դա չտեսնի»:

Ճշտող հարցին, թե ասյինքն համաձա՞յն եք, որ այսօրվա ԱԺ-ն չի արտահայտում ժողովրդի կամքը, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Չարտահայտելով ժողովրդի կամքը, ամեն դեպքում արտահայտում է ժողովրդի կամքը: Ուզում ենք որ ճիշտ լինի, նորմալ քննարկում լինի, որ եթե թերություններ կան, որոնք հաճախ լինում են եւ որեւէ մեկը դրանից պաշտպանված չի, ինչու չէ, թող այս ամբիոնից հնչի: Դա ի՞նչ վնաս կբերի պետությանը: Ես չեմ անի որեւէ քայլ, որը կվնասի իշխանությունների ուղուն, վնասի մեր երկրի զարգացմանը: Եթե նույնիսկ ՀՀԿ-ն նման բան անի, որին չեմ հավատում, ես չկամ այդ ցուցակի մեջ»:

 

 

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է ԱԺ լուծարմանը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Ալիկ Սարգսյանն ասաց. «Ամեն դեպքում, ես ՀՀԿ խմբակցության անդամ եմ, ուզում եմ ռեալ գնահատեք, ի՞նչ եք կարծում, հիմա պետք է առաջինը գոռայի, ասեի՝ շուտ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ արե՞ք: Ուզում եք իմանալ՝ դա ինձ համար տաք է, թե սա՞ռը այս պահին: Ինձ համար ընդհանրապես միեւնույն է: Ես հաճույքով կապրեմ սովորական իմ մարդկային կյանքով, ինձ այս ԱԺ շենքն առանձնապես որեւէ բան չի տալիս, բացի չարչարանքից: Ես հիմա հանգիստ կարող էի մի տեղ իմ ժամանակն անցկացնել: Բայց մի շտապեք, դրա մեջ էլ վտանգներ կան: Ես չեմ ուզում, որ դա տարերային բնույթ կրի եւ ազդի, որ ինչ-որ մեթոդներով երկիրը տանի ցնցումների: Որպես հայ մարդ իրավունք ունե՞մ դա զգամ եւ չուզեմ, որ դա լինի:

Ես շատ կուզենամ, որ բանակցությունների շնորհիվ այս հարցը լուծվի, եւ երկիրը իր բնականոն ուղիով ընթանա: Իսկ թե հետո ինչ Ազգային ժողով կունենանք, դա իմ քննարկելու թեման չի, Աստված ձեզ հետ, հետո այդ մասին կխոսենք առանձին, այդ անգամ արդեն որեւէ այգում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին