▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ինչի՞ մասին էր «Չար տնակի հեքիաթը». պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը

Ինչո՞ւ է Գևորգ Աճեմյանը դուրս գալիս ՔՊ-ից ու կոչ անում չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին

Աշխարհս փլուզվեց, երկար տարիներ չունեի ապրելու մոտիվացիա. Նաիրա Զոհրաբյանի խոստովանությունը՝ կյանքի հարվածների մասին

Մանե Թանդիլյանը կրկին հրաժարական ներկայացրեց

Սենսացիոն բացահայտում․ իրականում քանի՞ հոգի է հրաժարվել վաստակավոր արտիստի կոչումից



2018-10-23 18:57:24

Թավշյա հեղափոխության առաջին օրերի՝ մեծ հնչեղություն ստացած իրադարձություններից մեկը մշակութային որոշ գործիչների արձագանքն էր։ Ինչ-որ պահի իշխանափոխության պահանջով ասպարեզ ելավ արվեստի ու մշակույթի գործիչների մի ստվար խումբ ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում։ Ոմանք իրենց անհնազանդությունն արտահայտեցին հրապարակում, որոշներն էլ որպես ինքնաարտահայտման եղանակ ընտրեցին համացանցը՝ հայտարարելով, թե հրաժարվում են  նախկին իշխանությունների կողմից իրենց տրված պետական պարգևներից։

Blognews.am-ն է գրում այս մասին ու շարունակում՝ այդպիսիք չորսն էին՝ երգչուհի Էռնա Յուզբաշյանը, պրոդյուսեր Նիկա Բաբայանը, դերասաններ Ռոբերտ Հարությունյանն ու Մկրտիչ Արզումանյանը։ Այն ժամանակ նրանց այս քայլը շատ բուռն ընդունվեց ու ծափահարությունների արժանացավ, սակայն եղան նաև մարդիկ, որոնք ոչ միանշանակ ընդունեցին արվեստի գործիչների այս քայլը՝ դրանք որակելով էմոցիոնալ ֆոնի վրա արված քայլ կամ էժանագին PR հնարք։

Հեղափոխությունից ամիսներ անց, երբ բոլոր կրքերը հանդարտվել են, ժամանակն է իրերին ու երևույթներին ավելի սթափ նայելու, ուստի մենք որոշեցինք պարզել՝ արդյո՞ք նման քայլն որոշումն իրոք կշռադատված ու ծանրակշիռ էր, թե՞, այնուամենայնիվ, էմոցիոնալ քայլ։ Վերջիվերջո, կարևոր է իմանալ, թե արտիստներն իսկապե՞ս հեշտությամբ հրաժարվեցին մի կոչումից, որը տարիների վաստակ ու նվիրված աշխատանք էր ենթադրում, թե՞ դրանք ճիշտ պահին, ճիշտ տեղում արված հայտարարություններ էին, որոնք այդպես էլ օդում մնացին։ Կայքը սեփական հետաքննությունն է անցկացրել.  լսել  է ոչ միայն պաշտոնական կողմին, այլև խոսել հենց արվեստագետների հետ։

Ապրիլին խորհրդարանում ու հրապարակում ծավալվող իրադարձություններից հանրության ուշադրությունը միանգամից շեղեց հայաստանյան լրատվամիջոցների գլխագրերում հայտնված լուրը․ մեկը մյուսի հետևից ՀՀ վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից՝ այդ կերպ արտահայտելով իրենց բողոքն իշխող վարչակարգի դեմ։ Սակայն եկեք հիշենք իրադարձությունների ու փաստերի ժամանակագրությունը։

ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Էռնա Յուզբաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Կարծում եմ, որ իմ երկրի երջանկությունը կարևոր է ցանկացած մեդալից»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դրան հաջորդում է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, «Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր, գործադիր տնօրեն ու պրոդյուսեր Նիկա Բաբայանի հայտարարությունը։ «Հայրենիքումս տիրող վիճակի և այսօրվա անարդար ձերբակալությունների պատճառով հրաժարվում եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Բաբայանն ու տեղադրում մեդալի և վկայականի լուսանկարը:

 

 

 

2017 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած Մկրտիչ Արզումանյանը նույնպես հրաժարվում  է կոչումից ու այդ մասին գրառում է կատարում իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում. «Անընդունելի եմ համարում ուժի կիրառումն անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»: Ավելի ուշ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, Մկոն հավելում է, որ առաջիկայում վկայականն ու մեդալը հետ վերադարձնելու կարգը կիմանա ու կանի դա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ ահա դերասան Ռոբերտ Հարությունյանը որդու միջոցով է տարածում հայտարարությունը. «Քանի որ Հայաստանի Հանրապետությունում սուլթանական բռնապետությունն է իշխում, ես՝ արդեն կես դար հայ ժողովրդին ծառայող դերասանս, հրաժարվում եմ ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս իրադարձություններից անցել է շուրջ 5 ամիս, ու մենք որոշեցինք ստուգել, թե որքանով էին հետևողական արտիստներն իրենց սկզբունքային որոշման մեջ, և պաշտոնական հարցում ուղարկեցինք համապատասխան գերատեսչություններ։ Հարկ է նշել, որ պատասխան ստանալու գործընթացը մի ամբողջ ոդիսական էր հիշեցնում, ու մի քանի շաբաթ պահանջվեց, որպեսզի վերջիվերջո ստանանք պաշտոնական պատասխան, սակայն այդ մասին՝ ստորև։

 «Այնուհետև մեկնաբանություններ ստանալու համար զանգահարեցինք նաև արվեստագետներին, ովքեր հրաժարվել էին իրենց կոչումներից.  Նիկա Բաբայանը շարունակեց պնդել, որ ինքը հրաժարվել է վաստակավոր արտիստի կոչումից ու դիմում է գրել նախագահի անունով. «Ինձ հետ տարբեր խոսակցություններ են եղել այս թեմայով, երբ արդեն դիմումս նախագահի մոտ էր։ Նա ցանկություն էր հայտնել հանդիպելու ինձ հետ,  բայց մինչ այսօր մեր հանդիպումը չի կայացել։ Ինձ ասացին, որ դիմումիս ընթացք կտրվի, ու մնացած մեխանիկական գործողությունները կանեն, երբ ստանամ նախագահի պատասխանը»։

Պարոն Բաբայանի խոսքով՝ ինքը դիմումը հանձնել է դեռ ամիսներ առաջ, ու դրան վաղուց պետք է, որ ընթացք տրված լիներ, բայց չկա։ Հարցին՝ արդյո՞ք չի հետաքրքրվել՝ ինչու չեն արձագանքել դիմումին, պատասխանում է. «Անկեղծ ասած՝ այս ամենն այնքան անհետաքրքիր դարձավ ինձ համար, որ այլևս չեմ հետաքրքրվել։ Ես մի բան, որ ասել էի, պետք է մինչև վերջ հասցնեի, բայց քանի որ իրենք ընթացք չտվեցին, ես էլ ցանկություն չունեմ ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու ու լսելու նրան այս թեմայով։ Ես համարում եմ, որ հրաժարվել եմ ու վերջ։ Վերջերս առիթ էլ չի լինում, որ ասեմ՝ նախկինում եմ վաստակավոր արտիստ եղել։ Ինձ համար այդ էջը թերթված է։ Ես կյանքում թույլ չեմ տվել ինձ վաստակավոր արտիստ ներկայացնել։ Ինձ բոլորը գիտեն որպես երաժշտական պրոդյուսեր»,- նշեց Նիկա Բաբայանը։

Դերասան Ռոբերտ Հարությունյանը ևս պնդում է, որ դիմել է նախարարություն կոչումից հրաժարվելու համար, սակայն իրեն այնպիսի պատասխան են տվել, որ վերջինս այլևս ցանկություն չի ունեցել շարունակելու. «Թղթերս տանը պահարանի գլխին գցած են։ Ես հրաժարվում եմ ավելի մանրամասն խոսելուց, եթե իմ դեմքը չի երևալու, և ես իմ բերանով չեմ ասելու այն, ինչ ուզում եմ։ Ես հրաժարվում եմ պատասխանելուց»։

Ի տարբերություն Նիկա Բաբայանի ու Ռոբերտ Հարությունյանի՝ Մկրտիչ Արզումանյանն, առհասարակ, որևէ կերպ չմեկնաբանեց՝ հրաժարվել է կոչումից, թե ոչ. «Ես հրաժարվում եմ որևէ հարցի պատասխանելուց, քանի որ հետո թեմա է դառնալու, գրելու են, ամեն մեկն իր սոուսի մեջ է ներկայացնելու․․․ Այդ թեմաներով ոչ մի բան չեմ ուզում խոսել։ Ես չեմ մեկնաբանի՝ հրաժարվել եմ արտիստի կոչումից, թե ոչ։ Ես իմ քայլերով ու իմ աշխատանքով եմ փորձում արտահայտել այն, ինչ մտածում եմ։ Ուրիշ որևէ քաղաքական հարցի շուրջ պատրաստ չեմ խոսել»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մենք կապ հաստատեցինք նաև Միացյալ Նահանգներում բնակվող Էռնա Յուզբաշյանի հետ, ով այդ օրերին ևս ակտիվորեն հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. «Երբ լսեցի նախկին նախագահի հայտարարությունը՝ կապված Մարտի 1-ի հետ, դա ինձ այնքան զայրացրեց, որ ես որոշեցի իմ բողոքն այդ կերպ արտահայտել՝ հրաժարվելով վաստակավոր արտիստի իմ կոչումից։ Ասեմ, որ այդ կոչումն ինձ երբեք էլ ոչինչ չի տվել։ Դա ստանալու միտքը եղել է իմ պրոդյուսեր Էմիլ Կարատովինը։ Նա շատ էր ուզում, որ ես ստանամ այդ կոչումը, որն ինձ պետք չէր ո՛չ այստեղ և ո՛չ այնտեղ։ Հրաժարական տալուց հետո նրան շատ եմ ցավեցրել»,- ասում է տիկին Յուզբաշյանն ու ավելացնում, որ կարծես թե ճակատագրի հեգնանք լիներ, որ հեղափոխության օրերին ինքը հնարավորություն ունեցավ հրաժարվելու այն կոչումից, որը ստացել էր բավականին ուշացած. «Կոչումն ինձ ուշացումով էին տվել։ Ես Հայաստանի անունը միջազգային հարթակներում հնչեցրել եմ դեռ ԽՍՀՄ տարիներից։ Ես ու Գվերցիտելին միասին մասնակցում էինք մրցութի։ Նա զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ ես՝ 1-ին։ Նրան բնակարան ու վաստակավոր արտիստի կոչում տվեցին 18 տարեկանում, իսկ ես միայն 56 տարեկանում ստացա, և ինձ ամեն անգամ երեսով էին տալիս, որ շնորհակալ լինեմ»։

Տիկին Յուզբաշյանը վստահեցնում է՝ եթե ժամանակը հետ տար ու նորից որոշում կայացնելու հնարավորություն ունենար, առանց երկմտելու նույնը կաներ. «Ինձնից շատերն են նեղացել, երես թեքել, նույնսիկ Ռիտա Սարգսյանն է որոշ բաներ ասել իմ հասցեին, բայց ես դրանց ուշադրություն չեմ դարձնում։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկը դա արել է PR-ի համար, բայց դա ինձ պետք չէր։ Ես պարզապես ուզում էի արտահայտել իմ բողոքն ու այլ տարբերակ չգտա։ Անգամ չգիտեմ՝ ինչ անեմ այդ շքանշանի  ու պատվոգրի հետ, ինչպես վերադարձնեմ։ Այդ կոչումն այնքան է արժեզրկվել, որ ով ասես, չի ստանում․ նրանք անգամ մշակույթի հետ աղերսներ չունեն։ Ես կոչ եմ անում ուղղակի  վերացնել կոչումներ տալու այդ ավանդույթը»։

Իսկ հիմա մոտեցանք դրամատիկ հանգուցալուծմանը։ Մեր պաշտոնական հարցման մեջ մենք միայն մեկ հարց էինք տվել՝ ս․թ․ ապրիլի 1-ից առ այսօր քանի՞ հոգի է դիմել վաստակավոր ու/կամ ժողովրդական արտիստի կոչումից հրաժարվելու պահանջով։ Նախագահի աշխատակազմից ստացված պատասխանը պարզ էր, լակոնիկ ու միանշանակ՝ ոչ ոք։

 

Հետևություններն ու դատողությունները թողնում ենք ընթերցողին, առավել ևս, որ ունենք 4 անվանի մարդ, որոնցից յուրանքանչյուրն ուրույն իրավիճակ ունի և որոնցից յուրաքանչյուրի պատասխանն ամիսներ անց տարբերվում էր։ Ամեն դեպքում, կարելի է արձանագրել մի աներկբա փաստ՝ նրանցից ոչ մեկը չի դադարում հանդիսանալ վաստակավոր արտիստի կոչում կրող։

Հետգրության փոխարեն․ օդում կախված խոսակցությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանի օրոք նման կոչումների շնորհումը միայն ինչ-որ մեդալ ու սերտիֆիկատ հանձնել չէր ենթադրում։ Տարբեր մարդիկ, որոնք արժանացել են այս կոչմանը, նաև տարատեսած ընծաներ ու առավելություններ են ստացել՝ բնակարաններ, մեքենաներ, համերգների համար առաջին պահանջով հատկացվող դահլիճներ և այլն»,-գրում է Blognews.am։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.