▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռոբին Գուդները». Ֆելոն ու Դելոն հանդես կգան նոր բարեգործական նախագծով

Միջնադարյան անգլիական ազգային բալլադների հանրահայտ հերոս «Ռոբին Հուդին» փոխարինելու են գալիս հայ «Ռոբին Հուդները»՝ Ֆելիքս Խաչատրյանը (Ֆելո) և Վահագն Ստեփանյանը (Դելո):

Ի տարբերություն Ռուբին Հուդի՝ մերօրյա հերոսները չե՛ն թալանում հարուստներին և ավարը հանձնում աղքատներին. «Ռոբին Գուդները» բարեգործություն անելու ավելի ազնիվ և պոզիտիվ ուղղվածություն են որդեգրել:

Ֆելոն և Դելոն այցելում են Հայաստանի մարզերի և Արցախի սահմանամերձ գյուղերի անբարեկարգ դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային օջախներ՝ փորձելով իրենց հատուկ հումորով վերհանել առկա խնդիրները և գտնել դրանց լուծումներ տալուն պատրաստ բարեգործների:

 

 

VNews.am-ի հետ զրույցում ամերիկաբնակ Դելոն նշել է, որ Հայաստան՝ իր եռամսյա այցի ընթացքում նպատակ է ունեցել հանդես գալ ինչ-որ հետաքրքիր նախագծով, և Ֆելիքս Խաչատրյանի հետ քննարկումների արդյունքում զարգացրել են վերջինիս վաղուց առաջացած գաղափարը, ինչի արդյունքում շուտով հանդիսատեսի դատին կհանձնեն «Ռոբին Գուդները». Նախագծի անունը առաջարկել է Ֆելոն, իսկ Դելոն անմիջապես համաձայնել է:

«Միանգամից ընդունեցի անվան առաջարկը, որովհետև Ռոբին Հուդը ինքնին բարի պերսոնաժ է, օգնել է կարիքավորներին: Ճիշտ է՝ Ռոբին Հուդը մի փոքր այլ ասոցիացիաներ է առաջացնում. հարուստներից վերցնում, տալիս էր աղքատներին, իսկ մենք  ուզում ենք մատնացույց անել կարիքավոր մարդկանց, թո՛ղ հարուստները որոշեն՝ իրենք ում և ինչով կցանկանային օգնել: Ուզում ենք, որ այս ամենը արվի դրական, կիսահումորային շոուի միջոցով, որովհետև առանց այդ էլ դարդը շատ է»,-նշել է Դելոն:

 

 

 

Վերջինը շեշտել է, որ իր կողմից իրականացված պրոդյուսերական աշխատանքների արդյունքում իրեն հաջողվել է գտնել հովանավորների, առանց որոնց նախագիծը չէր կայանա:  

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վիվառո ընկերությանը, որը հավատաց մեզ և աջակցեց որպես ինֆորմացիոն և գլխավոր հովանավոր: Շնորհակալ ենք նաև Ռոյալ Արմենիա» և  Teach For Armenia ընկերություններին, որոնք դրամական օգնություն են հատկացրել մարզերի 9 դպրոցների»,-եզրափակեց Դելոն:

Այսպիսով, տղաների նախաձեռնած հումորային և բարեգործական նախագիծը, որը, թերևս, շարունակական բնույթ կկրի, կմեկնարկի մարտ ամսից. առաջին սեզոնը, որը բաղկացած է 9 սերիայից, կտևի երեք ամիս:

Հաղորդումը կցուցադրվի Վիվառո ընկերության նոր VNews Entertainment ժամանցային հարթակով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին