▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ գրականությունը հզոր է քաղաքականությունից

Հրատարակչություն էի գնացել՝ Հայաստանում իր տեսակի մեջ եզակի գրքերի հետ ծանոթանալու:

 

 

Պատին կախված Արշիլ Գորկու «Նկարիչը և նրա մայրը» նկարը գրավեց ուշադրությունս, երևի էլի երկար կզմայլվեի, երբ տնօրեն Վահագն Իսոյանը միջամտեց.

 -Արշիլ Գորկի:

-Գիտեմ,-ժպտացի:

-Նկարիչ Վլադիմիր Սահակյանի ձեռքի գործն է: Նկարի պատմությունը գիտե՞ք,- առանց պատասխանի սպասելու շարունակեց.- Գորկու դիմանկարներում և մասնավորապես այս մեկում ակնհայտ է դեպի աբստրակցիա ուղղվածությունը: Նա ամեն կերպ փորձել է խուսափել ձեռքերը պատկերելուց: Նա չի կարողացել մոր ձեռքերը «բաց» պատկերել, քանի որ նրանց մեջ էր խտացրել ապրված օրերի ողջ ցավն ու տանջանքները: Որպեսզի ծածկի տանջանքները, Գորկին օգնության է դիմել աբստրակտ ձևերին:

 Մոռացած դեպի հրատարակչություն այցս, մի քիչ տարված Գորկիով, բռնվում ենք զրույցի.

-Ինչպե՞ս ստացվեց, որ ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ավարտած Վահագն Իսոյանը  քաղաքականությամբ  չի հետաքրքրվում և իրեն նվիրել է գրքերի աշխարհին:

-       -Ուսանողական տարիներին պարբերաբար այցելում էի հորս, գրականագետ Ալբերտ Իսոյանին, ով 1991 թվականին հիմնել է «Հայագիտակ»  հրատարակչությունը, անընդհատ այցերիս ընթացքում տեսնելով,  թե ինչ հայանպաստ գործունեությամբ է զբաղվում հայրս, տարվեցի դրանով, և գրականության աշխարհն ինձ կլանեց:

Հայրս, լինելով իսկական գրքասեր, կարելի է ասել ողջ կյանքը  նվիրել է գրքին, և տարիներ շարունակ ուսումնասիրել, հավաքել է տարբեր նյութեր, հղացել է բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ՝ ստեղծելու, կյանքի կոչելու գրքերի յուրահատուկ ժողովածուներ: Նա իրեն ողջ կյանքում  համարել է ընթերցող: 21 տարի «Գրքերի աշխարհ» թերթի խմբագրությունում աշխատելու տարիներին հայրս հավաքել էր մեծ քանակությամբ նյութ՝ հայ ժողովրդի պատմության  ամենաողբերգական  իրադարձությունների վերաբերյալ նշանավոր օտարերկրացիների հոդվածներ, ելույթներ, զեկուցագրեր… որ հետագայում դարձավ «Սև գիրք» ժողովածուն: «Սև գիրք»-ը հրատարակելու գաղափարը նպատակային էր, որպես հակադրում թուրքերի «Սպիտակ գրքի», որը ցեղասպանության հերքման մասին է:

Գիրքը լույս է տեսել չորս լեզուներով և աշխարհին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայերի ցեղասպանության  պատմությանը նշանավոր օտարերկրացիների ՛՛բերանով՛՛:
Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև թուրք մտավորական, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըպ Զարաքօլուն:
Նրան նվիրեցինք գրքի թուրքերեն թարգմանության 100 օրինակ, ինքն էլ իր հերթին խոստացավ  գրքերը տարածել Թուրքիայում:

 Վահագնը պատմում է, իսկ ուշադրությունս  գրադարակում շարված քարե կազմով գրքերն են:  

Ո՞ւմ մտահղացումն էր, որ գրքերի կազմը պատրաստել քարից:

-Հայրս իր առաջ նպատակ էր դրել ոչ միայն զբաղվել սովորական հրատարակչությամբ, այլ տպագրել հայ մեծերի ստեղծագործությունները՝ գրքերին տալով նաև յուրահատուկ ոճ: Գիրքն աշխարհին ներկայանալի դարձնելու համար որոշվեց, որ կազմը պետք է լինի հենց Հայկական լեռնաշխարհի քարերով (սկզբնական շրջանում հիմնականում վանակատ /օբսիդիան/): Այդպես, 1997թվականին ստեղծվեց առաջին վանակատ քարե կազմով գիրքը՝ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն:

Հետագայում  սկսեցինք օգտագործել հայկական օնիքս, իսկ ավելի ուշ  նաև այլ երկրներից ներմուծված մարմար և ագաթ:

- Ամենամեծ պահանջարկը ո՞ր գրքերն ունեն ձեզ մոտ:


-Հորս`Ալբերտ Իսոյանի  կազմած «Սև գիրք»-ը, որը ներկայացրի քիչ առաջ, նրա հեղինակած  «Երկիր դրախտավայր»-ը, որն իր մեջ ամփոփում է  մոտ երեք հարյուր նշանավոր հեղինակների բնութագրումներ  հայերի և Հայաստանի մասին, Հովհաննես Թումանյանի ընտրանին, որ հայրս կազմել է Հրանտ Մաթևոսյանի հետ միասին, Չարենցի «Վերջին խոսք», ինչպես նաև Վահան Տերյանի ընտրանին և էլի մի շարք գրքեր: 

-Որտե՞ղից  կարելի է ձեռք բերել ձեր գրքերը:

- Հայագիտակ հրատարակչությունից և Երևանի մի շարք գրախանութներից:

Խոսակցությունը դեռ կերկարեր, եթե ներս չմտներ հերթական պատվիրատուն, ու Վահագնը չբռնվեր նրա հետ զրույցի….
Իսկ ես, ….  գրքերի թերթերի թարմ բույրը խառնելով Հայկական լեռնաշխարհի քարերի բույրին, քայլերս ուղղեցի դեպի դուրս….

 Արմինե Մելքոնյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին